Երևանում կարող են լինել ոչ թե հերթական, այլ արտահերթ ավագանու ընտրություններ․ Ավինյանը շանսեր չի ունենա․ Գևորգ Ստեփանյան

Written by

in

Երևանում լինելու են ավագանու ոչ թե հերթական, այլ արտահերթ ընտրություններ։ Նման համոզմունք ունի Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նա նշել է, որ Տիգրան Ավինյանը, քաղաքը նման կերպ կառավարելու դեպքում, հաջորդ ընտրություններում շանսեր չի ունենա։

«Երևանի ավագանու ընտրություններին մնացել է երկու տարուց քիչ ժամանակ։ Թե Ավինյանը կլինի «ՔՊ»-ի թեկնածուն, թե ոչ՝ չգիտեմ, բայց գիտեմ, որ նախորդ ամիս ԱԺ-ում, որը ոչ լեգիտիմ է, հենց «ՔՊ»-ի պատգամավորներից մեկն ասաց, որ մենք ունենք փոքրամասնության քաղաքապետ՝ 850 հազար ընտրողից 70 հազար ձայն ստացած քաղաքապետ։

Իմ կարծիքով՝ Երևանում լինելու են ավագանու արտահերթ ընտրություններ, այլ ոչ թե հերթական։ Այսպես շարունակելու դեպքում Ավինյանը, իհարկե, շանսեր չի ունենա»,- ասել է Ստեփանյանը։

Անդրադառնալով երեք տարի առաջ հիմնանորոգված «Լամբադա» կամրջին՝ ավագանու անդամը նշել է, որ դրա հերթական հիմնանորոգումը նոր անհարմարություններ է առաջացնելու մայրաքաղաքի բնակիչների համար։ Նրա խոսքով՝ Երևանում խցանումները նոր թափ են ստանալու։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ գրել էր, որ Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեից 324 միլիոն դրամ է հատկացրել Դավիթ Անհաղթ և Կոմիտաս փողոցները միացնող ուղեկապի հիմնանորոգման համար։ «Լամբադա» կամրջից առաջ քաղաքային իշխանությունը հիմնանորոգել էր նաև Կիևյան կամուրջը։

«Ոչ մի բան չեն քանդել ու սարքել, ուղղակի Կիևյան կամուրջը ասֆալտապատել են ու մի քանի տեղ վրայից ներկել են։ Ինչ վերաբերում է ամառվա սեզոնին՝ մարդիկ հանգստացել են։

Ամսի 12-ից Արաբկիր վարչական շրջանից, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից ովքեր կփորձեն գալ Կենտրոն, ես ցավում եմ, բայց իրենք կհայտնվեն շատ մեծ խցանման մեջ։ «ՔՊ»-ի փոքրամասնությանը դա չի հետաքրքրում։

Երեք ամիս ունեին իրենց ասած «Լամբադա» կամուրջը թեթև վերանորոգելու համար, այնինչ թողեցին այս պիկ՝ ուսումնական սեզոնին։ Հիմա երեք օրից կտեսնեք, թե ինչ ավելի ուժեղ խցանումներ են լինելու Երևանում»,- ասել է Ստեփանյանը։

Նա հավելել է, որ «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր քաղաքային իշխանությանը չթանկացնել կարմիր գծերի համար նախատեսված տարեկան 12 հազար դրամ վճարը՝ դարձնելով այն 160 հազար դրամ, քանի որ, իր խոսքով, դա որևէ օգուտ չէր տալու։

«Միայն նրանք երեք տարի է՝ իշխանության են, իսկ «ՔՊ»-ն՝ 2018 թվականից։ Գեթ մեկ էստակադա, գեթ մեկ շրջանցող ճանապարհ 12 վարչական շրջաններում չկան։ Մեր բոլոր մարզերից եկող քաղաքացիները Երևանի միջով են անցնում ու հասնում մի վարչական շրջանից մյուսը։

2018 թվականից մինչև օրս ոչինչ չեն կառուցել։ Այս մարդիկ նորմալ փոսալցում չեն անում, ուր մնաց՝ էստակադա կառուցեն։ Վառ օրինակը Աջափնյակի մետրոն է․ ամեն տարի դրա բացումն են անում»,- եզրափակել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *