Սահադաշտում հնչում է Աբել Կորժենյովսկու «Dance for Me Wallis» ստեղծագործությունը։ Հաջորդ «ելույթն» առանց ծրագրված քայլերի ու էլեմենտների է։ Սառույցի ու երազանքի եզրին 80 տարեկան տիկին Արշալույսն է։ Նրան ուղեկցում են Երեւանի գեղասահքի դպրոցի մարզիչները՝ ընկեր Ալինան եւ ընկեր Գեղամը։ Նրանց օգնությամբ Արշալույս Պետրոսյանը հագնում է չմուշկները։ Սկզբում դրանք ճնշում են ոտքերը, նա մի քանի րոպե քայլում է ռետինե հատակի վրա, հետո, երբ չմուշկներն արդեն բարձրակրունկներ են թվում, որոշում է սահադաշտ մտնել։
Արդեն սառույցի վրա նա ոտքերի ամրությունն է ստուգում, հետո սկսում է փոքր քայլեր անել՝ մարզիչների ու պատնեշի օգնությամբ։ Ի վերջո, վստահությունն այնքան է մեծանում, որ որոշում են սահադաշտի «խորքը» գնալ։ Այստեղ նա բաց է թողնում մարզիչների ձեռքերը եւ մի քանի վայրկյան ինքնուրույն կանգնում սառույցի վրա։
Մեդիամաքսը ներկա է եղել Արշալույս Պետրոսյանի երազանքի իրականացմանը եւ նրա հետ զրուցել կյանքի նոր շրջանի, նոր հետաքրքրությունների ու տարիների երազանքի մասին։
«Ոտքերս ինձ տարան դեպի այգի»
47 տարի դպրոցում մաթեմատիկա եմ դասավանդել։ Արդեն 11 տարի չեմ աշխատում ու երբ նոր էի դուրս եկել աշխատանքից, տեղս չէի գտնում։ Այդ փոփոխությունն ինձ համար հոգեբանորեն ծանր էր, տարիներ շարունակ ամեն առավոտ արթնանում էի, պատրաստվում, որ աշխատանքի գնամ ու մեկ էլ՝ չգիտեմ, թե ուր պիտի գնամ կամ ինչ անեմ։ Անգործությունից նաեւ առողջական խնդիրներ էին առաջացել։
Արշալույս Պետրոսյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Մի առավոտ աղբատարը եկել էր ու չէի հասցրել աղբն իջեցնել։ Քայլելով հասա մինչեւ Հաղթանակի զբոսայգի, որտեղ աղբաման կար։ Հետո ոտքերս տարան դեպի այգի, լճի ափով մի պտույտ արեցի ու տուն վերադարձա։ Զբոսանքից հետո այնքան լավ զգացի, որ սկսեցի հաճախ այգի գնալ։ Հետո ընկերուհիներ ձեռք բերեցի ու ամեն առավոտ, աշխատանքի նման, գնում էի քայլելու։ Սկսեցինք վայր փնտրել, որտեղ կարող էինք մարզչի հետ մարզվել։ Գտանք այդպիսի մի կենտրոն ու արդեն 10 տարի է՝ շաբաթը երեք անգամ մարզվում ենք։
Անցյալ տարի այս օրերին քայլքից վերադարձա ու հեռուստացույցով տեսա «Ձեռքդ տուր» կենտրոնի մասին հաղորդումը։ Պատմում էին, որ այն մեծահասակների համար է։ Որդուս կնոջը խնդրեցի գտնել կենտրոնը։ Զանգեցի հիմնադիր Մարիամ Հակոբյանին, պարզվեց՝ շատ զբաղված են այդ օրերին, ասաց՝ «կլինի՞ մի քանի օր հետո գաք»։
Կենտրոն գնացի ու այնտեղ հանդիպեցի Մարիամին, ասաց՝ նոր խումբ պիտի ստեղծենք, ես էլ ասացի՝ «դե, ես եկել եմ, ստեղծեք»։
Արշալույս Պետրոսյանն ու Մարիամ Հակոբյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Այստեղ նոր հմտություններ սովորեցի, անգլերենս լավացրեցի։ Կենտրոնում սկսեցի նաեւ հեծանիվ վարել, թենիս խաղալ, պարել, նկարել։ Ինչքան հիշում եմ, միայն երեխա ժամանակ էի նկարել, հետո էլ մի քիչ՝ երեխաներիս ու թոռնիկներիս հետ։ Իսկ հիմա բացահայտեցի, որ կարող եմ յուղաներկով ու գուաշով աշխատել։ 80-ամյակիս առաջ գնացել էի Գերմանիա՝ երեխաներիս մոտ։ Այնտեղից մեքենայով ճամփորդեցինք Շվեյցարիայով ու Իտալիայով։ Վերադարձից հետո որոշեցի տպավորություններս հանձնել կտավին ու նկարեցի Ալպերը՝ դրանց ֆոնին երեւացող սոճիներն ու ժայռերը։
«Սա իսկական թռիչք էր՝ սառույցի վրայով»
Կենտրոնում մի օր հարցազրույց էինք տալիս։ Վերջում հարցրին՝ «իսկ կա՞ անկատար մնացած երազանք»։ Ասացի՝ «վա՜յ, գեղասահք շատ եմ սիրել»։ Հարցրին՝ կուզեի՞ սահել, ասացի՝ այո։ Մի քանի օր անց Մարիամը զանգեց, ասաց, որ արդեն պայմանավորվել է, պիտի գնանք Գեղասահքի դպրոց։ Անհանգստացա, չէի պատկերացնում, որ այդքան արագ կկազմակերպեն։ Մտածում էի՝ դե, երեւի ապագայում կլինի, ինչ-որ մի օր։
Արշալույս Պետրոսյանը` սահադաշտ մտնելուց րոպեներ առաջ
Լուսանկարը` Մեդիամաքս
Տղաներս Հայաստանում չեն բնակվում, բայց կապը շատ ամուր է, ամեն երեկո խոսում ենք, իրար պատմում՝ ինչպիսի օր ենք ունեցել։ Երբ մեծ տղաս իմացավ, ասաց՝ «մամա ջան, դա շատ վտանգավոր է»։ Ինքը մոտոցիկլետ ունի, երբ հյուր էի գնացել, ինձ պաշտպանիչ հանդերձանք տվեց ու շրջեցինք։ Ասաց՝ «քեզ մոտո նստացրել եմ, նետաձգություն արել ենք, էդ մեկը մի արա, խնդրում եմ, մենք կողքդ չենք, բա որ մի բան պատահի»։ Ասացի՝ «բալիկ ջան, ախր Մարիամը պայմանավորվել է»։ Ինձ մոտ էլ տագնապ կար, բայց մտածում էի՝ դեռ ժամանակ կա։ Իսկ որ օրը մոտեցավ, սիրտս արագ էր աշխատում։ Անվերջ վատ կանխազգացում ունեի, ասում էի՝ եթե մի վատ բան լինի, երեխաներիս ձեռքից չեմ պրծնի։ Գիշերը չէի կարողանում քնել։ Առավոտյան վեցին էի արթնացել, թվում էր՝ վատառողջ եմ, մտածում էի՝ զանգեմ, ներողություն խնդրեմ, ասեմ, որ լավ չեմ զգում։
Հուզմունքով եկա Գեղասահքի դպրոց, բայց քանի որ արդեն այստեղ էի, հետ գնալ չկար, մտածում էի՝ ձեռքերս կբռնեն ու միայն մի քանի վայրկյան կկանգնեմ սառույցի վրա, տղայիս էլ այդպես էի խոստացել։ Եվ կատարվեց իմ երազանքը։ Սա իսկական թռիչք էր՝ սառույցի վրայով։ Մինչեւ հիմա, կարծես, զգում եմ սառույցը։
Արշալույս Պետրոսյանն ու Գեղամ Վարդանյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Էկրանից նայելն, իհարկե, ուրիշ զգացողություն է՝ այդ գեղեցկությունը, հագուստները, երաժշտությունը, որ տրամադրություն է փոխում, հուզում, հանդիսատեսը, որ ոգեւորում է գեղասահորդներին։ Իսկ սառույցի վրա ամեն ինչ բնական էր, այդպես էլ պիտի լիներ առաջին անգամ ոտք դնողի համար։ Երբ էկրանից ես նայում, ամեն շարժումից լարվում ես՝ «վայ, հիմա այսպես կլինի, վայ, հանկարծ ընկավ»։ Շատ էլեմենտների անուններ անգիր գիտեմ, սիրում եմ, երբ գեղասահորդը նետում է զուգընկերուհուն, նա օդում պտույտներ է անում ու մեկ ոտքի վրա իջնում սառույցին։ Երկու պտույտով նետումներ շատ էի տեսել, բայց երբ վերջերս առաջին անգամ տեսա չորս պտույտով նետում, խենթացել էի։ Եթե համար բեմադրելու հնարավորություն ունենայի, այս էլեմենտն, անպայման, կօգտագործեի (ծիծաղում է-հեղ․), երաժշտությունն էլ դասական կընտրեի, Ֆրանց Լիստ եմ սիրում, Ֆրեդերիկ Շոպեն։
Լուսանկարը` Մեդիամաքս
Սառույցի վրա հիշեցի, որ փոքր ժամանակ, երբ ցուրտ ու ձյունառատ ձմեռներ էին լինում, եղբայրներս սահում էին չմուշկներով, ես էլ անընդհատ ուզում էի փորձել, ասում էին՝ չես կարող։ Մի անգամ հագցրին չմուշկներն ու օգնեցին, որ սառույցին կանգնեմ։ Հետո, երբ ապագա ամուսնուս հետ էի հանդիպում, ինքն ու եղբայրը մարզիկներ էին, Կրկեսի կողքի հեծանվահրապարակում ձմեռները սառցադաշտ էին սարքում, իրենք շատ լավ էին սահում, ինձ էլ իրենց հետ տանում էին, բայց չէի սահում, փոխարենը դահուկներով եմ շատ սահել։
Արշալույս Պետրոսյանն ու Գեղամ Վարդանյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Մարզչի հետ էլ միանգամից ընտելացա ու վստահեցի։ Նրա անունը Գեղամ է, ինչպես եղբորս անունը, իսկ եղբայրս փոքր հասակից միշտ նեցուկ է եղել ինձ։ Երբ մարզչի անունն իմացա, մտովի նրան վստահեցի՝ ինչպես եղբորս։ Անունը շատ օգնեց, բայց ինքն էլ անչափ հաճելի երիտասարդ է։
«Տիկին Արշալույսը հաղթահարեց խոչընդոտը»
Գեղամ Վարդանյան, Երեւանի գեղասահքի դպրոցի մարզիչ, նախկին գեղասահորդ
Տիկին Արշալույսին մարզելը ինձ համար անձնական ռեկորդ է։ Ես նրան գեղասահորդ եմ ասում, որովհետեւ իսկապես արժանի է այդ կոչմանը։ Սառույցին կանգնելը մեծ ռիսկ է անգամ՝ երիտասարդների համար, շատերը վերջին պահին հրաժարվում են։
Երիտասարդներ կան, որ գալիս են ու սառույցի վրա փլվում են, չեն կարողանում իրենց պահել, բայց տիկին Արշալույսը դժվարությունը հաղթահարեց։
Գեղամ Վարդանյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Ինքս էլ անհանգստանում էի, բայց բավական լավ ստացվեց։ Կարծում եմ՝ միայնակ էլ կարող էր փորձել, որովհետեւ ոտքերն ամուր են։ Կողմ եմ, որ կանոնավոր այցելի սահադաշտ։ Իրեն առաջարկեցի նոյեմբերին մասնակցել մեր մրցումներին, որոշ անվանակարգերում տարիքային սահմանափակում չունենք (ծիծաղում է-հեղ.)։
Սա Հայաստանի համար ռեկորդային տարիք է։ Կանոնավոր գալու դեպքում մարզավիճակն ավելի կլավանա, ցանկալի արդյունքն այն է, որ ձեռքերը կողք բացած, փոքր քայլերով սահի։
«Նման տարիքի այցելու երբեւէ չենք ունեցել»
Սիրանույշ Սուքիասյան, Երեւանի գեղասահքի դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն
Երբ Մարիամը զանգեց եւ առաջարկեց միասին «Ձեռքդ տուր» կենտրոնի 80-ամյա շահառուի երազանքն իրականացնել, իհարկե, համաձայնեցի, բայց նաեւ մի փոքր անհանգստացա, հարցրեցի՝ արդյո՞ք տարիքից ելնելով առողջական խնդիրներ, սահմանափակումներ կամ վախեր չկան։ Մարզաձեւն ինքնին տրավմատիկ է, հատկապես առաջին անգամ չմուշկների վրա կանգնողների համար։ Բայց պատասխանները ստանալուց հետո սիրով ընդունեցինք առաջարկը։
Սիրանույշ Սուքիասյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Նման տարիքի այցելու երբեւէ չենք ունեցել։ Սա լավ նախադեպ է եւ առիթ հիշեցնելու, որ մեր մարզադպրոցը միայն երեխաների կամ պրոֆեսիոնալների համար չէ, այն տարվա 12 ամիսներին բաց է բոլորի առաջ։ Մեզ համար սա շատ հաճելի ու հուզիչ փորձ էր, պատրաստ ենք ընդունել բոլոր երազանքների կատարման առաջարկները։
«Հիմա ես ինքս կքաջալերեմ բոլորին»
Տիկին Արշալույսը մեր զրույցն այս խոսքերով է ավարտում.
Կյանքում դժվարություններ շատ եմ ունեցել, բայց աշխատել եմ շուտ թոթափել, դեպրեսիա բառն ընդհանրապես չեմ ընդունում։ Եթե դպրոցում իմ աշխատանքը չլիներ, երեւի այսպիսին չէի լինի, երեխաների հետ կապն անվերջ քեզ պատրաստի վիճակում է պահում։ Որդիներս էլ ինձ միշտ ուժ են տվել, ամուսինս վաղ է մահացել, նրանց միայնակ եմ ոտքի կանգնեցրել։ Անչափ շնորհակալ եմ Աստծուն ու որդիներիս, որ այսօր այս վիճակում եմ։
Արշալույս Պետրոսյանն ու մարզիչները
Լուսանկարը` Մեդիամաքս
Սառույցի վրա մի քանի վայրկյան կանգնելու մասին էի երազում, բայց ավելին արեցի։ Եթե տարիներ առաջ 80-ամյա մեկն ինձ պատմեր այսպիսի երազանքի մասին, կասեի՝ խենթ է, տարիքն ազդել է ուղեղի վրա։ Փաստորեն, իմ մասին էլ այդպես կմտածեն (ծիծաղում է-հեղ.)։ Հիմա ինքս կքաջալերեմ բոլորին։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարդացեք նաեւ.
Տիկին Անթառամի գետնին չթողած երազանքներն ու «Ձեռքդ տուր»-ի գույները
«Տղաս է այդպես ուզում». պատերազմում զոհված Սիմոնի մայրը ձեռք է մեկնում կյանքին
Leave a Reply