Ներկայացնում ենք Ռուսաստանի ԱԳՆ ՄՀՊԻ (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի (ИМИ) առաջատար փորձագետ Նիկոլայ Սիլաեւի Личность и идентичность: как Армения теряет главного союзника հոդվածի թարգմանությունը (կրճատումներով);
Նիկոլայ Սիլաեւ
Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բիշքեկում՝ նրանց առաջին առանձնազրույցը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, դիրքորոշումների փոփոխության չբերեց: Պուտինը հերթական անգամ հիշեցրեց Փաշինյանին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անհամատեղելի է Եվրոպական միությանը միանալու ձգտման հետ, եւ առաջարկեց կողմնորոշվել եւ հանրաքվեի միջոցով պարզել՝ ՀՀ քաղաքացիները նախապատվությունը տալիս են եվրասիակա՞ն, թե՞ եվրոպական ինտեգրմանը։ Փաշինյանն էլ ի պատասխան կրկնեց, որ հանրաքվե չի անցկացնի, որովհետև «ժամանակը չի հասունացել»։
Տարաձայնությունների էությունը պարզ է։ Հայաստանը ցանկանում է շարունակել գումար վաստակել Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայում, այսինքն, նախեւառաջ՝ ռուսական շուկայում։ Սակայն դրանով հանդերձ՝ գործընկերներին համառորեն հասկացնում է, որ ԵԱՏՄ-ին մասնակցում է լոկ ժամանակավորապես, քանի դեռ իրեն չի կանչել մեկ ուրիշը, որն ավելի գրավիչ է, այսինքն՝ Եվրամիությունը։ Զարմանալի չէ, որ ԵԱՏՄ-ի մյուս անդամների շրջանում այս մոտեցումը ըմբռնում չի գտնում։
Լուսանկարը` Kremlin.ru
Ռուսաստանը, որն այս դեպքում ներկայացնում է ԵԱՏՄ-ի դիրքորոշումը, շուրջ մեկ տարի պաշտոնական Երեւանին պարզաբանում էր այս խնդիրը։ Բեկումը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին Մոսկվա կատարած այցից հետո։ Այն ժամանակ Հայաստանի ղեկավարն ասել էր, որ երկիրը շարունակելու է փող վաստակել ԵԱՏՄ-ում, սիրել եվրոպացիներին, իսկ վերջնական ընտրությունը կկայացնի հետո։ Այնուհետեւ խոսքերը փոխարինվեցին գործողություններով։ Ռուսաստանը բուսասանիտարական սահմանափակումներ մտցրեց հայկական ապրանքների համար, ինչում բազմաթիվ դիտորդներ քաղաքական ենթատեքստ տեսան։ Իսկ մայիսի վերջին՝ ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպմանը, որին Փաշինյանը չէր մասնակցում, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի առաջնորդները համատեղ հայտարարությամբ Երեւանին կոչ արեցին ինտեգրացիոն ծրագրերի վերաբերյալ հանրաքվե անցկացնել եւ ակնարկեցին Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման մասին։
Դատելով Բիշքեկում տեղի ունեցած զրույցից՝ ամեն ինչ գնում է նրան, որ պայմանագրի կասեցման հարցն արդեն դեկտեմբերին գործնական հարթություն կտեղափոխվի։ Հայաստանի համար հետեւանքները ծանր են լինելու։ Զարմանալի է, որ նա գնում է լուրջ տնտեսական նեղություններին ընդառաջ՝ դրա համար որեւէ հիմնարար պատճառ չունենալով։
Լուսանկարը` Kremlin.ru
Առանց որեւէ հեգնանքի. Նիկոլ Փաշինյանը մեծ քաղաքական տաղանդի տեր մարդ է։ Նա ժամանակակից Հայաստանի միակ քաղաքական գործիչն է, ում հաջողվել է իշխանության գալ փողոցային բողոքի ցույցերի արդյունքում։ Շատերն են փորձել, սակայն ստացվել է միայն նրա մոտ։ Նա երեք անգամ հաղթել է ընտրություններում։ Եթե 2018 թվականի առաջին հաղթանակը կարելի է վերագրել ընտրողներին համակած հեղափոխական էյֆորիային, ապա 2021 եւ 2026 թվականներին Փաշինյանը, բոլոր հաշվարկներով, պետք է պարտվեր ընտրություններում՝ պատերազմում կրած պարտության, Լեռնային Ղարաբաղի հանձնման, Հայ Առաքելական Եկեղեցու հետ վեճի, ինչպես նաեւ հիմնական դաշնակցի եւ առաջատար տնտեսական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ փչացված հարաբերությունների պատճառով։ Այնուամենայնիվ, նա պահպանեց իշխանությունը։ Ընտրություններից անմիջապես հետո՝ երեք ամիս էլ չանցած, նա մեկուսարան ուղարկեց խորհրդարանական ընդդիմադիր երկու կուսակցությունների առաջնորդներին, որոնցից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի ամենահարուստ մարդկանցից է, իսկ երկրորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, երկրի նախկին նախագահն է։ Իսկ ընդդիմության ամենաշատ ժողովրդականության վայելող առաջնորդը՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, կալանքի տակ է գտնվում դեռեւս անցյալ տարվանից։ Իր ավյունով ու խանդավառությամբ Հայաստանի վարչապետը հիշեցնում է Վրաստանի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին. սակայն վերջինս, ութ տարի իշխանության ղեկին մնալով, այնուամենայնիվ, ձանձրացրեց իր հայրենակիցներին։ Մինչդեռ Փաշինյանի դեպքում, դատելով նրա հանրային ելույթների տոնայնությունից, ութ տարի անց կարիերան դեռեւս իր բուռն ծաղկման շրջանում է։
Նման առաջնորդի կերպարում յուրահատուկ ոչինչ չկա։ Փաշինյանը մարմնավորում է նույն քաղաքական միտումը, որն առաջնային պլան մղեց, օրինակ, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին եւ նմանատիպ գործիչների մի ամբողջ բուծվածք՝ ներառյալ նրանց գաղափարական հակառակորդին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Պոպուլիզմն» այս դեպքում այնքան էլ ճիշտ բնորոշում չէ, մանավանդ որ գլոբալիստ մեկնաբաններն այն ամրագրել են իրենց ազգայնական հակառակորդների համար։ Ավելի շուտ տեղին է խոսել հանրային քաղաքականության եւ պետական կառավարման ոլորտների միջեւ խզման մասին։ Արեւմտյան բազմաթիվ երկրներում իշխանության են եկել մարդիկ, որոնց աշխարհընկալման տեսակետից բլոգերներ են։ Նրանց համար աշխարհը մեդիան է եւ ոչինչ մեդիայից բացի. խոսքն արժե այնքան, որքան «լայք» է հավաքում։
Նման աշխարհայացքը կարող է օգտակար լինել նախընտրական պայքարում, բայց դիվանագիտության համար այն աղետ է։ Պատահական չէ, որ Փաշինյանը, որն ամբողջ կյանքում լրագրող է եղել, իսկ հետո միանգամից՝ վարչապետ, այդքան մտերմացավ իր ֆրանսիացի գործընկերոջ հետ։ Տարբերությունն այն է, որ Մակրոնի թիկունքին կանգնած է հսկայական դիվանագիտական ավանդույթներ ունեցող հին ու ուժեղ պետական ապարատ, որն ունակ է մեղմել առաջին դեմքի Էքսցենտրիկ քայլերի հետեւանքները։ Հայաստանում նման ապարատ չկա, իսկ դրա սաղմերը, որոնք ի հայտ էին եկել առաջին երեք նախագահների օրոք, գործող ղեկավարը հաջողությամբ ոչնչացրել է։ Սոցցանցում առաջին դեմքի էջի եւ հայկական արտաքին քաղաքականության միջեւ ֆիլտրը բացակայում է։ Բլոգերին բնորոշ սովորությունները տեղափոխվում են դիվանագիտական ոլորտ. երեկ Ռուսաստանին հավաստիացնում ենք, որ գիտակցում ենք Եվրամիությանը Հայաստանի անհավանական լինելը, այսօր իշխող կուսակցությունն ընդունում է Եվրամիությանն անդամակցելու մասին օրենք։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Երբ տեղացի դիտորդներն ասում են, թե Նիկոլ Փաշինյանը վաղուց էր Հայաստանին կոչ անում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ հիմա «տանում է նրան դեպի Արեւմուտք», նրանք թերագնահատում են բլոգերային էության «հոսունությունը»։ Խնդիրն այն չէ, որ Հայաստանի ղեկավարը որեւէ ռազմավարություն ունի։ Այն, ամենայն հավանականությամբ, չկա, կամ, ավելի ճիշտ, հանգում է պարզ բանի՝ ստանալ առավելագույն իշխանություն՝ նվազագույն պարտավորություններով։ Հայաստանին այսօրվա կետին հասցրել է ոչ թե ռազմավարությունը, այլ մարտավարական քայլերի շղթան, որոնք առանձին-առանձին, թերեւս, ռացիոնալ են, բայց համախմբությամբ՝ խորապես սխալ։ Սոցցանցերում փայլուն հրապարակումների հեղինակներն առհասարակ հազվադեպ են կարողանում խոշոր, բարդ կազմակերպված գրական գործեր կերտել։
Միության բովանդակության ճգնաժամը
Որքան էլ պատահական թվան Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական քայլերը, նա անկասկած պատմության մեջ կմնա հայկական ազգային մտածողությունը վերափոխելու իր փորձի շնորհիվ։ Փորձով, որը հարկադրված էր, որակի ու կատարման տեսանկյունից՝ վիճահարույց, բայց՝ անխուսափելի։ Հայաստանի մեկնաբանները լիովին իրավացի են, երբ հիշեցնում են, որ երկիրն ապրում է ինքնության տեւական ու սուր ճգնաժամ։ Պետական եւ ազգային գոյության նախկին գաղափարական հիմքերը, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետությունը խորհրդանշականորեն փոխհատուցում էր ազգի դարավոր պարտություններն ու տառապանքները՝ պաշտպանելով Լեռնային Ղարաբաղը, ավերված են։ Ղարաբաղը կորսված է, եւ այն վերադարձնելն անհնար է։
Պարզ ուղին, որով գնաց Հայաստանի ղեկավարը, ղարաբաղյան շարժումը պատմական սխալ հայտարարելն էր։ Բայց այստեղ երկու խնդիր կա։ Առաջինն այն է, որ այդ շարժումն անբաժանելի է հայկական ազգայնականությունից՝ որպես այդպիսին. Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանության մասին հիշողությունից, նախնիների կորսված հողի կարոտից, աշխարհով մեկ սփռված ժողովրդի կերպարից, որին միավորում են ազգային եկեղեցին եւ ընդհանուր պատմական ապրումները։ Չեղարկելով Ղարաբաղը՝ դժվար է չչեղարկել նաեւ ողջ հայկական ազգայնականությունը, իսկ առանց դրա՝ ո՞րն է Հայաստանի Հանրապետության իմաստը։
Երկրորդ դժվարությունն այն է, որ հինը փոխարինելու համար նոր առասպել է պետք, սակայն այն հայթայթելու ոչ մի աղբյուր չկա։ Անշուշտ, Փաշինյանը փորձեց ստեղծել նման առասպել. նա հիմա «վաճառում է» Միխայիլ Գորբաչովի «նոր մտածողության» նման մի բան. մենք սխալվում էինք, բայց հիմա աչքերս բացվել են, թոթափել ենք նախկին մոլորությունները եւ ուզում ենք խաղաղ ապրել նրանց հետ, ում թշնամի էինք համարում։ Բայց հիմա 1980-ականները չեն, եւ Հայաստանի վարչապետի ելույթները հակասում են ժամանակակից աշխարհի գաղափարական տրամադրվածությանը՝ աճող ազգային եսասիրությամբ եւ ավանդույթների գովերգմամբ։ Բացի այդ, Գորբաչովը «նոր մտածողություն» սկսեց քարոզել պատմական պարտությունից առաջ, այլ ոչ թե հետո։ Դժվար է հավատալ մի ղեկավարի, որն սկզբում ասում էր, թե «Ղարաբաղը Հայաստան է», իսկ պատերազմում պարտվելուց հետո ղարաբաղյան շարժումը հայտարարեց գրեթե հանցավոր։
Լուսանկարը` Kremlin.ru
Ինչեւէ, ինքնության ճգնաժամն ակնհայտ է։ Ըստ ամենայնի, կլինեն նաեւ այն հաղթահարելու այլ փորձեր՝ թերեւս ավելի հաջող, քան ներկայիս փորձն է։ Հասկանալի է նաեւ հայ մտավորականների՝ Ռուսաստանին ուղղված լռելյայն կոչը. «Հանգի՛ստ թողեք մեզ, թույլ տվեք ուշքի գալ»։ Բայց այստեղ էական է նաեւ այն բարդ երկընտրանքը, որի առջեւ կանգնած է Ռուսաստանը։
Անցյալի հայ քաղաքական գործիչները, որոնք դաստիարակվել էին, եթե կարելի է այդպես ասել, «հին» ազգայնականության ոգով, ելնում էին թշնամիների հասկանալի կազմից՝ Ադրբեջան եւ Թուրքիա։ Նրանք կարող էին չսիրել Ռուսաստանին, բայց նրա հետ դաշինքն անհրաժեշտ էին համարում ուժերի հավասարակշռության համար։
«Համամարդկային» Հայաստանը չի մտածում ուժերի հավասարակշռության կատեգորիաներով, եւ Ռուսաստանը՝ որպես ռազմական դաշնակից, նրան, ընդհանուր առմամբ, այնքան էլ պետք չէ։ Ուստի Գյումրիում ռուսական ռազմաբազայի փակումը լիովին հավանական սցենար է։
Սակայն Ռուսաստանն էլ իր դաշինքները կառուցում էր՝ ելնելով «հին» հայկական ազգայնականությունից։ Մի բան է Հայաստանը, որին անհրաժեշտ է զսպել Ադրբեջանին ու Թուրքիային, եւ որն անուղղակիորեն վերահսկում է Լեռնային Ղարաբաղը՝ իր աշխարհագրական պայմաններով փաստացի մի լեռնային ամրոց։ Բոլորովին այլ բան է նախկին թշնամիների առջեւ զինաթափված, քաղաքական կամքից զրկված եւ արտերկրում իր շահերը միայն առեւտրի հարցերով սահմանափակած Հայաստանը։
Հայաստանի կողմից ներկայում կատարվող ընտրությունը «հին» ազգայնականության եւ «համամարդկային արժեքների» միջեւ փոխկապակցված է Ռուսաստանի հետ «ուժեղ» կամ «թույլ» դաշինքի միջեւ ընտրության հետ: Ռուսաստանը նույնպես ընտրության առջեւ է: Եթե Մոսկվան ցանկանում է պահպանել «ուժեղ» դաշինքը Հայաստանի հետ, ապա դա նրանից կպահանջի դաշնակցի անվտանգության ապահովման շատ ավելի մեծ ներգրավվածություն, քան դա կար մինչեւ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Իսկ հետո շրջանը փակվում է. հայ հասարակության համար ինքնության երկու տարբերակների միջեւ ընտրությունը կախված է նաեւ նրանից, թե որքանով է Ռուսաստանը պատրաստ ներդրում կատարել դաշինքի մեջ: Այսինքն, եթե նայենք հայերի աչքերով, թե որքանով Մոսկվան կարող է աջակցել «հին» հայկական ազգայնականության հավակնություններին: Դաշնակիցներից յուրաքանչյուրի կայացրած որոշումը կախված է մյուսի որոշումից: Եվ այդպես ինքնության հայկական ճգնաժամը վերածվում է հայ-ռուսական դաշինքի բովանդակության ճգնաժամի:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply