Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը։
Մայր Աթոռից հայտնել են, որ ժողովը բացվել է Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգեւոր խորհրդի հոգեւորական եւ աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գնահատանք հայտնելով Նվիրապետական աթոռների գահակալներին՝ ժողովին իրենց ներկայացուցիչներին պատվիրակելու համար։
«Նորին Սրբությունը, գոհունակությամբ անդրադառնալով ԳՀԽ անդամների՝ Սուրբ Եկեղեցուն բերվող օգտակար ծառայությանը, հայցեց Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի աշխատանքների բարեհաջող եւ արդյունավետ ընթացքի համար։
Քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված են Եկեղեցու կանոնական եւ թեմական կյանքին, կանոնադրությանը, Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատությունների գործունեությանը եւ համայնքներում քրիստոնեական դաստիարակության զորացմանն առնչվող հարցեր։
Քննարկման նյութ կդառնան նաեւ եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները, Եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը, Եկեղեցու առաքելության արդյունավորմանը վերաբերող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում:
Leave a Reply