Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել

Written by

in

Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մուտքի և ելքի վերահսկողությունն իրականացնելու է ադրբեջանական կողմը։

Երկու լրատվամիջոցներն էլ Բայրամովի խոսքին ավելացրել են «վերահսկողություն» հասկացությունը, մինչդեռ ադրբեջանցի պաշտոնյայի՝ APA գործակալության փոխանցած հայտարարության մեջ նման պնդում չկա։

Արտապատկերումը՝ ադրբեջանական APA գործակալությունից

Բայրամովը, ըստ ադրբեջանական պետական APA գործակալության ասել է հետևյալը․ «Թեև սա (Թրամփի ուղին-խմբ.) համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»։

Ադրբեջաներեն բնօրինակում նույնպես օգտագործվել է նույն արտահայտությունը, ինչ ռուսերեն թարգմանության մեջ և այդ արտահայտությունը վերաբերում է երթուղու մուտքի ու ելքի ուղղություններին և ոչ թե դրանց նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողություն իրականացնելուն։ 

Նկատենք՝ խոսքը Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող ճանապարհահատվածի մասին է։

Արտապատկերումը՝ ադրբեջանական APA գործակալությունից (ադրբեջաներեն)

Հետևաբար այս երկու լրատվամիջոցները Բայրամովի խոսքում չեղած «վերահսկողություն» է վերագրել ադրբեջանական կողմին՝ լսարանի մոտ ստեղծելով տպավորություն, թե Բայրամովը հայտարարել է Հայաստանի միջով անցնող ճանապարհի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության մասին: 

ՀՀ-ԱՄՆ TRIPP շրջանակային համաձայնագիրը, հիշեցնենք, ամրագրում է, որ Հայաստանը պահպանում է իր տարածքում գտնվող ծրագրային բոլոր հատվածների նկատմամբ լիակատար ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը։ Փաստաթղթի 8-րդ հոդվածով Հայաստանը պատասխանատու է նաև սահմանային անվտանգության, սահմանային, մաքսային ու ներգաղթի վերահսկողության, իրավապահ գործունեության և պետական վերահսկողության համար։ 

Համաձայնագիրը բացառում է երրորդ երկրների ռազմական ներկայությունը նշված հատվածում:

Այսպիսով, Yerevan Today-ը և Alpha News-ը Բայրամովին վերագրել են Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մուտքն ու ելքը վերահսկելու մասին պնդում, որը նրա մեջբերված խոսքում չկա։ Պաշտոնյան ասել է, որ մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից՝ նկարագրելով երթուղու ուղղությունը, ոչ թե հայտարարելով հայկական հատվածի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության մասին։

Նանե Մանասյան

Հասմիկ Համբարձումյան

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *