Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 16-ին «ՏաԹեւեր» ճոպանուղին նշելու է գործարկման 16-ամյակը։
«ՏաԹեւեր»-ը հինգերորդ անգամ առաջադրվել է World Travel Awards միջազգային մրցանակի՝ World’s Leading Cable Car Ride՝ «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում։
Նախորդ չորս առաջադրումներն ավարտվել են հաղթանակով․ «ՏաԹեւեր»-ը World Travel Awards-ի մրցանակին արժանացել է 2021, 2023, 2024 եւ 2025 թվականներին։
2026 թվականին «ՏաԹեւեր»-ը մրցակցում է Բրազիլիայի, Վիետնամի, Նոր Զելանդիայի եւ ՀԱՀ-ի ճոպանուղիների հետ։
Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնած «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում ստեղծված ճոպանուղին գործարկվել է 2010 թվականին եւ գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաերկար՝ 5752 մետր երկարությամբ հետադարձելի ճոպանուղի։ 16 տարի անց այն շարունակում է Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից այցելուներին հասցնել Տաթեւ՝ դեպի Հայաստանի կարեւորագույն պատմամշակութային կենտրոններից Տաթեւի վանական համալիր։
16 տարվա ընթացքում նախագիծը զգալի ազդեցություն է ունեցել նաեւ տարածաշրջանի զբոսաշրջային զարգացման վրա․ Սյունիքում զբոսաշրջային հոսքն աճել է 17 անգամ, մասնավոր ներդրումների ծավալը՝ 11 անգամ, իսկ Տաթեւում, Գորիսում եւ հարակից համայնքներում բացվել է շուրջ 40 նոր հյուրատուն։ Ճոպանուղու գործարկումից ի վեր «ՏաԹեւեր»-ից օգտվել է շուրջ 1,6 միլիոն ուղեւոր։
Հայաստանի բնակիչներն ու արտասահմանցի այցելուները կարող են միանալ «ՏաԹեւեր»-ին եւ աջակցել նախագծին՝ օգնելով այն հասցնել հինգերորդ հաղթանակին։
Քվեարկելու համար անհրաժեշտ է՝
• անցնել մրցանակաբաշխության պաշտոնական կայքի հղումով,
• գրանցվել էլեկտրոնային փոստով,
• հաստատել ստացված էլ. հաղորդագրությունը,
• սեղմել Start Voting կոճակը,
• ընտրել World բաժինը,
• ընտրել 63-րդ տողը՝ World’s Leading Cable Car Ride 2026,
• քվեարկել Wings of Tatev, Armenia-ի օգտին։
Քվեարկությունը կշարունակվի մինչեւ 2026 թ. հոկտեմբերի 30-ը։
Leave a Reply