Շուրջ մեկ ամիս առաջ վերլուծությունների շարք էի հրապարակել, այն մասին, որ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ, կամ ԵԱՏՄ, այլ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը: Արդեն տեսանելի է, որ առաջիկայում նրա ձեռքից «վերցնելու են» այդ իրավունքը:
Քանի դեռ խոսքը Ռուսաստանի և Եվրամիության մասին էր, Նիկոլենք դեռ կարող էին ձևացնել, թե գործ ունեն «բազմավեկտոր», «դիվերսիֆիկացիոն» քաղաքականության հետ։ Սակայն դրան զուգահեռ, ի հայտ է գալիս ևս մեկ կոշտ երկընտրանք՝ ԱՄՆ – Իրան։
Փաշինյանն ԱՄՆ-ին ասում է. «Մենք ձեզ հետ ռազմավարական գործընկերություն ենք կառուցում», իսկ Թեհրանին՝. «Մի՛ անհանգստացեք, սա ձեզ չի սպառնում»։Առայժմ այս երկու հայտարարությունները հնարավոր է հնչեցնել միաժամանակ։
Սակայն խնդիրն առաջանալու է այն ժամանակ, երբ տարածաշրջանում ամերիկյան ներկայությունը դադարի թղթի վրա գրված մտքեր լինելուց և դառնա ֆիզիկական իրականություն։ Այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե ինչպե՞ս է Փաշինյանի «կառավարությունը»՝ մի աթոռից մյուսը տեղափոխվելու։
Բանավոր հայտարարություններով ՀՀ կառավարիչներն իհարկե կարող են միաժամանակ «բարեկամական հարաբերություններ» պահպանել ԱՄՆ-ի հետ, «լավ հարաբերություններ» ունենալ Իրանի հետ, խոսել «եվրոպական ինտեգրման» մասին, պահպանել «տնտեսական կապերը» ՌԴ հետ և ճամարտակել, որ հենց սա է նոր բազմավեկտոր, դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը։
Հարցն այն է, որ Հայաստանի համար ռեգիոնալ կարմիր գծերը չեն սահմանում ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Բրյուսելը։ Մենք ունի երկու հարևան, որոնք իրական ճնշման լծակներ ունեն և որոնց համար տարածաշրջանային ուժերի հավասարակշռության փոփոխությունն անմիջական նշանակություն ունի: Դա Ռուսաստանն ու Իրանն են։
Եվրամիությունը կարող է Հայաստանին «շուկա» և վարկեր առաջարկել։ ԱՄՆ-ն կարող է առաջարկել ներդրումներ, քաղաքական աջակցություն և TRIPP։ Սակայն ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը Հայաստանի անմիջական հարևանները չեն։ Իրանը հարևան է: Ռուսաստանը նույնպես անմիջական հարևանությամբ է։
Փաշինյանի «կառավարությունը» դեռ կարող է ցատկոտել մի աթոռից մյուսը՝ Ռուսաստանից Եվրոպա, ԱՄՆ-ից Իրան, Արևմուտքից Արևելք։
Բայց երբ հերթական աթոռը չափազանց մոտենում է կարմիր գծին, առաջանում է բոլորովին այլ հարց. «Իսկ ընդհանրապես ո՞վ է անվտանգության տեսանկյունից պահում այդ աթոռը»։ Եվ հենց այդ ժամանակ էլ ավարտվում են գեղեցիկ դիվանագիտական հայտարարությունը, ու սկսվում է աշխարհագրությունը։
Իսկ, երբ աշխարհագրությունը սկսում է թեկադրել խաղի կանոնները, ավարտին է մոտենում նաև «միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը:
Ռուսաստանի պահանջը՝ ընտրել ԵԱՏՄ, թե՞ ԵՄ, ինչպես նաև մասնակցություն TRIPP-ում:
Իրանի պահանջը՝ ընդդեմ ամերիկյան ներկայության, և Հյուսի-Հարավի մեգանախագծի անխոչընդոտ գործարկումը:
Թուրքիայի և Ադրբեջանի պահանջը՝ Սյունիքով անխոչընդոտ անցում կատարելու և այն համառորեն «Զանգեզուրի միջանցք» անվանելու հարցում:
ԵՄ պահանջը՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից ու Հայաստանից դուրս մղելու հարցում:
ԱՄՆ պահանջը՝ ռեգիոնալ կոմունիկացիաների և ռեսուրսների նկատմամբ գլոբալ վերահսկողություն սահմանելու քաղաքականության հարցում…
Պատերազմական և կոշտ հակասությունների ժամանակաշրջանում մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը հեշտությամբ վերածվելու է բոլորի հետ թշնամանալու կամ անտեսվելու վտանգավոր իրավիճակի:
Leave a Reply