Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել «փոխշահավետ տնտեսական, առեւտրային եւ էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ»:
«Երկրի ղեկավարներն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի, ստորագրված համատեղ հռչակագրի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման պատմական նշանակությունը։
Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի եւ երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների հաստատումն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարեւոր գործնական դրսեւորումներ: Ղեկավարները նաեւ ողջունել են գործարար համայնքների միջեւ շփումները եւ մտքեր փոխանակել փոխշահավետ տնտեսական, առեւտրային եւ էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։
Կողմերը նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով համապատասխան պետական հանձնաժողովների կարեւոր դերը եւ ընդգծել դրանց աշխատանքը շարունակելու կարեւորությունը՝ համաձայն երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում:
Երկու երկրի ղեկավարները քննարկել են TRIPP-ի իրականացման հետ կապված հետագա գործնական քայլերը եւ ընդգծել «TRIPP-ի շրջանակներում կապակցվածության նախագծերի կարեւորությունը»։
«Ղեկավարները դրական են գնահատել վստահության ամրապնդմանն ուղղված խորհրդարանականների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ շփումները՝ նշելով դրանց կարեւորությունը փոխադարձ վստահության ամրապնդման եւ խաղաղության ավելի լայն օրակարգի աջակցության գործում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տեւական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը եւ կապակցվածության ամրապնդմանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Leave a Reply