Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած, հանցագործության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի մասին խոսքերին․ դրանք պնդել են, թե նա ակնարկել է վերջինիս Բաքվին հանձնելու մասին։
Մասնավորապես, Փաշինյանի՝ մոլորված զինվորներին առանց նախապայմանների վերադարձնելու կողմերի պայմանավորվածության մասին խոսքերը ներկայացվել են այնպես, որ այդ սկզբունքը վերաբերելի է նաև ՀՀ-ում քրեական վարույթներով անցնող ադրբեջանցի զինածառայողին։
Փաշինյանի խոսքը համատեքստից կտրելով նման պնդումներ են արել մի շարք ԶԼՄ-ներ (Yerevan{.}Today, Aysor{.}am, 24news{.}am)։
Սրան զուգահեռ, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը ևս պնդել է, թե Փաշինյանը «անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ»։
«Փաստերի ստուգման հարթակը» համադրել է թեմայի վերաբերյալ Փաշինյանի ուղիղ խոսքը ԶԼՄ-ների ու սոցիալական մեդիայում պնդումների հետ ու պարզել, որ վերջիններիս լուսաբանումը մանիպուլյատիվ է։
Ի՞նչ սկզբունքի մասին էր խոսում Փաշինյանը
Այսպես, զրուցավարի հարցին, թե արդյո՞ք քննարկվում է Մուսաևին Բաքվում պահվող հայ գերիների հետ փոխանակելու հարցը, Փաշինյանը պատասխանում է, որ դրանք «տարբեր թեմաներ են» և հիշեցնում նախկինում ձեռք բերված պայմանավորվածության մասին․
«Դրանք տարբեր թեմաներ են, որովհետև նախկինում էլ այսպիսի իրավիճակներ եղել են, որովհետև այդպիսի դեպքեր, որ զինվորներ այս կողմ, այն կողմ անցնում են, մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից», — ասել է Փաշինյանը։
Այնուհետև նա բացատրում է այդ սկզբունքի տրամաբանությունը. եթե սահմանը հատած յուրաքանչյուր զինվորի վերադարձի դիմաց մյուս կողմից գերի պահանջվի, նույն պայմանը կարող է հետագայում կիրառվել նաև Հայաստանի նկատմամբ։
«Ենթադրենք, ասենք՝ գերիներից մեզ տվեք, որ այս զինվորին տանք։ Վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք մենք տալու», — ասել է Փաշինյանը։
Այսինքն, խոսքը սահմանը հատած, այդ թվում՝ մոլորված և հանցագործություն չկատարած զինծառայողների վերադարձի ընդհանուր մեխանիզմի մասին է։
Մուսաևի դեպքը Փաշինյանը հենց ինքն է առանձնացնում
Հարցազրույցում լրագրողը Փաշինյանի ուշադրությունը հրավիրում է հենց այդ տարբերության վրա՝ նշելով, որ Շաքիի դեպքը սովորական սահմանահատում չէ, քանի որ զինծառայողը նաև ենթադրյալ հանցագործություն է կատարել։
Փաշինյանը համաձայնում է, որ այստեղ հարցադրումն այլ է՝ ասելով, որ հանցագործություն կատարելու դեպքում զինծառայողը պետք է դատապարտվի։
Ավելին, երբ խոսքը հասնում է Մուսաևի նկատմամբ Հայաստանում հարուցված քրեական գործին, Փաշինյանը հայտարարում է, որ իրավական գործընթացը տեղի է ունենալու Հայաստանում, զինծառայողը կալանքի տակ է և «առնվազն ինչ-որ ժամանակ» մնալու է Հայաստանում։
Փաստացի, Փաշինյանը հստակ տարանջատում է երկու թեմաները․ զինվորների վերադարձի մասին խոսելիս ներկայացնում է սկզբունքը և ոչ թե Շաքիի կոնկրետ դեպքի վերաբերյալ որոշումը։
Եզրակացություն
Այսպիսով, մամուլը, ինչպես նաև «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը Փաշինյանի նկարագրած ընդհանուր մեխանիզմի հիման վրա անում է մանիպուլյատիվ եզրակացություն։
Նրա ասածից հաստատվում է, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև կա սահմանը հատած զինվորների վերադարձը գերիների խնդրից առանձնացնելու որոշակի սկզբունք։ Միևնույն ժամանակ նաև բացատրում է դրա պատճառը՝ եթե մոլորված և որևէ հանցագործություն չկատարած ադրբեջանցի զինվորին վերադարձնելու դիմաց Հայաստանը գերի պահանջի, ապա հետագայում Ադրբեջանը կարող է նույն նախապայմանը դնել այնտեղ հայտնված հայ զինվորի վերադարձի համար։
Սակայն, դրանից չի հետևում, որ նույն մեխանիզմն արդեն որոշվել է կիրառել Մուսաևի նկատմամբ․ ընդհակառակը, հարցազրույցում Փաշինյանը երկու իրավիճակները տարբերակում է։ Մի դեպքում խոսքը սահմանը հատած և հանցագործություն չկատարած զինվորի վերադարձի մասին է, մյուս դեպքում՝ Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող անձի, որը մեղադրվում է ՀՀ քաղաքացուն վնաս պատճառելու մեջ։
Ուստի Փաշինյանի խոսքից հնարավոր չէ որպես փաստ եզրակացնել, որ կա մտադրություն կամ որոշում Մուսաևին հանձնել Ադրբեջանին, կամ էլ որ որոշվել է նրան հանձնել առանց հայ գերիների հետ փոխանակման։
Փաշինյանի հրապարակային հայտարարությունից այս պահին հաստատվում է մեկ այլ բան՝ Մուսաևի նկատմամբ քրեական գործընթացն իրականացվում է Հայաստանում, նա կալանքի տակ է և «առնվազն որոշ ժամանակ» մնալու է ՀՀ-ում։
Նանե Մանասյան
Leave a Reply