Ազովի ծովում ռուսական ավելի քան 100 նավերի թիրախավորած ուկրաինական հարվածները կաթվածահար են արել Ազովի և Տամանի նավահանգիստների գործունեությունը։ Հենց այս ուղիներով էր արտահանվում միլիոնավոր տոննա ռուսական հացահատիկ։
«ԱգրոԹրենդի» կառավարող գործընկեր Նիկոլայ Լիչովի գնահատմամբ՝ այս երկու նավահանգիստներին բաժին է ընկնում ռուսական հացահատիկի արտահանման 15%-ը և բուսական յուղերի արտասահմանյան մատակարարումների 17-21%-ը։ «Սովէկոնի» վերլուծաբաններն այս մասնաբաժինն էլ ավելի բարձր են գնահատում՝ հացահատիկի և արևածաղկի ձեթի համախառն արտահանման մինչև 25%։ Կերչի նեղուցից այն կողմ գտնվող ոչ խորանիստ նավահանգիստներով առևտուր է իրականացվում Մերձավոր Արևելքի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ, որը գնում է ռուսական հացահատիկի գրեթե յուրաքանչյուր հինգերորդ տոննան։
Անցած շաբաթվա վերջին, Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ, Ռուսաստանի իշխանությունները նավագնացային ընկերություններին տեղեկացրել են Ազովի և Սև ծովերը միացնող Կերչի նեղուցով անցնելու հայտերի ընդունումը դադարեցնելու մասին։ Երեքշաբթի օրը Ռոստովի մարզի տրանսպորտի և գյուղատնտեսության նախարարությունները հայտնել են, որ այլընտրանքային երթուղիներ են փնտրում հացահատիկ արտահանողների համար, որոնց մոտ վերջերս է մեկնարկել բերքահավաքի արշավը։
Բերքահավաքի ուշ մեկնարկի և լոգիստիկ սահմանափակումների պատճառով հուլիսին հացահատիկի արտահանումը նախատեսվածից 20%-ով պակաս կլինի, կանխատեսում են Ագրարային շուկայի հետազոտությունների ինստիտուտի (ИКАР) վերլուծաբանները (2,5 միլիոն տոննայի փոխարեն 2 միլիոն տոննա)։ Ազովի ծովում կաթվածահար եղած արտահանման մի մասը հնարավոր է վերակողմնորոշել դեպի խորանիստ նավահանգիստներ․ դրանք ունակ են ամսական 4-4,5 միլիոն տոննա բեռնել։ Հուլիսին սա բավարար կլինի, նշում է «Սովէկոնի» գլխավոր տնօրեն Անդրեյ Սիզովը, սակայն օգոստոսին՝ արտահանման սեզոնի պիկին, բեռնափոխադրումները հասնում են ամսական 5-6,5 միլիոն տոննայի։
Հացահատիկի արտահանման համակարգը ստիպված կլինեն վերակառուցել «ճանապարհին»՝ այսինքն սեզոնի ամենաթեժ պահին՝ բերքահավաքի ուշացման և վառելիքային ճգնաժամի պայմաններում, իսկ սա «գրեթե անիրականանալի խնդիր է», կարծում է «ԱգրոԹրենդից» Լիչովը․ «Որպեսզի հոսքը գնա նոր երթուղով, անհրաժեշտ է, որ կայարանները, տերմինալներն ու նավահանգիստները պատրաստ լինեն ընդունել այդ ծավալները։ Եթե ինչ-որ տեղ առաջանա «թույլ օղակ» (բեռնաթափման կամ փոխաբեռնման հզորությունների պակաս և այլն), ապա դա կդանդաղեցնի մատակարարման ողջ գործընթացը»։
Լիչովի խոսքով՝ առանց սուբսիդավորման բիզնեսը «չի ձգի» «Ռուսական երկաթուղիների» սակագներն ու «Պլատոն» համակարգի նման լրացուցիչ ծախսերը։ Բացի այդ, դեռ փաստ չէ, որ «Ռուսական երկաթուղիները» կունենա ազատ լրացուցիչ վագոններ, ընդգծում է փորձագետը։
Լոգիստիկայի վերակառուցմամբ ստիպված կլինեն զբաղվել վառելիքի դեֆիցիտի պայմաններում, «Կոմերսանտ» թերթի հետ զրույցում դժգոհել է գյուղատնտեսական ընկերություններից մեկի աղբյուրը։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսները գուցե ստիպված լինեն բերքը կուտակել գծային էլևատորներում (հացահատիկի պահեստարաններում), ինչը կհանգեցնի հացահատիկի ավելցուկի և ներքին շուկայում դրա գների անկմանը։
Leave a Reply