9/11-ից առաջ եւ հետո. Իսլամիստների պատերազմը Հայաստանի եւ Արցախի դեմ

Written by

in

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ վրա ահաբեկչական գրոհից մի քանի օր անց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնի հետ հանդիպմանը խոսել էր միջազգային ահաբեկչության սպառնալիքի վերացման ուղղված ջանքերին աջակցելու Հայաստանի պատրաստակամության մասին:
Նույն օրերին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասում էր. «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում պետք է ողջ միջազգային հանրության ակտիվ համագործակցությունը: Ստեղծվել է նոր իրավիճակ. մենք դա հասկանում ենք: Իսկ թե ի՞նչ անել. մենք բոլորս հիմա դրա մասին մտածում ենք»:
2001թ. սեպտեմբերի 21-ին, ելույթ ունենալով Հայաստանի անկախության 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին, ՀՀ նախագահն ասում էր.
«Ահաբեկչությունը գաղափարախոսություն է դառնում իր ամենաայլանդակ դրսեւորումներով: Հայաստանն իր վրա է զգացել դրա հետեւանքները: Մենք համոզված ենք, որ այդ չարիքի հետ պայքարում համաշխարհային հանրությանը պետք են համատեղ համակարգված գործողություններ»:
2001թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը CAN գործակալությանը տված հարցազրույցում ասում էր.
«Պետք չէ մոռանալ, որ Ուսամա բեն Լադենը եւ Կովկասյան տարածաշրջանում նրա կողմնակիցները բազմիցս հիշատակել են Լեռնային Ղարաբաղը որպես թիրախներից մեկը: Նրանք դիտարկում են Լեռնային Ղարաբաղի բնակչությունը որպես ոչնչացման ենթակա առարկա` հետագայում այնտեղ մահմեդական օրենքներ հաստատելու նպատակով: Այս տեսակետից մենք, անկասկած, ակնկալում ենք, որ այն մարտահրավերները, որոնք կարող են դրսեւորվել նաեւ Լեռնային Ղարաբաղում, պետք է չեզոքացվեն: Մենք ամեն կերպ աջակցում ենք այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերին»:
Washington ProFile կենտրոնը 2002 թվականի ամռանը տեղեկություն տարածեց այն մասին, որ «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպությունը դեռեւս 1980-ական թվականների վերջին էր գրասենյակ բացել Բաքվում եւ 90-ականների սկզբին սկսեց աջակցել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն սահմանելու՝ Հայաստանի դեմ պատերազմում: 
1993թ. սեպտեմբերին Ղարաբաղյան պատերազմին մասնակցելու նպատակով Ադրբեջան էին ժամանել մոտ 1500 աֆղանացի մոջահեդներ, նշում էին ամերիկյան աղբյուրները:
«1994-ի ամռանը նրանց թիվն աճեց մինչեւ 2500: Հայերի դեմ ծանր մարտերից հետո աֆղանական բրիգադը կազմալուծվեց, սակայն դրա անդամներից շատերը մասնակցեցին նաեւ տարածաշրջանային այլ հակամարտություններին»,- գրում էր Washington ProFile-ը:
2015 թվականին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը Մեդիամաքսին պատմել էր.
«Ադրբեջանի բանակն այդ պահին (1994 թվականին զինադադարի մասին համաձայնագիրը ստորագրելուց հետո) սոսկալի վիճակում էր: Հետեւաբար, իրենք համաձայնագիր էին ստորագրել Աֆղանստանի հետ՝ պատերազմում մոջահեդներին ներգրավվելու վերաբերյալ: Հայտնի փաստ է, որ մոջահեդներն ակտիվ մասնակցում էին Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ 1993-1994թթ. վարվող ռազմական գործողություններին: Տեղյակ էինք, որ այս անգամ Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ուներ մեծ թվով մոջահեդներ ներգրավելու վերաբերյալ, եւ պատերազմի վերսկսման համար Բաքուն մեծ հույսեր էր կապում նրանց հետ: Սկսեցինք մտածել, թե ինչ միջոցներ կարող ենք կիրառել դա կանխելու համար»:
Ժիրայր Լիպարիտյանը պատմել էր Աֆղանստան կատարած իր գաղտնի այցի եւ Աֆղանստանի վարչապետ Գյուլբեդին Հեքմաթյարի հետ հանդիպման մասին, որի շնորհիվ կանխվել էր մոջահեդների նոր հավաքագրումը Ադրբեջանի կողմից:
2002 թվականի հունվարին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը, մի շարք փաստեր էր ներկայացրել այն մասին, որ Ադրբեջանը աջակցել է եւ շարունակում է աջակցել միջազգային ահաբեկիչներին:
Նախարարը հիշեցրել էր, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կռվում էին այսպես կոչված «հատուկ ուժերը», որոնք ձեւավորված էին աֆղան եւ չեչեն մոջահեդներից: Սերժ Սարգսյանը հայտնել էր նաեւ այն բնակավայրերի անվանումները, որտեղ տեղակայվել էին մոջահեդների ջոկատները, որոնք մասնագիտացած էին ահաբեկչական եւ պատժիչ գործողություններ իրականացնելու գործում: 
Սերժ Սարգսյանը նաեւ նշել էր, որ 1994թ. զինադադարից հետո մոջահեդների մի մասը մնացել է Ադրբեջանում: Իբրահիմ Էյդուրասը, որն ավելի ուշ Եվրոպայում ձերբակալվեց Քենիայում եւ Թանզանիայում ԱՄՆ դեսպանությունները ռմբակոծելու համար, 1995-97 թթ. ղեկավարում էր «Ալ Ղաիդա»-ի ադրբեջանական բաժանմունքը»,- նշել էր ՀՀ պաշտպանության նախարարը:
1998թ. օգոստոսին «Իսլամական Ջիհադ» կազմակերպության հենց ադրբեջանական բաժանմունքն էր, որը հետագայում միաձուլվեց Օսամա Բեն Լադենի «Ալ Ղաիդա»-ի հետ, համակարգում Քենիայում եւ Թանզանիայում ԱՄՆ դեսպանատների ռմբակոծումը, հիշեցրել էր Սերժ Սարգսյանը: Իր ելույթի ավարտին նա ներկայացրել էր իսլամիստական խմբավորումների ցանկը, որոնք շարունակում էին գործել Ադրբեջանի տարածքում:  
2001թ. սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտը սկսեց հրապարակել «Գլոբալ ահաբեկչության կառույցները» (Patterns of Global Terrorism) ամենամյա հաշվետվությունները: 2002-ի զեկույցում նշվում էր, որ նախորդ տարիներին «Ադրբեջանով անցնում էին միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունեցող մոջահեդների տեղափոխման ուղիներ»: 
ԱՄՆ-ի վրա ահաբեկիչների հարձակումից ավելի քան երկու տարի առաջ Մեդիամաքսը բացառիկ հարցազրույց էր վարել Մովլադի Ուդուգովի հետ, որը առաջին չեչենական պատերազմի ժամանակ չեչեն գրոհայինների «գլխավոր գաղափարախոսն» էր: Այդ հարցազրույցից մեկ ամիս անց չեչեն գրոհայինների ջոկատները Շամիլ Բասաեւի եւ Խաթաբի գլխավորությամբ ներխուժել էին Դաղստան, եւ սկսվել էր չեչենական երկրորդ պատերազմը:
Մի քանի հատված ներկայացնենք այդ հարցազրույցից.
– XX դարի վերջում ավելի հստակ են երեւում քրիստոնյա-հեթանոսական դաշինքի ուրվագծերը, որի միջուկը հանդիսանում է սիոնիզմը: Այդ դաշինքը պատերազմ է հայտարարել ողջ մահմեդական աշխարհին: Ըստ էության, այդ դաշինքի կողմից անամոթաբար իրականացվում է մահմեդական հողերի օկուպացիան: Ղարաբաղը (ի դեպ, Ղարաբաղի չեչենական անվանումն է Արց) ոչ միայն ադրբեջանական, այլեւ մահմեդականների տարածք է: 
– Ինչպես ե՞ ք գնահատում Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, մասնավորապես, կովկասյան հարցերում:
– Հարեւան պետության տարածքի 20%-ի զավթումը եւ օկուպացիան աննախադեպ է նույնիսկ հետխորհրդային երկրների համար: Սա անհեռատես քաղաքականություն է, հատկապես Կովկասում: Կովկասի ժողովրդների փոխհարաբերությունների պատմության մեջ նման դեպքեր հայտնի չեն: Դա կուտակում է կովկասյան ժողովրդների մեծ մասի, հատկապես` չեչեն ժողովրդի զայրույթը:
– Արդյո՞ ք Չեչնիայում կա թշնամական վերաբերմունք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:
– Ինչպես արդեն նշեցի, չեչեն մոջահեդները կուտակում են հայկական քաղաքականության հետեւանքով առաջացած իրենց չարությունը: Ես գիտեմ, որ Դաղստանի ազատագրումից հետո շատ չեչենական ռազմական խմբերի թիվ 2 հարցը Ղարաբաղն է:
Մովլադի Ուդուգովը «համեստորեն լռում էր» այն մասին, որ չեչեն գրոհայինների մասնակցությունն Արցախյան առաջին պատերազմին անփառունակ ավարտ էր ունեցել:
1996 թվականին ԼՂՀ Պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինեւիչը տողերիս հեղինակին պատմել էր. 
«Շամիլ Բասաեւը 1993 թվականի կռվել է Աղդամի մատույցներում: Եթե այն ժամանակ մենք իմանայինք, որ նա այդքան ողբերգական դեր է խաղալու Ռուսաստանի պատմության մեջ, կթքեինք բոլոր միջանցքների վրա եւ կվերցնեինք նրանց խումբը»: 
Աղդամի գործողությունների ժամանակ հայկական միավորումները միջանցք էին թողել քաղաքում մնացած խաղաղ բնակիչների համար, որից օգտվեցին նաեւ զինվորականները, այդ թվում` չեչենները:
Անատոլի Զինեւիչը Բասաեւի մասին խոսում էր անթաքույց արհամարհանքով. 
«Ես ունեի նրա բանակցությունների ռադիոգրերը, որոնցում նա բառացիորեն աղաչում էր իրեն օգնություն ուղարկել: Հետագայում Բասաեւը խոստովանել էր, որ Ղարաբաղում կռվելը անիմաստ էր`ադրբեջանցիները չէին կարողանում, իսկ հայերին չես հաղթի»:
Ինքը Բասաեւը 2000թ. հարցազրույց էր տվել ANS ադրբեջանական հեռուստաընկերությանը, որում խոստովանել էր իր մասնակցությունը ղարաբաղյան պատերազմին: 
«Մենք եկանք Ղարաբաղ կռվելու ոչ թե ավարի, այլ Ջիհադի գաղափարի համար: Սակայն տեղ հասնելով եւ իրավիճակը տեսնելով` հասկացանք, որ այնտեղ չկա Ջիհադի եւ ոչ մի նշան»,- պատմել էր Բասաեւը:
Նրա խոսքերով, ադրբեջանական բանակում քիչ էին այնպիսի բարձրաստիճան հրամանատարները, որոնց «կարելի էր վստահել»: «Բացի այդ,- ասել էր Բասաեւը,- հայերն ավելի լավ էին նախապատրաստվել պատերազմին»:
Շամիլ Բասաեւը նաեւ ասել էր, որ Շուշիի անկումը պայմանավորված էր կազմակերպվածության բացակայությամբ եւ ադրբեջանական բանակն անարդյունավետ ղեկավարելու հանգամանքով: Նրա խոսքերով, «100 զինված մարդիկ կարող էին պահել Շուշին մեկ տարվա ընթացքում»: Իր իսկ խոսքերով, վերոնշյալ պատճառներից ելնելով, 1993-ին նա որոշեց Ղարաբաղից դուրս բերել իր ենթակայության տակ գտնվող չեչենական ջոկատները:
2000 թվականի հոկտեմբերին՝ «մոռանալով» հայերի հետ պատերազմելու իր դառը փորձը, Բասաեւը նամակ էր ուղարկել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին.
«Մենք ուզում ենք վստահեցնել Ադրբեջանի նախագահին, որ ամբողջապես աջակցում ենք ազգային անկախության եւ տարածքային ամբողջականության համար ձեր արդարացի պայքարին: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով, եւ նույնիսկ Իրանը, ով պետք է ձեր բնական դաշնակիցը լիներ, մեծամասամբ հայամետ քաղաքականություն է վարում: Ծանր է դա գիտակցելը»:
2020 թվականին իսլամիստները վերադարձան Արցախ: Ադրբեջանն ու Թուրքիան Սիրիայում հավաքագրել էին մի քանի հազար վարձկան, որոնց հիմնականում օգտագործում էին որպես «թնդանոթային միս»:
2020թ. հոկտեմբերին զրուցել էինք անկախ լրագրող Լինդսի Սնելի հետ, որը նոր էր վերադարձել Արցախից: Ամերիկացի լրագրողն առաջիններից մեկն էր հայտնել Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների մասին:
«Տեղյակ էի 2016-ին տեղի ունեցած բախումների մասին, բայց այս թեման ինձ ավելի շատ սկսեց հետաքրքրել, երբ լսեցի Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների Ադրբեջան տեղափոխման մասին: Խոսակցություն էր, որը սկիզբ էր առել հուլիսից: Այս խոսակցություններն իսկապես պայթեցին, երբ տեղի ունեցավ նրանց տեղակայումը: Շատերը չէին հավատում դրան, ու դեռ կան մարդիկ, որոնք մինչեւ հիմա ժխտում են։ Սակայն հիմա ակնհայտ է՝ Ֆրանսիան, Ամերիկան եւ Ռուսաստանը պնդում են, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում սիրիացի վարձկաններ են կռվում», – ասում էր Լինդսի Սնելը:
Հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինն ասել էր.
«Հակամարտության գոտի ակտիվորեն մեկնում են Մերձավոր Արեւելքում գործող ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ: Նրանք ներկայացնում են «Ջեբհատ ան-Նուսրան», «Ֆիրքատ ալ-Ամզա», «Սուլթան Մուրադ» խմբավորումները»:
Նա նշել էր, որ խոսքը «հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր» արմատականների մասին է:
Պատերազմի դադարեցումից երկու օր առաջ, 2020թ. նոյեմբերի 7-ին, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույցում «լուրջ մտահոգություն էին հայտնել հակամարտության գոտում շարունակվող լայնամասշտաբ բախումների եւ Սիրիայից եւ Լիբիայից ժամանող ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության վերաբերյալ»:
Պատերազմի ավարտից մոտ կես տարի անց, 2021թ. ապրիլին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «կայուն խաղաղություն հաստատելու համար Թուրքիային անհրաժեշտ է փոխել իր ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»:
«Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ ստացավ Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ընթացքում: Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին տրամադրեց ուղղակի ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական աջակցություն՝ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով օտարերկրյա զինված վարձկան-ահաբեկիչներ», -ասում էր Փաշինյանը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:
Այսօր արդեն ոչ ոք չի հիշում վերջին պատերազմին իսլամիստ վարձկանների մասնակցության մասին: 2026 թվականի հունվարին Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին եւ Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին Թուրքիայի միջոցով փոխանցվեցին Սիրիայի իրավասու մարմիններին:
Արա Թադեւոսյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *