Turan վերլուծական ծառայության ղեկավար, հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցերով LINKS Europe հարթակի անդամ Մեհման Ալիեւը գտնում է, որ TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) երթուղին եւ Նախիջեւանի հատվածը հեռանկարում պետք է միավորվեն միասնական միջազգային տրանսպորտային նախագծի մեջ:
Այդ մասին նա գրում է Opinion: A Corridor as a Guarantee – Why TRIPP Needs an International Consortium հոդվածում:
Ալիեւի խոսքով՝ դեռեւս 2021 թվականին Վրաստանում LINKS Europe-ի կողմից կազմակերպած փորձագիտական լսումների ժամանակ ինքը հայկական կողմին առաջարկում էր չհրաժարվել ճանապարհին միջազգային կարգավիճակ տալու գաղափարից: Իր դիրքորոշումը նա հիմնավորում էր ադրբեջանական նավթագազային նախագծերի փորձով: Նրա խոսքով, Հայաստանը 2020 թվականի պատերազմի ընթացքում հարվածներ չհասցրեց Ադրբեջանը Թուրքիայի եւ Եվրոպայի հետ կապող խողովակաշարերին, քանի որ դրանց հետեւում կանգնած էին ոչ միայն ադրբեջանական շահերը, այլեւ անդրազգային ընկերություններ, օտարերկրյա կառավարություններ եւ տարբեր երկրների սպառողներ:
Մեհման Ալիեւի կարծիքով, նույն տրամաբանությունը կիրառելի է նաեւ Զանգեզուրի երթուղու պարագայում. ամերիկյան, եվրոպական եւ տարածաշրջանային ներդրողների մասնակցությունը միջազգային կոնսորցիումին կարող էր բարձրացնել ճանապարհի անվտանգությունը՝ կողմերի լայն շրջանակի ներգրավվածության հաշվին:
Հեղինակը նշում է, որ TRIPP-ի 42-կիլոմետրանոց հատվածի բացումն ինքնին տնտեսական արդյունք չի երաշխավորում: Գնահատականները, որոնց համաձայն Ասիայի եւ Եվրոպայի միջեւ բեռների տեղափոխումը կարող է տեւել մոտ 14 օր, վերաբերում են ընդհանուր «Միջին միջանցքին», այլ ոչ թե միայն TRIPP-ին, եւ դրանց հասնելու համար կպահանջվեն համաձայնեցված սակագներ, արագացված մաքսային ընթացակարգեր, Կասպից ծովի նավագնացության հզորությունների ավելացում, նավահանգիստների եւ երկաթգծերի արդիականացում:
Մեհման Ալիեւը նշում է, որ այսօրվա դրությամբ Զանգեզուրի եւ Նախիջեւանի հատվածները կարգավորվում են տարբեր ռեժիմներով. TRIPP-ի հայկական հատվածով կզբաղվի հայ-ամերիկյան ընկերությունը, որում վերահսկիչ փաթեթը պատկանում է ԱՄՆ-ին, իսկ Նախիջեւանի համար Իլհամ Ալիեւը նախատեսում է միջազգային կոնսորցիում ստեղծել, որի վերահսկիչ փաթեթը կլինի Ադրբեջանի ձեռքում:
Հեղինակի կարծիքով՝ 42-կիլոմետրանոց հայկական հատվածը եւ 194-կիլոմետրանոց նախիջեւանյան երկաթգիծը տնտեսապես իմաստ ունեն միայն որպես մեկ միասնական տրանսպորտային շղթայի մաս, որը կապում է Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջեւանի, Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի եւ եվրոպական շուկաների հետ:
«Միջազգային բեռնառաքողի համար երկու հատվածների միջեւ վարչական սահմանը պակաս կարեւոր է, քան միասնական սակագները, համակարգված չվացուցակը, համատեղելի տեխնիկական չափորոշիչները, բեռներին թվային եղանակով հետեւելը եւ պատասխանատվության հստակ մեխանիզմը: Եթե երթուղու տարբեր հատվածները կառավարվեն առանձին-առանձին, սահմանին կարող են խնդիրներ, հակասություններ եւ հավելյալ ծախսեր առաջանալ: Հետեւաբար, տնտեսական տրամաբանությունը կողմերին մղելու է դեպի կառավարման միասնական համակարգ»,- գրում է հեղինակը:
Մեհման Ալիեւը նշում է, որ կոնսորցիումը կարող է «գործնական հավասարության» գործիք դառնալ Բաքվի եւ Երեւանի միջեւ՝ թույլ տալով համատեղ լուծել շահագործման, սակագների, տեխնիկական չափորոշիչների եւ ենթակառուցվածքների անվտանգության հարցերը: Այս դեպքում, եզրափակում է հեղինակը, երկաթգիծը կդադարի ընկալվել որպես մի կողմի հաղթանակ եւ մյուսի զիջում ու «ընդհանուր ակտիվ» կդառնա:
«Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում նախիջեւանյան եւ զանգեզուրյան հատվածները կարող են միավորվել մեկ միասնական միջազգային նախագծի մեջ, որը կկառավարվի ընդհանուր կոնսորցիումի կամ ազգային օպերատորներին միավորող համակարգող ընկերության կողմից: Այդպիսի կառուցվածքում Ադրբեջանն ու Հայաստանը պետք է լինեն ոչ թե արտաքին կառավարման օբյեկտներ, այլ համաօպերատորներ, համասեփականատերեր եւ առանցքային դերակատարներ: Հենց դրանում է TRIPP-ի ամենամեծ ներուժը: Նախագիծը կառավարման տարբեր մոդելներով երկու ազգային հատվածներից կարող է վերածվել մեկ միասնական միջազգային տրանսպորտային օրգանիզմի»,- ասվում է հոդվածում:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply