«Լուլո՜ւ, դե արի», – Երեւանի կենդանաբանական այգու լճակներից մեկի մոտ ձայն է տալիս աշխատակից Հայկ Վարդանյանը։ Մյուս ափին փետուրները հանդարտ մաքրող հսկա թռչունը նախ ձգում է վիզը ձայնի ուղղությամբ, ապա բացում թեւերն ու հայտնվում ջրում՝ շտապելով Հայկի մոտ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Լուլուն վարդագույն հավալուսն է՝ «պելիկան», որը կենդանաբանական այգում է հայտնվել ավելի քան մեկ տարի առաջ՝ հյուծված վիճակում։ Այստեղ նրան խնամել են, օգնել վերականգնվել, ապա «բնակեցրել» այգու լճակներից մեկում։ Այն դարձել է Լուլուի սիրելի վայրը։ Սակայն եղանակի ցրտելուն զուգահեռ հավալուսնին տեղափոխել են ձմեռանոց, եւ հենց այդտեղ էլ՝ հարազատ լճակի կարոտի ու Լուլուին ավելի ուշադիր խնամելու Հայկի ձգտման միջեւ, սկսվել է իրական ընկերության պատմություն։
Հայկի ու Լուլուի մասին տեսանյութերը գրավել են շատերի ուշադրությունը։
Մեդիամաքսի հետ զրույցում Երեւանի կենդանաբանական այգու թռչունների խնամող, իսկ Լուլուի համար նաեւ ընկեր Հայկ Վարդանյանը պատմել է կենդանու հետ շփման առանձնահատկությունների, վստահության ձեւավորման մասին ու անկեղծացել՝ «Լուլուն շա՜տ խանդոտ է»:
«Բարեւում եմ Լուլուին, հետո՝ շարունակում շրջայցս»
Հայկ Վարդանյանը Երեւանի կենդանաբանական այգու թռչունների բաժնում աշխատում է մեկ տարի։ Ասում է՝ կենդանիների հետ շփումն իր համար նորություն չէ.
«Միշտ ունեցել եմ կենդանիներ: Այսօր էլ տանն ինձ սպասում են շունը, կատուն, ծովախոզուկն ու բադիկներս»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նրան հանդիպում ենք այգու այն կետում, որտեղ սկսվում է իր աշխատանքային յուրաքանչյուր օրը:
«Իհարկե, առաջին հերթին գալիս եմ Լուլուի լճակի մոտ: Բարեւում եմ նրան, հետո միայն շարունակում շրջայցս մյուս թռչունների մոտ», – ժպտում է Հայկը:
Ի սկզբանե նրա պատասխանատվության ներքո գիշատիչ թռչուններն էին՝ արծիվը, անգղը, բայց Լուլուի հետ ընկերությունը որոշիչ էր եւ Հայկը դարձել է նաեւ հավալուսնի անմիջական խնամողը:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Երբ սկսեցի աշխատել այգում, Լուլուն արդեն մի քանի ամիս այստեղ էր: Նրան այգի էին տեղափոխել Արարատյան դաշտից՝ հյուծված վիճակում: Կենդանաբանական այգիների մասին հաճախ վատն են խոսում, բայց Լուլուի դեպքը ցույց է տալիս, որ երբեմն կենդանին չի կարող ինքնուրույն վերականգնվել ու փրկվել վայրի բնության մեջ: Եթե այգում չհայտնվեր, Լուլուն արդեն ողջ չէր լինի», – պատմում է Հայկն ու նշում՝ այժմ այգում եւս մեկ հավալուսն կա, որը եւս վերականգնման փուլում է:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հավալուսնների մի քանի տեսակ հաճախ նկատվում են Հայաստանում: Հատկապես՝ Սեւանա լճի, Արարատյան դաշտի լճակների, Ստեփանավանի մերձակայքում:
«Մի օր թեւերը լայն բացեց ու գրկեց ինձ»
Վարդագույն հավալուսնին Լուլու է անվանել այգու կամավորներից մեկը. «Մտածում եմ՝ անունն իրեն շատ է սազում», – ժպտում է Հայկը:
Այդ շրջանում թռչունն այլ խնամող ուներ: Նրան կերակրում էին, հոգ տանում, բայց՝ առանց ընկերության:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Իսկ իմ ու Լուլուի ընկերությունը սկսվեց ձմռանը, երբ իր լճակից տեղափոխել էինք ձմեռանոց, որպեսզի տաք լիներ: Մի քանի օր անց սկսեց չուտել, շատ վատ տրամադրություն ուներ: Ամբողջ օրը նստում էր ձմեռանոցում եւ նայում իր լճակի ուղղությամբ: Քանի որ ուտելիքից սկզբունքորեն հրաժարվում էր, սկսեցի կերակրել ձեռքով, այնքան, մինչեւ դարձա իր համար եւ՛ հիմնական խնամող, եւ՛ ընկեր», – հիշում է Հայկն ու ավելացնում.
«Կարելի է ասել, ձմռանն ինձ վստահելու շնորհիվ փրկվեց։ Հետո քիչ-քիչ սկսեց կատարել հրահանգներս, կանչում էի՝ «արի՜», ձայնիս վրա միանգամից գալիս էր»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Գարնան սկզբում, երբ Հայկը Լուլուին ձմեռանոցից զբոսանքի էր հանում, հսկա թռչունը միանգամից վազում էր դեպի իր լճակը, Հայկն էլ՝ հետեւից.
«Մի կերպ վազում էի, մինչեւ բռնում գրկում էի ու հետ տանում: Մի օր էլ որոշեց, մոտեցավ ու թեւերը լայն բացելով՝ ինքն էլ ինձ գրկեց»:
Խանդոտ, կենսախինդ, սիգ սիրող
Երբ Հայկին խնդրում եմ նկարագրել Լուլուի բնավորությունը, առաջին հերթին ասում է՝ «շա՜տ խանդոտ է».
«Նախ ուրիշ ոչ մեկին իրեն մոտ չի թողնում, հետո՝ չի սիրում, երբ իմ ուշադրությունն է շեղվում ինչ-որ բանի վրա: Օրինակ՝ տանել չի կարողանում, երբ ձեռքիս հեռախոս է տեսնում, միանգամից փորձում է խլել: Չի սիրում նաեւ ավելորդ իրեր կամ զարդեր ինձ վրա: Այդպես մի քանի անգամ փորձել է պոկել ժամացույցս»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հայկը խոստովանում է՝ այգում այլ սիրելի կենդանիներ էլ ունի, օրինակ՝ թութակները, անգղը:
«Իհարկե, մյուսների հետ նման կապ չկա, բայց աշխատակիցները հաճախ կատակում են, որ գնալու են Լուլուին ամեն ինչ պատմեն», – ծիծաղում է Հայկն ու ավելացնում.
«Նաեւ շատ կենսախինդ է, ուրախ: Հատկապես, երբ միասին խաղում ենք»:
Ինչպես ցանկացած կենդանի, Լուլուն էլ է սիրում համեղ սնվել: Ճաշացանկը, սակայն, շատ բազմազան չէ, քանի որ նրա անփոխարինելի սիրելին հայկական սիգն է.
«Հենց ձեռքիս ձուկ է տեսնում, միանգամից ոգեւորվում է»:
«Երբեք չէի պատկերացնում, որ ինչ-որ օր պելիկանը կարող է դառնալ լավագույն ընկերս»
Հայկի հետ զրույցի ողջ ընթացքում հիշում եմ երբեւէ նայածս ամենաջերմ ֆիլմերից մեկը՝ ռեժիսոր Օլիվիե Օրլեի «Պելիկան» ֆիլմը՝ Էմիր Կուստուրիցայի դերակատարմամբ: Այն պատմում է ընտանեկան բարդ իրավիճակում հայտնված պատանու ու հսկա թռչունի ընկերության մասին:
«Հա, շատ լավ ֆիլմ է», – ասում է Հայկը ու ավելացնում. «Վաղուց եմ նայել, հիմա վերանայել է պետք»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հայկն վերջերս արձակուրդում էր: Մի քանի օր չտեսնելով խնամողին՝ թռչունը հրաժարվել է ուտել:
«Մի օր որոշեցի տեսազանգով կապվել գործընկերոջս հետ ու խնդրեցի, որ հեռախոսը Լուլուի մոտ տանի», – պատմում է Հայկը:
Արդյունքում, լսելով Հայկի հարազատ ձայնը, Լուլուն ախորժակով կերել է ու շարունակել ամեն օր «սպասել» նրա զանգին, մինչեւ կվերադադնար:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ինչպես արդեն ասացի, կյանքումս բազմաթիվ կենդանիների հետ եմ շփվել, բայց երբեք չէի պատկերացնում, որ ինչ-որ օր պելիկանը կարող է դառնալ լավագույն ընկերս: Բացակայելու ընթացքում ես էլ նրան էի կարոտում: Եթե տարբերակ լիներ, հետս տուն կտանեի», – ասում է Հայկը:
«Կենդանին սիրում ու սպասում է քեզ՝ որեւէ նյութական արժեքից անկախ»
Հայկն ասում է, որ կենդանիների հետ երբեւէ չշփված, նրանց չսիրող մարդուն դժվար է բացատրել, որքան ուժեղ ու ջերմ կարող է լինել ստեղծված կապը:
«Կենդանու հետ ընկերությունը անբացատրելի, անկրկնելի զգացողություն է: Երբ չկան բառեր, լեզու, բայց իրար լիովին հասկանում եք, որսում միմյանց տրամադրությունն ու դրա փոփոխությունը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նաեւ՝ կենդանու սերը միշտ անշահախնդիր է: Նա սիրում ու սպասում է քեզ ամեն օր՝ անկախ ունեցածդ որեւէ նյութական արժեքից, հագուստից, դիրքից: Միակ բացառությունն ուտելիքն է: Այստեղ միանում է «բկլիկությունն», ու կենդանին արագ-արագ վազում է քեզ ընդառաջ, որ ստանա իր սիրելի ուտելիքը», – ծիծաղում է Հայկը:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
Leave a Reply