«Արվեստագետը որպես պատկեր». երբ դիմանկարը պատմում է ժամանակը

Written by

in

Լուսանկարը կարող է պարզապես ցույց տալ մարդու դեմքը։ Բայց երբ այդ մարդը արվեստագետ է, լուսանկարը երբեմն դադարում է սոսկ դիմանկար լինելուց։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Արվեստագետը որպես պատկեր» ցուցահանդեսը լուսանկարչական դիմանկարի միջոցով ներկայացնում է արվեստագետի կերպարի փոփոխությանը 19-րդ դարի վերջից մինչեւ մեր օրերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սա պատմական եւ խորհրդանշական ցուցահանդես է», – ասում է համադրող Վիգեն Գալստյանը՝ նկատի ունենալով այն փաստը, որ Ազգային պատկերասրահում սա լուսանկարչությանը նվիրված առաջին ցուցահանդեսն է, որը մեծապես հիմնված է հենց պատկերասրահի սեփական հավաքածուի վրա։

Վիգեն Գալստյանը Վիգեն Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի քանի տարի առաջ նման ցուցադրությունը դժվար էր պատկերացնել: Ազգային պատկերասրահը լուսանկարչության բաժին չուներ, իսկ լուսանկարչությունը Հայաստանում դեռեւս չէր ստացել այն տեղը, որը հնարավորություն կտար այն դիտարկել նաեւ որպես արվեստի ինքնուրույն ձեւ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 50 արվեստագետների լուսանկարներ՝ Հովհաննես Այվազովսկուց, Հակոբ Գյուրջյանից ու Մարտիրոս Սարյանից մինչեւ Պաբլո Պիկասո, Սալվադոր Դալի, Սերգեյ Փարաջանով, Արմինե Գալենց եւ Մինաս Ավետիսյան։

Լուսանկարը` Մեդիամաքս

Վաղ շրջանի լուսանկարչական դիմանկարներում արվեստագետը հաճախ ներկայանում է որպես առանձնահատուկ անհատ։ Տաղավարային լուսանկարը պահանջում էր կանգնել, նստել, նայել տեսախցիկին եւ որոշակիորեն «ներկայանալ»։ 

Այստեղ արվեստագետը դեռեւս հիմնականում անձ է, որի մասնագիտությունն ընդգծվում է իր դիրքով, հագուստով կամ այնպիսի միջավայրով, որը նրան առանձնացնում է առօրյա մարդուց։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հին լուսանկարների ստատիկությունը, պաշտոնականությունը, կոմպոզիցիայի կառուցվածքը մի բան են ասում արվեստագետի հասարակական դիրքի մասին։ Ավելի ուշ լուսանկարչության մեջ հայտնվող ազատ կեցվածքը, անկաշկանդ միջավայրը կամ աշխատանքային պահի ֆիքսումը՝ մեկ այլ։ Այդ իմաստով լուսանկարը ժամանակի փաստաթուղթ է դառնում։

 

Այստեղ է առաջանում ցուցահանդեսի առանցքային հարցը. եթե արվեստագետի կերպարը փոխվում է, փոխվո՞ւմ է արդյոք նաեւ այն հասարակությունը, որը նայում է նրան։

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիգեն Գալստյանի խոսքով՝ ցուցադրությունը ներառում է ավելի քան մեկ դարի պատմություն եւ թույլ է տալիս հետեւել ոչ միայն լուսանկարչության, այլեւ արվեստագետի մասին պատկերացման փոփոխությանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ո՞վ է արվեստագետը» հարցը երբեք միայն արվեստի մասին հարց չի եղել։ Արվեստագետի դասական կերպարը երկար ժամանակ կառուցվել է առանձնահատուկ անհատի գաղափարի շուրջ՝ ստեղծագործողի, որը կարծես սովորական հասարակական կյանքից մի փոքր հեռու է եւ իր աշխատանքով առանձնանում է մյուսներից։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետագայում, հատկապես ժամանակակից արվեստի եւ լուսանկարչության զարգացմամբ, այդ սահմանը սկսում է քանդվել։ Արվեստագետը այլեւս պարտադիր չէ, որ ներկայանա որպես «հանճար»։ Նա կարող է դտարկել սեփական ինքնությունը, խաղալ իր կերպարի հետ, փոխել այն, բեմադրել կամ նույնիսկ ամբողջությամբ կասկածի տակ դնել։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսօր արվեստագետը ոչ միայն լուսանկարվող մարդ է, այլ նաեւ իր պատկերի համահեղինակը։ Սոցիալական մեդիայի դարաշրջանում այս գործընթացը կարող է ծայրահեղության հասնել։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Արվեստագետն ինքն է ընտրում՝ ինչ լուսանկարով ներկայանալ, ինչ միջավայրում, ինչ հագուստով, ինչ տեքստի ուղեկցությամբ։ Եթե նախկինում լուսանկարիչն ու հաստատությունն էին մեծապես որոշում, թե ինչպես է արվեստագետը մտնելու հանրային հիշողության մեջ, այսօր այդ իշխանությունը տեղափոխվել է հենց արվեստագետի ձեռքը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Բայց լուսանկարը միշտ էլ ընտրություն է։ Այն կարող է մեզ մոտեցնել մարդուն, բայց կարող է նաեւ հեռավորություն ստեղծել։ Ցուցահանդեսը դուրս է գալիս սովորական «հայտնի մարդկանց լուսանկարների» հավաքածու լինելու շրջանակից։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Այլ առաջարկում է լուսանկարին նայել ոչ թե որպես արվեստագետին ճանաչելու պարզ միջոցի, այլ որպես մեխանիզմի, որով մշակույթը հիշում է իր արվեստագետներին։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արվեստագետը որպես պատկեր» ցուցահանդեսը, այդ իմաստով, նաեւ Ազգային պատկերասրահի պատմության մասին է։ Ինչպես ասում է Վիգեն Գալստյանը, եթե չլինեին արվեստագետները, չէր լինի ոչ միայն այս հավաքածուն, այլեւ հաստատությունը, շենքը եւ այն մշակութային կյանքը, որն այսօր դրա շուրջ է ձեւավորվում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը պահում է դեմքը։ Ժամանակը փոխում է դրա իմաստը։ Եվ հենց այդ պատճառով ցուցահանդեսից դուրս գալիս արդեն դժվար է նայել արվեստագետի դիմանկարին միայն որպես դիմանկարի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Դեմքի կողքին սկսում ենք տեսնել դարաշրջանը, նրա ստեղծած մշակութային միջավայրը, հասարակության սպասումները եւ այն կերպարը, որը նա՝ գիտակցաբար կամ ոչ, թողել է իրենից հետո։

 

«Արվեստագետը որպես պատկեր» ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի մինչեւ հոկտեմբերի 4-ը։

 

Աստղիկ Հովհաննեսով

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *