Ռուսական գազի հնարավոր թանկացումից մինչև «ապոկալիպսիս»․ ինչպես փոխվեց ԿԲ նախագահի խոսքը ռուսական մեդիայում

Written by

in

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԿԲ-ն դիտարկում է գազի գնի բարձրացման հնարավորությունը, նշել է, որ նման սցենարը քննարկվել է։ Նա գազի հնարավոր թանկացումը չի դասել ԿԲ-ի հիմնական A կամ B սցենարներից որևէ մեկի շարքին։ «Այն երկակի էֆեկտ կարող է ունենալ։ Նախ, կարող է ունենալ առաջնային էֆեկտ, որը վերաբերում է ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը։ Եվ երկրորդային էֆեկտ, որովհետև գազի գինը կարող է ներառված լինել նաև այլ ապրանքների, արտադրանքի արժեքում և այլն, ու, բնականաբար, կարող է իր հետ բերել նաև որոշակի Բ տիպի ռիսկ՝ մեր տնտեսության անկման հետ կապված։ Ուստի, մենք այդ սցենարը մտքում ունեցել ենք, բայց մեր տեսանկյունից դա X տիպի սցենար է, որն ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում և որին մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժգին, ոչ բնականոն»,- նշել է նա։

Միաժամանակ ԿԲ նախագահը նշել է, որ բանկը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով՝ հաշվի առնելով նման խնդիրների առաջացման հնարավորությունը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Մարտին Գալստյանի հայտարարությանն անդրադարձած ռուսական մեդիայի հրապարակումները և պարզել, որ դրանց մի մասում ԿԲ նախագահի խոսքը ներկայացվել է ավելի կոշտ ձևակերպումներով, իսկ որոշ հրապարակումներում դրան ավելացվել է քաղաքական ենթատեքստ կամ փոխվել է հենց քննարկվող սցենարի բովանդակությունը։ 

Ինչպես փոխվեց հայտարարությունը ռուսական մեդիայում

«Коммерсантъ»-ը Գալստյանի խոսքը վերնագրել է՝ «Հայաստանի ԿԲ-ն ռուսական գազի գնի աճը համարել է «ապոկալիպտիկ» երևույթ»։

Վերնագիրն ավելի կատեգորիկ է, քան Գալստյանի իրական ձևակերպումը. ԿԲ նախագահը գազի գնի բարձրացումն ինքնին «ապոկալիպտիկ երևույթ» չէր անվանել, այլ ասել էր, որ դա X տիպի սցենար է, որը «ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում»։ Այնուամենայնիվ, նյութի հիմնական տեքստում «Коммерсантъ»-ը փոխանցել է X սցենարի և հնարավոր տնտեսական հետևանքների մասին Գալստյանի խոսքը։

Արտապատկերումը՝ «Коммерсантъ»-ի նյութից

RBC.ru-ն իր հրապարակումը վերնագրել է՝ «Հայաստանում ռուսական գազի գնի աճը համարել են «ապոկալիպտիկ» սցենար»,  իսկ անմիջապես վերնագրի տակ հիշեցրել Ռուսաստանի սպառնալիքը․ «Ավելի վաղ Ռուսաստանը սպառնացել էր բարձրացնել գազի գինը, եթե Հայաստանը շարունակի եվրաինտեգրումը»։

Այնուհետև նյութում հիշեցրել են Ռուսաստանի ԱԳՆ-ի նախազգուշացումը, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին ռուս պաշտոնյաների հայտարարությունները, Հայաստանի համար գազի $177.5 գինը և Դմիտրի Պեսկովի գնահատականը, ըստ որի՝ արտոնյալ գինը Ռուսաստանի կողմից «եղբայրական ժողովրդին» տրամադրվող օգնություն է։

Այդ կերպ ԿԲ նախագահի՝ գազի հնարավոր թանկացման տնտեսական հետևանքների մասին գնահատականը ՌԲԿ-ն տեղավորել է Հայաստանի եվրաինտեգրման և դրա հետ կապված Ռուսաստանի նախկին նախազգուշացումների և սպառնալիքների համատեքստում  

RTVI-ն Գալստյանի հայտարարությունը ներկայացրել է ««Ապոկալիպտիկ սցենար»․ Հայաստանի ԿԲ-ն պատրաստվել է ռուսական գազի թանկացմանը» վերնագրով։ Հրապարակման սկզբում ԿԲ նախագահի խոսքը հիմնականում փոխանցվել է առանց էական փոփոխության, սակայն այնուհետև նյութը տեղափոխվել է ավելի լայն քաղաքական համատեքստ։

Մասնավորապես, RTVI-ն հիշեցրել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի հայտարարությունը, որ գազի հնարավոր թանկացման համատեքստում ռուսական ռազմաբազայի վարձավճարի վերանայումը կարող է լինել Երևանի բանակցային գործիքներից մեկը։ Այնուհետև մեջբերել է նաև Մարիա Զախարովայի արձագանքը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ հայտարարություններին, ինչպես նաև համեմատել Հայաստանի համար ռուսական գազի գինը եվրոպական շուկայի գների հետ։

Ռուսական URA.RU-ն ավելի հեռուն է գնացել․ կայքն իր հրապարակումը վերնագրել է՝ «Հայաստանը մեկ քայլ է հեռու ապոկալիպսիսից․ նրան սարսափելի հետևանքներ են սպասվում առանց ռուսական գազի»։

Նյութի գլխավոր լուսանկարի մակագրությունն էլ ավելի կտրուկ է՝ «Ռուսական էներգակիրներից հրաժարվելուց հետո Հայաստանին տնտեսական ապոկալիպսիս է սպառնում»։

Այստեղ արդեն փոխվել է ոչ միայն Գալստյանի խոսքի շեշտադրումը, այլև հենց քննարկվող իրավիճակը։ ԿԲ նախագահը խոսել էր ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման և դրա տնտեսական հետևանքների մասին։ URA.RU-ի վերնագրում դա վերածվել է «Հայաստանն առանց ռուսական գազի» ձևակերպման, իսկ լուսանկարի մակագրությունում՝ ռուսական էներգակիրներից Հայաստանի հրաժարման։

Արտապատկերումը՝ URA.RU-ից

Մինչդեռ Գալստյանը նման զարգացումների մասին չէր խոսել և ռուսական գազից կամ էներգակիրներից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն չէր արել։

Այս լրատվամիջոցը Գալստյանի տնտեսական գնահատականին նաև քաղաքական ենթատեքստ է տվել՝ այն կապելով Հայաստանի եվրաինտեգրման հետ․ «Հայաստանին տնտեսական ապոկալիպսիս է սպառնում» ենթավերնագրի տակ կայքը գրել է, որ «այժմ Հայաստանին սպասվում է ընտրություն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, ինչը ուղղակիորեն կազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա»։ 

Արտապատկերումը՝ URA.RU-ից

Այսպիսով, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը խոսել է ռուսական գազի հնարավոր թանկացման հիպոթետիկ սցենարի և դրա՝ գնաճի ու տնտեսական ակտիվության վրա հնարավոր ազդեցության մասին՝ այն բնորոշելով որպես X տիպի սցենար, որը, նրա խոսքով, «ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում» 

Մինչդեռ ռուսական մի շարք լրատվամիջոցներ, որոնք առավել հայտնի են որպես կրեմլյան քարոզչամիջոցներ, ՀՀ ԿԲ նախագահի խոսքը ներկայացրել են ավելի կոշտ ձևակերպումներով, դրան ավելացրել Հայաստանի եվրաինտեգրման և ռուս-հայկական հարաբերությունների քաղաքական համատեքստը, իսկ URA.RU-ի դեպքում գազի հնարավոր թանկացման սցենարը վերածվել է արդեն «առանց ռուսական գազի» և «ռուսական էներգակիրներից հրաժարվելու» պատմության։

Գայանե Մարկոսյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *