«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»… հինգ ամիս անց. «Փաստ»

Written by

in






«Փաստ» օրաթերթը գրում է.


Տարոնն ու Տաթևը ծանոթացել են ընդհանուր ընկերների միջոցով։ «2014 թվականին հարսանյաց հանդեսի էի մասնակցում։ Այդ օրն ինձ բաժին հասավ հարսի ծաղկեփունջը։ Հանդիսավարն էլ ասաց՝ կցանկանա՞ք սպիտակ ձիով ասպետն Ապարանից գա։ Ես էլ կատակեցի՝ թող գա, բայց ոչ Ապարանից։ Եկա տուն։ Նամակ եմ ստանում. «Բարև, Տաթև ջան, ես Տարոնն եմ՝ Ապարանի Գեղադիր գյուղից»։ Անկեղծ ասած՝ մտածեցի հարսանյաց հանդեսին ներկա ինչ-որ մեկն է երևի կատակում։ Նամակներ էր գրում ինձ, ես էլ իր էջում տեսա, որ նկարներում նաև ընկերուհուս նշանածն է։ Հետո պարզեցի, որ Տարոնը նրա հետ Տյումենում էր սովորել»,«Փաստի» հետ զրույցում կյանքի երջանիկ օրերն է հիշում Տարոնի կինը՝ Տաթևը։ Տարոնը շարունակում է համառորեն նամակներ գրել Տաթևին, վերջինս չէր արձագանքում՝ հույս ունենալով, որ տղայի համառությունը և նամակների հոսքը կնվազի, բայց զուր։ Եվ արդյունքում մեկ նամակի պատասխանելուց հետո նրանք սկսում են շփվել։ «Նոր տարուն Տարոնը եկավ Հայաստան։ Հանդիպեցինք, նա մեր տուն եկավ, ծանոթացավ բոլորի հետ, սկսեցինք շփվել և 2015 թվականի դեկտեմբերի 13-ին ամուսնացանք»։


Ամուսնուն նկարագրելիս Տաթևն ասում է՝ որքան լավ հատկանիշներ կան, բնորոշ էին Տարոնին, որքան լավ բառեր կան աշխարհում, դրանցով կարող է նկարագրել նրան։ «Ընդ որում՝ միայն ես չէ, որ կարող եմ իրեն այդպես նկարագրել։ Ընկերներն էլ նույնն իր մասին կասեն։ Ընկերասեր էր, նվիրված, ազնիվ, հոգատար, սրտացավ։ Յուրահատուկ տեսակ էր, ավաղ, հիմա չեմ հանդիպում իր տեսակի մարդկանց»։


Տարոնը մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում։ Դպրոցում աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ։ 2007 թվականին ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ Այնուհետև ուսումը շարունակել է Տյումենի ռազմաինժեներական ակադեմիայում, որն ավարտել է 2015 թվականին։ Ուսման ընթացքում մասնակցել է տարբեր՝ հրաձգության, ըմբշամարտի, շախմատի մրցումների, գրավել պատվավոր հորիզոնականներ։

Հայաստան վերադառնալուց և ամուսնանալուց հետո Տաթևն ու Տարոնը տեղափոխվում են Մեղրի։ Տարոնը ծառայության է անցնում Ագարակի զորամասում՝ որպես դասակի հրամանատար։ Կյանքն ընթանում էր իր բնականոն հունով։ Ընտանիքում երկու որդիներն էին մեծանում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։


«Նա զորամասում էր՝ գիշերային հերթապահության։ Առավոտյան իմացանք, որ պատերազմ է։ Զանգահարեց՝ չվախենաք, կգան, ձեզ կտեղափոխեն նկուղներ։ Ինձ էլ ասաց. «Երեխաներին ուշադիր կլինես»։ Ասաց, որ պատերազմ է, բայց նաև շեշտեց՝ ծայրահեղ վիճակ չէ, չվախենա՛ս»։


Հոկտեմբերի 1-ին վաշտի հրամանատար Տարոն Նիկողոսյանն իր վաշտով մեկնում է Ջրական։ «Նա սեպտեմբերի 27-ին մեզ ուղարկեց Արմավիր, ասաց՝ այդպես հանգիստ կլինի։ Փոքր տղաս մեկ տարեկան էր, մեծը՝ չորս։ Մինչև վերջին պահն իր հետ կապ ենք ունեցել, զրուցել ենք։ Միշտ ասել է, որ ամեն ինչ լավ է, անհանգստանալու ոչինչ չկա։ Նաև ասում էր. «Հոկտեմբերի 11-ին մենք հետ ենք գալու։ Ես կգամ, արդեն դու էլ երեխեքի հետ կգաս, միասին կգնանք Ագարակ, մեր տուն»։ Հոկտեմբերի 9-ին ինձ հետ խոսելիս նա կարծես հրաժեշտ տար։ Այդ օրը հասկացա, որ վտանգ կա, անցնող օրերի ընթացքում երբեք նման կերպ չէր խոսել։ Պատերազմի դաշտում է եղել, բայց իր խոսքը երբեք տագնապային չի եղել»։

Տարոնն անմահանում է հոկտեմբերի 9-ին։ «Մեզ ասել են, որ իրենց Հադրութ էին տեղափոխում։ Տարոնը զոհվել է Իշխանասար գյուղի ճանապարհին՝ ԱԹՍ-ի հարվածից։ Իրենց ամբողջ վաշտից փրկվել է երկու հոգի»։


Տարոնին ընտանիքը երկար է փնտրել։ «Գիտեինք, որ զոհվել է։ Տարոնենց մեքենայի առջևից իրենց ծառայության պետն է գնալիս եղել։ Փաստացի, դեպքի ականատեսներ կային։ Մեքենան կանգնեցրել են, հրահանգել, որ իջնեն տղաները, սակայն չեն հասցրել։ Տղաները վաշտով էին եղել, բոլորին գտել էին ամենաուշը մեկ ամիս հետո։ Բոլորին գտնում էին, բայց Տարոնը չկար։ Մյուս կողմից էլ՝ ականատեսներ կային, որ իրենց մեքենային հարվածել են, Տարոնն էլ ներսում է եղել։ 2021 թվականի մարտի մեկին ստացանք ԴՆԹ հետազոտության պատասխանը, որ համընկնում կա։ Տարոնին գտնելուց հետո նաև «մայորի կոչում» ստանալու իր հրամանը եկավ, բայց հրաժարվեցի՝ մեզ հետմահու տարբերակով որևէ բան պետք չէ»։


Ապրելու ուժի մասին. «Ինձ տղաներս են ուժ տվել։ Մինչև հիմա էլ իրենց նայելով՝ առաջ եմ գնում։ Հանուն իրենց եմ ապրում»։

Հ. Գ. -Կապիտան, վաշտի հրամանատար Տարոն Նիկողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։


ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում





Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *