Ռուբեն Ֆիլյանի վերակենդանացած սենյակը եւ անգլերեն թարգմանված վեպը

Written by

in

«Ռուբեն Ֆիլյանը ծնվել է 1952 թվականին Երեւանում։ 1980 թվականին՝ «Անծանոթ ինքնակենսագրություն» գրքի հրատարակումից հետո, Խորհրդային Հայաստանից Ֆրանսիա մեկնած գրողի ճանապարհն անցնելու էր Եգիպտոսով ու Հորդանանով։ Նրա վերջնական կանգառը Հնդկաստանի Գոա նահանգի հայտնի Արամբոլ լողափն էր, որտեղ դասավանդում էր յոգա, կարատե, երաժշտություն եւ արեւելյան փիլիսոփայություն։ Հենց Արամբոլում էլ 1983-ին անժամանակ ընդհատվեց 1970-ականների հայ գրականության ամենաինքնատիպ հեղինակներից մեկի՝ Ռուբեն Ֆիլյանի կյանքը։

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

Գրքի երեւանյան միջազգային փառատոնի շրջանակում Ֆիլյանի գրական ուղու անդրադարձը մեկտեղեց երկու կարեւոր միջոցառում։ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում բացվեց «Ռուբեն Ֆիլյան. գրողի սենյակը» ժամանակավոր ցուցադրությունը, որը կգործի մինչեւ սեպտեմբերի 20-ը։ Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաեւ «ԱՐԻ» գրականության հիմնադրամի նախաձեռնությամբ հրատարակված «Քո երկրի դեսպանը» վեպի անգլերեն թարգմանության շնորհանդեսը։ 

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ցուցադրության կազմակերպումը թանգարանի փոքր սրահում պատահական չէ։ Նրա խոսքով՝ սրահի փոքրությունը խորհրդանշում է գրողի կյանքի կարճ տեւողությունը, որի սահմաններում, սակայն, փորձ է արվել ներկայացնել Ֆիլյանի գործունեության պես խորը, ծավալուն ու ընդլայնված տարածություն։ 

 

Ցուցադրությունը կազմակերպվել է գրող Արամ Պաչյանի հայեցակարգով։

 

«ԱՐԻ» գրականության հիմնադրամի տնօրեն Արեւիկ Աշխարոյանի կարծիքով նույնպես՝ այս մտերմիկ հավաքը շատ հարազատ է Ֆիլյանի մարդ տեսակին ու նրա գրականությանը։

Արեւիկ Աշխարոյանը Արեւիկ Աշխարոյանը

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

«Ուրախ եմ, որ Արամ Պաչյանը ժամանակին վեր հանեց այս հեղինակին ու գիրքը վերադարձրեց ընթերցողներին։ Մենք մեծ ուրախությամբ հրատարակեցինք նախ վեպը, ապա նաեւ պատմվածքներն ու հեքիաթներն ամփոփող արձակ ժողովածուն։ Դրանից հետո արդեն՝ որպես գրական գործակալություն, ձեռնամուխ եղանք վեպի անգլերեն թարգմանությանը՝ փորձելով այն ներկայացնել օտարալեզու հրատարակիչներին»,- նշեց Արեւիկ Աշխարոյանը։ 

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

«Քո երկրի դեսպանի» թարգմանությունը հանձն է առել Մարգարիտա Օրդուխանյանը։ Այն հնարավոր է դարձել «Հայ գրականության միջազգային ալյանս» կազմակերպության թարգմանչական դրամաշնորհի աջակցությամբ։ Առայժմ լույս է տեսել գրքի հատուկ, սահմանափակ տպաքանակը, սակայն  հույս ունեն գտնել անգլիալեզու այն հրատարակչությունը, որը կստանձնի գրքի մեծածավալ տպագրումն ու տարածումը։

 

Միջոցառմանը ներկա էր Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, որը եղել է Ռուբեն Ֆիլյանի համակուրսեցին ու գրչընկերը։

Էդվարդ Միլիտոնյանը Էդվարդ Միլիտոնյանը

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

«Մինչեւ համակուրսեցի դառնալը մենք արդեն տպագրվում էինք «Գարուն» ամսագրում, ես նրան շատ լավ ճանաչում էի, կարդացել էի։ Այն տարիներին «Գարուն»-ում տպագրվելը նշանակում էր, որ քեզ կարդում էր ողջ հայ ընթերցող հասարակությունը։ Հիշում եմ՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի պատի թերթում  ներկայացվեցինք, և այդտեղից նրան ընկերական «Ֆիլ» էին ասում, ինձ՝ «Միլ»»,- պատմեց Էդվարդ Միլիտոնյանը։

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

ՀԳՄ նախագահը հիշում է նաեւ Ֆիլյանի՝ Մոնումենտում գտնվող բնակարանը։ 

 

«Երեւանի պատվական մարդիկ՝ նկարիչ, գրող, կոմպոզիտոր թե պարզապես հետաքրքիր ընկեր, բոլորը հավաքվում էին այնտեղ, եւ այդ փոքրիկ սենյակը երեւանյան մի իսկական ձգողական կենտրոն էր։ Բակում թենիսի հարթակ կար, իսկ վերեւում մեր հանդիպումներն էին։ Ու չկար մի դեպք, որ Ռուբենը գրականությունից խոսեր, վերլուծություններ աներ կամ ցույց տար, թե գրող է։ Այդպիսի գրող, որը հանդես էր գալիս «ոչ գրողի» կերպարով, երեւի միայն Ռուբեն Ֆիլյանն էր։ Նա իր, այսպես ասած, աբսուրդիկ կյանքն իր գրվածքի պես անցկացրեց»։ 

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

«Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» վեպն առաջին անգամ տպագրվեց «Նաիրի» հրատարակչությունում (1992 թ.), որտեղ ես ժամանակակից գրականության բաժնի վարիչն էի,- ասաց ԳԱԹ-ի գիտական գծով փոխտնօրեն, տեքստաբան Գուրգեն Գասպարյանը։- Գիրքը հրատարակելու բերեց հեղինակի հայրը՝ Պարգեւ Ֆիլյանը, որը հրաշալի մարդ էր։ Առաջաբանը գրեց մեր ընկերը՝ բանաստեղծ Արմեն Շեկոյանը, որն այդ ժամանակ հրատարակչության գլխավոր խմբագիրն էր։ Տպագրեցինք այն, եւ գիրքը դրվեց շրջանառության մեջ։ Բայց շատ ավելի կարեւոր է այսօրվա խորհուրդը։ Հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արամ Պաչյանին, որ սիրով, նվիրվածությամբ ու գրողական անշահախնդիր մոտեցմամբ Ֆիլյանի գրականությանը նոր վերածնունդ տվեց։ Սա ես շատ կարեւորում եմ գրական դաշտն առողջացնելու տեսակետից, երբ գրողն իր գրչընկերոջ գործը գնահատում է ու հանրահռչակում։ Շնորհակալ եմ նաեւ բոլոր նրանց, որոնք նախաձեռնեցին ու տպագրեցին նոր հրատարակությունը, ինչպես նաեւ թարգմանեցին անգլերեն՝ ճանապարհ բացելով դեպի միջազգային ասպարեզ»։

Արամ Պաչյանը Արամ Պաչյանը

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

Մինչ Ֆիլյանի սենյակին նվիրված իր էսսեն ընթերցելը՝ Արամ Պաչյանն ընդգծեց, որ անչափ կարեւորում է անդրադարձը ոչ միայն Ֆիլյանին, այլեւ ընդհանրապես քիչ ճանաչված ու քիչ ընթերցված հեղինակներին: Ըստ նրա՝ այս օրերում նման քայլերը փոքրիկ քարեր ավելացնելու պես են մեր՝ ինչ-որ առումով փլված տան շեմին ու տիրույթին:

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

Ռուբեն Ֆիլյանի անձնական արխիվից պահպանված ձեռագրերը, լուսանկարները, անձնական իրերն ու արվեստի գործերը որոշ ժամանակ ԳԱԹ-ում կվերակենդանացնեն այն սենյակի միջավայրը, որտեղ նա ստեղծագործում էր։

 

Արմինե Սարգսյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts