ՀՀ-ում ՌԴ դեսպանը հետ է կանչվել ոչ այնքան արդյունավետ աշխատանքի պատճառով, սակայն Երևանին այդպիսի աշխատանքն էլ պետք չէ։ Ազգային լրատվական ծառայությանն ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Հիշեցնենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին Փաշինյանը հետ է կանչել։ Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ հայ-ռուսական լարված հարաբերությունները շտկելու նպատակով որոշել են պրոֆեսիոնալ դիվանագետ գործուղել ՌԴ։
Զատուլինը գնահատելով Արսենյանի գործունեությունը դեսպանի պաշտոնում՝ նշել է․
«Պարոն Արսենյանը Փաշինյանի «բնի» ճուտիկն է։ Նա ՌԴ-ի հասցեին թույլ էր տալիս տարբեր ոչ բարեկամական հայտարարություններ և դասական շրջադարձ կատարած քաղաքական գործիչ էր»։
Զատուլինի խոսքով՝ դեսպանն առանձնապես նշանակալի հաջողությունների չի հասել և ՌԴ-ում հեղինակություն չի վայելել։
«Նրան պաշտոնից հեռացնելու պատճառներից մեկն այն է, որ այսօր ռուս-հայկական հարաբերությունները լավագույն վիճակում չեն։ Բայց դրա մեղավորն առավելապես Փաշինյանն է։ Նրա համար Մոսկվայի հետ գործընկերությունը ութերորդ տեղում է՝ ԱՄՆ-ից, հարևան երկրներից, Թուրքիայից և Եվրամիությունից հետո։ Հետագայում մեր հարաբերությունները պայմանավորված կլինեն ոչ թե դեսպանների անձով, այլ այն քաղաքական կուրսով, որն այսօր որդեգրել է ՀՀ-ի կառավարությունը», -նշել է նա։
Զատուլինը հավելել է, որ Երևանի ամբողջ քաղաքականությունը կարող է փոխվել։
«ՀՀ-ն ամրագրել է, որ ՌԴ-ի հետ ունի սովորական գործընկերություն, իսկ Եվրամիության հետ՝ ռազմավարական։ Մենք Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների հետ միասին Երևանին դիմել ենք՝ հստակ պատասխան ստանալու համար, թե նրանք որտեղ են պատրաստվում լինել։ Նրանք խուսափում են այդ հարցին պատասխանելուց, ինչն արդեն իսկ հիմք է տալիս հասարակությանը ստորագրահավաք նախաձեռնելու և հանրաքվե անցկացնելու համար, քանի որ ի վերջո պետք է ընտրություն կատարել։
Փաշինյանը հասկանում է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների ամբողջական խզման գաղափարը ՀՀ-ում ժողովրդականություն չի վայելում։ Մեզնից բացի ոչ ոք հայկական կոնյակ չի գնում, մենք ունենք հսկայական պատմական և մշակութային կապեր։ Հրաժարվել այն ամենից, ինչ մեզ միավորում է, վարչապետի ընտրությունն է, բայց արդյո՞ք դա ամբողջ հայ ժողովրդի կարծիքն է։ Մենք ցանկանում ենք պարզել դա», — ընդգծել է նա։
դիտվել է 43 անգամ
Leave a Reply