Ներկայացնում ենք The Nation պարբերականում հրապարակված Revolution or No Revolution հոդվածի հայերեն թարգմանությունը: Հոդվածի հեղինակը պատմաբան, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Պիետրո Ա. Շաքարյանն է:
Պիետրո Ա. Շաքարյան
2026 թվականի սեպտեմբերին լրացավ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման երրորդ տարելիցը։ Հայ հասարակության համար շուրջ 150 000 բնիկ հայերի տեղահանությունն արդեն իսկ բավական ցավալի էր։ Սակայն սեպտեմբերի սկզբին արեւմտյան մի շարք դիվանագետներ ավելի սրեցին իրավիճակը՝ մասնակցելով Բաքվի կազմակերպված այցին էթնիկ զտման ենթարկված Արցախ։ Այցելուների թվում էին ԵՄ բարձրաստիճան դիվանագետներ եւ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Բաքվում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Կարլոնը։ Մինչ արեւմտյան որոշ դիվանագետներ պարում էին ադրբեջանական երգերի ներքո, մյուսները թեթեւամտորեն ծիծաղում էին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը ցինիկ կատակներ էր անում վտանգված հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ։ Այս սարսափազդու «մահվան պարի» ընթացքում այցելու դիվանագետները, առանց քննադատական մոտեցման, ընդունում էին ադրբեջանական պաշտոնական թեզերը, որոնք պատմական հայկական Գանձասար եւ Դադիվանք վանքերը ներկայացնում են որպես «կովկասյան աղվանական»։
Հայ հասարակության մեջ տիրող վրդովմունքն ակնհայտ էր, սակայն արեւմտյան մայրաքաղաքները արձագանքեցին միայն դիվանագիտական սովորական ընդհանրացումներով։ Քիչ հավանական է, որ արեւմտյան որեւէ կառավարություն լրջորեն փորձի Բաքվին պատասխանատվության ենթարկել նրա կատարած հանցագործությունների կամ նեոֆաշիստական բնույթի ծայրահեղ հռետորաբանության համար։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Ադրբեջանը Իսրայելի եւ Թուրքիայի մերձավոր դաշնակիցն է։ Նրա երկարամյա բռնապետ նախագահ Ալիեւը նախագահ Թրամփի մտերիմ ընկերն է։ Այդ երկրում արեւմտյան շահերը թելադրված են սառը աշխարհաքաղաքական հաշվարկներով։ «Առանց հայերի Լեռնային Ղարաբաղի» հեռանկարը վաղուց գրավում էր ամերիկացի նեոպահպանողականների ուշադրությունը՝ ռազմավարական նշանակություն ունեցող Կովկասում Մոսկվային եւ Թեհրանին «զսպելու», ինչպես նաեւ դեպի Կենտրոնական Ասիա էներգետիկ միջանցք ապահովելու նրանց ձգտման համատեքստում։ Փորձառու դիտորդին դա չպետք է զարմացնի։ Սակայն շատերին զարմացրել է այն հանգամանքը, որ էթնիկ զտումն արժանացել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի կառավարության լուռ հավանությանը՝ որպես երկիրը դեպի Արեւմուտք վերակողմնորոշելու ջանքերի մաս։
Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականի «Թավշյա հեղափոխության» արդյունքում՝ հայ ժողովրդին ավելի արդար եւ հավասար ապագա խոստանալով։ Այդ ժամանակ նա որդեգրել էր Ղարաբաղյան հարցի վերաբերյալ այնպիսի դիրքորոշում, որը ոմանք «կոշտ» էին համարում։ Իրականում Փաշինյանը վաղուց էր Լեռնային Ղարաբաղի բնակչությանը դիտարկում որպես Հայաստանի վրա ծանրացած մի «բեռ», որից հարկավոր էր «ազատվել»՝ երկիրը Մոսկվայից ու Թեհրանից հեռացնելու եւ ՆԱՏՕ-ին մերձեցնելու նպատակով։ 2018 թվականին իր դիրքորոշման կտրուկ փոփոխությամբ Փաշինյանը բացահայտեց իր իրական մտադրությունները 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում, երբ պաշտոնապես ճանաչեց այդ լեռնային տարածաշրջանը որպես Ադրբեջանի մաս՝ հակառակ Ղարաբաղի հայության ժողովրդավարական կամքի։ Տարածաշրջանի ինքնորոշման իրավունքի մերժումը վկայում է այն մասին, որ Փաշինյանը մերժում է նաեւ Ղարաբաղյան շարժման ժողովրդավարական ժառանգությունը, որը ծագել էր Միխայիլ Գորբաչովի «պերեստրոյկայի» շրջանում։ Սա առիթ է ավելի սուր մի հարց առաջ բերելու. արդյո՞ք 2018 թվականի «հեղափոխությունն» իրականում հեղափոխություն էր։
Խորհրդային պետության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ աջակցեց Ղարաբաղի հայությանը՝ Ադրբեջանից անկախանալու նրա պայքարում։ Միաժամանակ, երկիրը տառապում էր այն դասական հիվանդություններից, որոնք բնորոշ էին հետխորհրդային տարածքին «վայրի 90-ականների» «մութ ու ցուրտ տարիներին»։ Կոռումպացված սեփականաշնորհումը, օլիգարխիան, «շոկային թերապիայի» կապիտալիզմն ու ապշեցուցիչ անհավասարությունը սովորական էին դարձել։ Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունը» խոստանում էր շտկել այդ արատավոր երեւույթները։ Սակայն, ինչպես հետխորհրդային շատ այլ «գունավոր հեղափոխությունների» դեպքում, 2018 թվականի իրադարձությունները միայն սրեցին դրանք։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Ինչպես դիպուկ նշել են Վլադիմիր Իշչենկոն եւ Օլեգ Ժուրավլյովը, Հայաստանի օրինակով հետխորհրդային «հեղափոխությունները» լավագույնս կարելի է բնորոշել որպես «թերի հեղափոխություններ», որոնք միայն խորացնում են քաղաքական ներկայացուցչության հետխորհրդային ճգնաժամը։ Իսկապես, հարց է առաջանում՝ արդյո՞ք նման «հեղափոխությունները» կարելի է ընդհանրապես այդպես որակել։ Ի տարբերություն համաշխարհային պատմության դասական հեղափոխությունների՝ ամերիկյան, ֆրանսիական, ռուսական, չինական եւ այլն, Հայաստանում 2018 թվականի իրադարձությունները, ինչպես հետխորհրդային շրջանի մյուս «գունավոր հեղափոխությունները», չնշանավորեցին արմատական խզում կամ փոփոխություն՝ նախորդ իրավիճակի համեմատ։ Դրանք պարզապես նշանավորեցին հին էլիտայի փոխարինումը նորով։
Նախկինում իշխող Հանրապետական կուսակցության՝ որպես «իշխանության կուսակցության» կառույցը պարզապես փոխարինվեց Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կառույցով՝ ուղեկցվելով վարչական ռեսուրսի եւ քաղաքական իշխանության չարաշահման բոլոր հնարավոր դրսեւորումներով։ «Նույնիսկ կառավարության ենթադրյալ «ժողովրդականության» մասին խոսույթն ինքնին ուշադրությունը շեղող կեղծ թեզ է: Այս երկրում իշխանության մեխանիզմները ոչ թե ժողովրդավարական կամքն ու հանրային մասնակցությունն են, այլ ընտրական կեղծիքները, կաշառքն ու ահաբեկումը, որոնք վայելում են արեւմտյան հովանավորչությունը», – ասում է ակտիվիստ Նարե Նավասարդյանը, որը համագործակցում է «Ակն ընդ ական» վավերագրական արվեստագետների խմբի հետ։
Ի տարբերություն համաշխարհային պատմության դասական հեղափոխությունների՝ Հայաստանում 2018 թվականի իրադարձություններին պակասում էր հեղափոխական գաղափարների հստակ ձեւակերպված համակարգը։ Չկային Թոմաս Փեյնի, Ժան-Ժակ Ռուսոյի կամ Վլադիմիր Լենինի նման գործիչներ, որոնք կմշակեին սոցիալական հեղափոխության ծրագիր՝ մի բան, ինչ հայերն ունեցել էին ավելի վաղ շրջանում՝ Միքայել Նալբանդյանի կամ Ստեփան Շահումյանի պես գործիչների շնորհիվ։ Ոչ, այս «հեղափոխությունը» հիմնված էր նեոլիբերալիզմի այն նույն անորոշ թեզերի վրա՝ «կոռուպցիայի» եւ «ազատության» մասին, որոնք շրջանառվում էին նաեւ 2014 թվականին Ուկրաինայում եւ 2003 թվականին՝ Վրաստանում։ Իրականում, 2018 թվականին Երեւանում իշխանության եկած նոր էլիտաներն ավելի ամուր էին կառչած նեոլիբերալիզմի գաղափարախոսությունից, քան հետխորհրդային Հայաստանի որեւէ նախկին կառավարություն։ «Սա դասական իմաստով հեղափոխություն չէ։ Այն տնտեսական համակարգում որեւէ հիմնարար փոփոխություն չի բերել։ Փոխարենը՝ Փաշինյանը ձգտում է հայկական ինքնության ավանդական հենասյուները փոխարինել սպառողական հասարակությամբ՝ համահունչ արմատական նեոլիբերալ եւ գնալով ավելի աջակողմյան դարձող տնտեսական քաղաքականությանը», – ասում է «Ճառագայթ» դեմոկրատական-սոցիալիստական խմբի անդամ Եվա Հակոբյանը։
Ինչպես նախագահ Թրամփը եւ Արգենտինայի ղեկավար Խավիեր Միլեյը, Փաշինյանը եւս օգտագործեց պոպուլիստական խաղաքարտը՝ կիրառելով առաջադիմական հռետորաբանություն՝ հանրությանը մոլորեցնելու եւ խիստ շահագործողական բնույթ կրող մոնետարիստական օրակարգը քողարկելու նպատակով։ Ժողովրդավարացման վերաբերյալ խոստումները իրականացնելու փոխարեն նոր կառավարությունը ձեռնամուխ եղավ երկրի համակարգային ապաժողովրդավարացմանը։
Աղքատության, անհավասարության եւ աշխատանքային իրավունքների խնդիրները շարունակում են ցավալիորեն անտեսված մնալ, մինչդեռ քաղաքական ընդդիմախոսները պարբերաբար ենթարկվում են ճնշումների, հալածանքների եւ հաճախ՝ ազատազրկման։ Դատական համակարգը զուրկ է անկախությունից։ Ընթացքի մեջ է աննախադեպ արշավ՝ Հայ Առաքելական եկեղեցին պետական իշխանությանը ենթարկելու եւ Կաթողիկոս Գարեգին Բ-ին դատելու նպատակով. քայլ, որը հայերի մեծ մասի կողմից ընկալվում է որպես ազգային խայտառակություն։
Չնայած «խաղաղության» մասին խոստումներին՝ երկիրը բախվում է անվտանգային լուրջ սպառնալիքների եւ ագրեսիվ Ադրբեջանի կողմից սողացող տարածքային պահանջների։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
2018 թվականին Փաշինյանն ու նրա թիմը խոստացել էին, որ «հեղափոխությունը» «աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի», եւ որ Հայաստանը կպահպանի Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ իր ավանդական հավասարակշռությունը։ Իրականում, նրանք արագորեն հրաժարվեցին նման հավաստիացումներից եւ երկիրը վերակողմնորոշեցին դեպի ՆԱՏՕ՝ միաժամանակ Արցախի անմեղ բնակչությանը մատնելով Բաքվի թելադրանքին։ Ընթանալով պատմության հոսանքին հակառակ՝ Փաշինյանը, կարծես, հատկապես վճռական է տրամադրված Հայաստանը Եվրամիության կազմում ընդգրկելու հարցում՝ չնայած 27 անդամ ունեցող այդ միավորման առջեւ ծառացած բազմաթիվ ճգնաժամերին։
Հայաստանի կողմից «Արեւելքն ընդդեմ Արեւմուտքի» կեղծ ընտրության որդեգրումը ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Իրանի, ո՛չ Չինաստանի, ո՛չ էլ չափազանց եռանդուն արեւմտյան լրագրողների հնարածը չէ։ Ո՛չ, դա Հայաստանի նոր կոմպրադորային էլիտաների ստեղծածն է, որոնք իրենց դիրքով պարտական են արեւմտյան պատերազմի կողմնակիցների եւ կորպորատիվ պլուտոկրատներին։
Կառավարության վերջին քայլերը միայն ընդգծում են այս իրողությունը։ Հայաստանի Հրազդան քաղաքում գործարկվել է Firebird AI տվյալների մշակման նոր կենտրոն, իսկ երկրի հարավում՝ Իրանի հետ սահմանին, նախագահ Թրամփի առաջարկած TRIPP միջանցքի նախագիծը նախատեսում է երկրի ինքնիշխան տարածքի մի հատվածի հանձնումը ամերիկյան մասնավոր ընկերությանը՝ 49-ից 99 տարի ժամկետով։
Վերջերս հայկական մամուլը բացահայտեց, որ TRIPP-ի հեղինակը Թրամփի համախոհ Արյե Լայթսթոունն է՝ մի անձնավորություն, ով Գազայի հումանիտար հիմնադրամում (Gaza Humanitarian Foundation) իր գործունեության միջոցով անմիջականորեն մեղսակից է Գազայում իրականացվող ցեղասպանությանը։ Այսպիսով, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանին սպառնացող ավանդական վտանգներն այժմ սրվում են Թրամփի վարչակազմի եւ նրա դաշնակիցների կողմից առաջ եկող նոր՝ նեոգաղութատիրական սպառնալիքներով։
Ընդհանուր առմամբ, Փաշինյանի կառավարության գործունեությունը դժվար թե կարելի է «հեղափոխական» համարել, էլ չխոսենք այն «ժողովրդավարական» համարելու մասին։ Իսկապես, Երեւանում հաճախ են ասում, որ այսօր գոյություն ունի երկու Հայաստան՝ իշխող վերնախավի Հայաստանը, որը մշտապես հայտնվում է լուրերի կենտրոնում իր տարատեսակ անիմաստ սկանդալներով, եւ ժողովրդի Հայաստանը, որը պայքարում է պարզապես ծայրը ծայրին հասցնելու համար։ Զարմանալի չէ, որ նույնը կարելի է ասել նաեւ Թրամփի Ամերիկայի մասին։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա էթնիկ զտումների ենթարկված Արցախում նրա դիվանագետների վերջին «պարը» խորհրդանշական դարձավ հենց Արեւմուտքի անկման համար։ Իսկապես, թրամփիզմի դարաշրջանում զարմանալի չի լինի, եթե մի օր տեսնենք, թե ինչպես են արեւմտյան վերնախավերը Արցախից հետո հերթական «մահվան պարը» կատարում Գազայում, Մինաբում կամ Հավանայում։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply