Մարկո Ռուբիո. «Ինչու ենք մենք ուզում լուծարել Միջազգային քրեական դատարանը»

Written by

in

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Substack-ում հոդված է հրապարակել, որտեղ բացատրել է, թե ինչու ԱՄՆ-ը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը և կանի հնարավոր ամեն ինչ այն լուծարելու համար։

 

Մեզանից շատերի համար դժվար կլիներ պատկերացնել մի աշխարհ, որտեղ ամերիկացի զինվորականները, ոստիկանները, սահմանապահ ծառայության աշխատակիցներն ու ընտրված առաջնորդները կարող էին կանգնել ինչ-որ միջազգային դատարանի առաջ, հայտնվել աշխարհի այլ երկրների դատավորների առջև, մեղավոր ճանաչվել միջազգային օրենքներով, որոնց հետ մենք համաձայն չենք և որոնք չենք վերահսկում, իսկ հետո հայտնվել բանտում՝ Ամերիկայից հազարավոր մղոններ հեռու։

 

Այնուամենայնիվ, հենց սա է այժմ հավակնում անել Միջազգային քրեական դատարանը՝ համարելով դա իր լիազորությունը։

 

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ստեղծվել է դարաշրջանների սահմանագծին։ Սկզբում այն ներկայացվում էր որպես նեղ մասնագիտացված դատական ատյան, որը հետապնդում է առանձնապես ծանր հանցագործությունների կատարումը։ Այժմ ՄՔԴ-ն և նրանք, ովքեր աջակցում են դրան, ձգտում են ստեղծել մշտապես գործող համաշխարհային տրիբունալ՝ գրեթե անսահմանափակ ընդգրկումով, որն օժտված կլինի ԱՄՆ-ի և այլ ինքնիշխան պետությունների դատարանների որոշումներն ու Սահմանադրության դրույթները չեղարկելու, ինչպես նաև մեր քաղաքացիներին հետապնդելու և ձերբակալելու լիազորություններով։

 

Ամերիկացիները երբեք նման բանի չեն համաձայնել։ Մեր երկու հիմնական քաղաքական կուսակցություններն էլ դեմ են եղել ինչ-որ հեռավոր համաշխարհային դատարանին մեր քաղաքացիներին դատական կարգով հետապնդելու և բանտարկելու լիազորություններ փոխանցելու հեռանկարին։ Նախագահ Քլինթոնը հրաժարվեց Հռոմի ստատուտը (ՄՔԴ կանոնադրությունը) վավերացման ներկայացնել Սենատ՝ «այս Պայմանագրում առկա էական թերությունների վերաբերյալ մտահոգությունների» պատճառով։ Երկու տարի անց Սենատը երկկուսակցական մեծամասնությամբ ընդունեց «Ամերիկացի զինծառայողների պաշտպանության մասին» օրենքը, որը նախագահին թույլատրում է «կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները», ներառյալ ռազմական ուժը, կանխելու համար ՄՔԴ-ի կողմից ամերիկացիներին կալանավորելը կամ ձերբակալելը։

 

Եվ միևնույն է՝ ամերիկացիները հայտնվեցին թիրախում. 2020 թվականին ՄՔԴ-ն հետաքննություն սկսեց այն բանի վերաբերյալ, ինչը Գամբիայի գլխավոր դատախազ Ֆատու Բենսուդան բնութագրել էր որպես «Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի զինծառայողների ռազմական հանցագործություններ» Աֆղանստանում՝ հայտարարելով, որ, դատարանի կարծիքով, ԱՄՆ կառավարությունը բավարար թվով ամերիկացի զինվորների պատասխանատվության չի ենթարկել։ Ըստ էության, տիկին Բենսուդան իրեն հռչակեց գերագույն դատավոր՝ իրավասու որոշումներ կայացնել ԱՄՆ ռազմական քաղաքականության և ամերիկյան ողջ արդարադատության համակարգի վերաբերյալ։

 

Աֆղանստանի վերաբերյալ հետաքննությունը միայն առաջին ոտնձգությունն էր ամերիկյան ինքնիշխանության դեմ։ ՄՔԴ-ն աջակցվում և ղեկավարվում է ձախակողմյան հասարակական կազմակերպությունների, ինքնագոհ գլոբալիստների և երրորդ աշխարհի երկրների թշնամաբար տրամադրված կառավարությունների հզոր ցանցի կողմից, որոնց միավորում է ԱՄՆ-ի հանդեպ տածած հակակրանքը։

 

Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք նման դեպքերի թիվը շարունակեց աճել։ Անցյալ տարի ակտիվիստների առաջատար խմբերը կոչ արեցին միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին «անհապաղ և թիրախային գործողություններ ձեռնարկել» Թրամփի վարչակազմի կողմից Սալվադոր բռնի հանցագործություններ կատարած անձանց արտաքսման դեմ։ Մի քանի ամիս անց ՄՔԴ նախկին գլխավոր դատախազը հայտարարեց, որ նախագահ Թրամփի հրամանով նարկոահաբեկիչներին հասցված հարվածները հավասարազոր են «մարդկության դեմ ուղղված հանցագործության» և պետք է դիտարկվեն որպես այդպիսին միջազգային իրավունքի համաձայն. դիրքորոշում, որին աջակցեցին Միավորված ազգերի կազմակերպության և առաջատար ձախակողմյան հասարակական կազմակերպությունների ղեկավարները, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները և որոշ քաղաքական գործիչներ։ Մարտին Վաշինգտոնում տեղակայված «Դեմոկրատիա արաբական աշխարհի համար հիմա» կազմակերպությունը կոչ արեց իրանական ռեժիմին դիմել Միջազգային քրեական դատարան՝ խնդրելով հետաքննել ամերիկյան զինվորականների կողմից կատարված «ակնհայտ ռազմական հանցագործությունները»։

 

ՄՔԴ-ի կողմից անօրինական միջամտությանը հակազդելու ԱՄՆ-ի ջանքերը նշվել են որպես ևս մեկ պատճառ, թե ինչու է ՄՔԴ-ն հետապնդում ամերիկացիներին։ Երբ ԱՄՆ 12 սենատորներ գրեցին ՄՔԴ դատախազին իրենց մտահոգությունների մասին, դատախազությունը նրանց մեղադրեց հանցագործությունների մեջ։ Երբ նախագահ Թրամփը պատժամիջոցներ կիրառեց ՄՔԴ աշխատակիցների նկատմամբ, Human Rights Watch-ի նախկին ղեկավարը հայտարարեց, որ «ՄՔԴ անդամ բոլոր 125 պետությունները իրավաբանորեն պարտավոր կլինեին ձերբակալել նրան»։

 

Միայն ժամանակի հարց է, թե երբ Միջազգային քրեական դատարանը կսկսի իրագործել իր այս սպառնալիքները։ Սահմանապահ ծառայության աշխատակիցները, ովքեր մեր երկրից վտարում են բռնի հանցագործություններ կատարած անձանց, ԱՄՆ ծովային հետևակայինները, ովքեր վտանգում են իրենց կյանքը Արևմտյան կիսագնդում կարգուկանոն հաստատելու համար, դաշնային դատախազները, ովքեր ջանքեր են գործադրում Ամերիկայի դեմ հարձակումներ նախապատրաստող ահաբեկչական ցանցերի լուծարման ուղղությամբ, բոլորը մշտապես ենթարկվելու են հետապնդման ռիսկի մեր երկիրը պաշտպանելու համար՝ այն բանի համար, ինչը ՄՔԴ-ն համարում է «հանցագործություն»։

 

ԱՄՆ ռազմական և իրավապահ գործողություններին ՄՔԴ միջամտությունը ոչ միայն դատարանի կողմից իր լիազորությունների լուրջ չարաշահում է։ Դա ԱՄՆ-ի համար կնշանակեր որպես ինքնիշխան և անկախ պետություն գոյության դադարեցում։ Մեր որոշումներն ու մեր ժողովուրդը կհայտնվեին ՄՔԴ-ի և «միջազգային հանրությունում» նրա հանցակիցների ողորմածությանը։ Համաձայնել ՄՔԴ-ի հետ՝ նշանակում է հրաժարվել մեր երկրի ճակատագրի վերահսկողությունից։

 

Թերևս ավելի քաղաքավարի և զիջող երկրները կկարողանային հաշտվել իրերի նման դրության հետ։ Բայց սա Ամերիկան է։ Մեր նախնիները հեղափոխություն են արել օտար տերության դեմ, ընդդեմ «գաղութների բնակիչներին ծովից այն կողմ ուղարկելուն՝ այնտեղ նրանց վերագրվող հանցագործությունների համար դատելու նպատակով»։ Անկախությունը մեր անօտարելի իրավունքն է։ Մենք մտադիր չենք դա փոխանակել «միջազգային իրավունքի» ինքնահռչակ քրմերի կառավարման հետ։

 

Թրամփի վարչակազմը միշտ կպաշտպանի ամերիկացի զինծառայողներին այս սպառնալիքից։ ԱՄՆ-ը սկսում է դիվանագիտական արշավ, որի հիմքում ընկած է մի պարզ գաղափար. ինքնիշխան պետությունները վեր են գլոբալիզմից։ Նրանք, ովքեր շահում են նրանից, որ Ամերիկան անվտանգ է, չպետք է ձեռքերը ծալած նստեն, մինչդեռ նրանք, ովքեր ապահովում են այդ անվտանգությունը, թիրախ են դառնում։ Եվ սա միայն սկիզբն է։ Օգտագործելով մեր կառավարության տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, աշխատելով կողք կողքի բոլոր դաշնակիցների հետ, որոնց հետ կարող ենք համատեղ գործել, մենք անհրաժեշտության դեպքում կլուծարենք այս ՄՔԴ-ն՝ քանդելով այն քար առ քար։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *