Հարավային Կովկասի վերափոխումը, «Միջին միջանցքը» եւ Հայաստանի դերը

Written by

in

Ներկայացնում ենք European Security and Defence հետազոտական հաստատության կայքում հրապարակված Rewiring the South Caucasus հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Դեյվիդ Լիդել

 

Եվրոպան երկար ժամանակ Հարավային Կովկասը դիտարկել է հիմնականում անվտանգության նեղ պրիզմայով՝ որպես մի տարածաշրջան, որը ձեւավորվել է ռուսական ազդեցությամբ, էներգետիկ խոցելիությամբ եւ մշտական անկայունությամբ՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի «սառեցված հակամարտություններով»։ Սակայն այսօր տարածաշրջանը արագորեն վերափոխվում է՝ ձեռք բերելով ավելի մեծ ռազմավարական նշանակություն։ Եվրոպայի ծայրամասը համարվող Հարավային Կովկասը աստիճանաբար վերածվում է կարեւոր աշխարհաքաղաքական խաչմերուկի, որը կապում է Եվրոպան Կենտրոնական Ասիայի եւ դրանից այն կողմ գտնվող տարածաշրջանների հետ։

 

Այս փոխակերպման առանցքում է գտնվում այսպես կոչված TRIPP ծրագիրը՝ տրանսպորտային եւ հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախաձեռնություն, որը կարող է վերաձեւել տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը եւ փոխել Եվրոպայի ռազմավարական հարաբերությունները Հարավային Կովկասի հետ։

 

Մինչդեռ վերջին տարիներին միջազգային ուշադրության մեծ մասը կենտրոնացած էր ռազմական եւ կոշտ անվտանգության հարցերի վրա՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ շարունակվող հակամարտությունը, ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններն առավելապես առնչվում են ենթակառուցվածքներին, տրանսպորտային եւ էներգետիկ տարանցիկ ուղիներին, միջանցքներին եւ դրանց միջոցով ձեւավորվող ավելի լայն ռազմավարական ազդեցությանը։ Հարավային Կովկասն այժմ դարձել է ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության մաս՝ կապված այն հարցի հետ, թե ինչպես կարող է Եվրոպան առավել արդյունավետ կապվել Ասիայի հետ՝ ձեւավորվող նոր եւ ավելի բարդ աշխարհաքաղաքական միջավայրում։

 

Հենց Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ է արագացրել այս դինամիկ փոփոխությունը։ Եվրոպական կառավարություններն ու բիզնեսները սկսել են այլընտրանքներ փնտրել ռուսական տարանցիկ երթուղիներին, մինչդեռ ծովային ուղիների շուրջ աճող անկայունությունն ավելի է մեծացրել հետաքրքրությունը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ ցամաքային կապերի նկատմամբ։ Արդյունքում, այսպես կոչված «Միջին միջանցքը», որը Կենտրոնական Ասիան Եվրոպային կապում է Կասպից ծովի, Հարավային Կովկասի եւ Թուրքիայի միջոցով, տեսական այլընտրանքից աստիճանաբար վերածվել է ռազմավարական առաջնահերթության։

 

Այս արագ զարգացող համատեքստում Հայաստանի աշխարհագրական դիրքը ավելի մեծ նշանակություն է ձեռք բերել։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Հայաստանը ներկայացնում է ոչ թե որպես մեկուսացված հետխորհրդային պետություն, որը շրջապատված է թշնամական հարեւաններով, այլ որպես Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ պոտենցիալ ռազմավարական կապող օղակ։ Նրա կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նպատակ ունի վերաբացել եւ վերագործարկել տասնամյակներ շարունակ չգործող տարածաշրջանային երկաթուղային, ավտոմոբիլային եւ առեւտրային երթուղիները, որոնց մեծ մասը փակվել է Խորհրդային Միության փլուզումից եւ 1990-ականների սկզբին Ադրբեջանի հետ հակամարտության բռնկումից հետո։

 

Փաշինյանը վերջերս նշել է, որ եթե Հայաստանի սահմանները վերաբացվեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, երկրի աշխարհագրական դիրքը կարող է փոխվել մեկ գիշերվա ընթացքում։ Շրջափակմամբ եւ մեկուսացմամբ բնորոշվող պետությունը կարող է վերածվել տարածաշրջանները միմյանց կապող կամրջի։

 

TRIPP-ի ավելի լայն տեսլականը ներառում է ճանապարհներ, լոգիստիկ հանգույցներ, օպտիկամանրաթելային մալուխներ, էներգետիկ միջկապեր, խողովակաշարեր եւ այլ կարեւոր ենթակառուցվածքներ, որոնք նպատակ ունեն Եվրոպան կապել Կենտրոնական Ասիայի հետ։ Վաշինգտոնի, Բրյուսելի, Անկարայի եւ Կենտրոնական Ասիայի կառավարությունների համար Հարավային Կովկասը դառնում է Ռուսաստանի տարածքը շրջանցող տրանսպորտային ցանցերի դիվերսիֆիկացման եւ խոցելի ծովային երթուղիներից կախվածությունը նվազեցնելու ավելի լայն ջանքերի մաս:

 

Վերջին զարգացումները միայն խորացրել են այս դինամիկան։ 2026 թվականի մայիսին Հայաստանը եւ Իրանը շարժվեցին տրանսպորտի, ենթակառուցվածքների եւ ավելի լայն տնտեսական համագործակցության ոլորտներն ընդգրկող ռազմավարական գործընկերության ձեւավորման ուղղությամբ՝ ընդգծելով Թեհրանի վճռականությունը՝ դուրս չմղվելու տարածաշրջանում զարգացող կապակցվածության ծրագրերից։ Իրանի համար Հարավային Կովկասն այլեւս պարզապես հարեւան տարածաշրջան չէ, այլ ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության կարեւոր բաղադրիչ, որտեղ հատվում են Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Թուրքիայի շահերը, ինչպես նաեւ Եվրասիայում ձեւավորվող նոր տարանցիկ երթուղիները։ 

 

2026 թվականի հունիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները ձեռք են բերում շատ ավելի մեծ նշանակություն, քան պարզապես ներքաղաքական իրադարձություն։ Դրանք, ըստ էության, հանրաքվե էին Հայաստանի ապագա աշխարհաքաղաքական կողմնորոշման վերաբերյալ։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Փաշինյանի հաղթանակը մեկնաբանվեց ոչ միայն որպես ներքաղաքական հաջողություն, այլեւ որպես կառավարության որդեգրած ուղղության փաստացի հաստատում՝ Լեռնային Ղարաբաղի կորստից եւ Ռուսաստանի՝ Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորի դերում իր պարտավորությունները չկատարելուց հետո Հայաստանը վերակողմնորոշելու ուղղությամբ։ Չնայած ազգայնական եւ ռուսամետ ուժերի քննադատությանը՝ ընտրողները, ի վերջո, աջակցեցին այն քաղաքական ղեկավարությանը, որը հանդես է գալիս տարածաշրջանային կարգավորման, տնտեսական կապերի ընդլայնման եւ ավելի դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության օգտին։

 

Մոսկվայի համար այս արդյունքը եւս մեկ հետքայլ է տարածաշրջանում, որը երկար ժամանակ համարվել է Կովկասում Ռուսաստանի ավանդական ազդեցության գոտու մաս։ Այնուամենայնիվ, ընտրությունները Հայաստանում ռուսական ազդեցության ավարտ չեն նշանակում։ Ռուսաստանը շարունակում է սերտորեն կապված լինել Հայաստանի տնտեսության եւ էներգետիկ համակարգի հետ, ինչպես նաեւ մնալ երկրի անվտանգության ճարտարապետության կարեւոր բաղադրիչը, իսկ ռուսական զինված ուժերի եւ սահմանապահների ներկայությունը Մոսկվային շարունակում է տրամադրել ազդեցության նշանակալի լծակներ։ Այնուամենայնիվ, Հայաստանի ռազմավարական որոշումների վրա ազդեցություն գործադրելու Ռուսաստանի  կարողությունն աստիճանաբար նվազում է։

 

Վերջերս կայացած ընտրությունների արդյունքի ավելի լայն նշանակությունը տարածվում է Հայաստանի սահմաններից շատ ավելի հեռու։ Բրյուսելում եւ Վաշինգտոնում այն, ամենայն հավանականությամբ, կընկալվի որպես հաստատում, որ Երեւանը հանձնառու է արեւմտյան գործընկերների հետ առավել սերտ քաղաքական եւ տնտեսական համագործակցությանը։ Այն նաեւ նոր թափ է հաղորդում տարածաշրջանային կապակցվածության այնպիսի նախաձեռնությունների հեռանկարներին, ինչպիսիք են ԱՄՆ-ի գլխավորած TRIPP-ը եւ «Միջին միջանցքի» զարգացումը։ Երկուսն էլ ենթադրում են կայուն կառավարություն Երեւանում, որը պատրաստ է ինչպես փոխզիջումների գնալ հարեւանների հետ, այնպես էլ դիմակայել հնարավոր ճնշումներին։ 

 

Եվրոպայի համար Երեւանի ռազմավարական վերակողմնորոշումը նշանակալի հնարավորություն է ստեղծում, քանի որ Բրյուսելը Հարավային Կովկասն ավելի ու ավելի է կարեւորում ոչ միայն տարածաշրջանային կայունության, այլեւ եվրոպական տնտեսության եւ մատակարարման շղթաների դիմադրողականության ամրապնդման տեսանկյունից։ 

 

ԵՄ-ի համար Հարավային Կովկասն այժմ գտնվում է մի շարք ռազմավարական առաջնահերթությունների հատման կետում։ Տարածաշրջանն արդեն կարեւոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման ռազմավարության մեջ՝ Հարավային գազի միջանցքի միջոցով, որը ադրբեջանական բնական գազը հասցնում է եվրոպական շուկաներ։ Այն պայմաններում, երբ Եվրոպան ձգտում է նվազեցնել Ուկրաինայի պատերազմի հետեւանքով ձեւավորված ռազմավարական կախվածությունները, տարածաշրջանային կապերի ընդլայնումը վերածվում է նաեւ անվտանգության կարեւոր բաղադրիչի։

 

Հենց «Միջին միջանցքն» է, որ կարող է Եվրոպային առաջարկել արեւելք-արեւմուտք այլընտրանքային երթուղի՝ ամբողջությամբ շրջանցելով Ռուսաստանը։ Թեեւ դրա տարողունակությունը դեռ զգալիորեն զիջում է ինչպես ծովային փոխադրումներին, այնպես էլ մինչեւ պատերազմը Ռուսաստանի տարածքով անցնող հյուսիսային տարանցիկ երթուղուն, դրա աշխարհաքաղաքական արժեքը կտրուկ աճել է 2022 թվականին Ուկրաինայում լայնածավալ պատերազմի բռնկումից հետո։

 

Միջին միջանցքը համահունչ է նաեւ կարեւորագույն հումքային ռեսուրսների, մատակարարման շղթաների դիմադրողականության եւ Կենտրոնական Ասիայի հետ տնտեսական կապերի խորացման վերաբերյալ եվրոպական ռազմավարական առաջնահերթություններին։ Օրինակ՝ Ղազախստանը, որը ձգտում է դիվերսիֆիկացնել դեպի արեւմուտք իր արտահանման ուղիները, աճող հետաքրքրություն է ցուցաբերում Հարավային Կովկասով տրանսպորտային կապերի զարգացման նկատմամբ, այդ թվում՝ Միջին միջանցքի ենթակառուցվածքներին Հայաստանի միջոցով հնարավոր կապերի ստեղծման հարցում։

 

Միեւնույն ժամանակ, տարածաշրջանի այլ հատվածներում աճող անկայունությունն էլ ավելի է մեծացրել Հայաստանի ռազմավարական նշանակությունը արեւմտյան գործընկերների համար։ Վրաստանը, որը երկար ժամանակ համարվել է Արեւմուտքի հիմնական տարածաշրջանային գործընկերները եւ Հարավային Կովկասը Սեւ ծովին կապող առանցքային տարանցիկ երկիր, վերջին տարիներին բախվել է ժողովրդավարական հետընթացի եւ ավտորիտար կառավարման միտումների վերաբերյալ աճող քննադատության։

 

Բրյուսելի եւ Վաշինգտոնի մտահոգություններն այն մասին, որ Թբիլիսին կարող է աստիճանաբար հեռանալ իր եվրատլանտյան կողմնորոշումից, ավելի են բարդացրել Միջին միջանցքի եւ տարածաշրջանային կապակցվածության վերաբերյալ Արեւմուտքի ռազմավարական պլանավորումը։

 

Այնուամենայնիվ, Եվրոպայի հավակնություններն այս տարածաշրջանում նաեւ ռիսկեր են պարունակում, մասնավորապես, այն պատճառով, որ ԵՄ-ի տնտեսական շահերն այստեղ ընդլայնվում են ավելի արագ, քան նրա աշխարհաքաղաքական ազդեցության լծակները։ Բրյուսելը կարող է առաջարկել ֆինանսավորում, ներդրումներ, դիվանագիտական ներգրավվածություն եւ սահմանափակ մանդատով փոքր դիտորդական առաքելություններ, սակայն, ի վերջո, Միությունը չունի այնպիսի կոշտ գործիքներ, որոնք կարող են որոշիչ ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի նման տարածաշրջանի անվտանգության միջավայրի ձեւավորման վրա։ Այս առումով Հարավային Կովկասը տարբերվում է Արեւմտյան Բալկաններից։

 

Զարմանալի չէ, որ Անկարան դարձել է տարածաշրջանի վերափոխման հիմնական աշխարհաքաղաքական շահառուներից մեկը։ Թուրքիան վաղուց աջակցում է տարածաշրջանով անցնող արեւելք-արեւմուտք տարանցիկ ուղիների ընդլայնմանը եւ «Միջին միջանցքը» դիտարկում է որպես եվրասիական խոշոր լոգիստիկ եւ էներգետիկ հանգույց դառնալու իր հավակնությունների առանցքային բաղադրիչ։

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի վերաբացումը Անկարային Կենտրոնական Ասիայի հետ ուղիղ ցամաքային կապ կապահովի:

 

Պետք է նաեւ հաշվի առնել, որ Թուրքիայի ռազմական գործընկերությունն Ադրբեջանի հետ արդեն իսկ էականորեն փոխել է տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը։ Ադրբեջանի ռազմական գործողությունների հաջողությունը 2020 եւ 2023 թվականներին ցույց տվեց թուրքական ռազմական աջակցության արդյունավետությունը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի մատակարարման, համատեղ զորավարժությունների եւ օպերատիվ համագործակցության միջոցով։ Այդ ժամանակից ի վեր Անկարայի ազդեցությունը Հարավային Կովկասում շարունակաբար աճել է, մինչդեռ Ռուսաստանի նախկին գերիշխող դիրքը տարածաշրջանում աստիճանաբար թուլացել է։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Եվրոպայի համար Անկարայի դերը եվրոպական կապակցվածության նախագծերում աստիճանաբար ավելի կարեւոր է դառնում, մասնավորապես՝ Կենտրոնական Ասիա մուտք գործելու եւ այլընտրանքային առեւտրային ուղիներ զարգացնելու տեսանկյունից։ Այնուամենայնիվ, ինչպես տարիներ շարունակ, Թուրքիայի եւ Եվրոպայի մի շարք երկրների միջեւ առկա ավելի լայն լարվածությունը շարունակում է բարդացնել նրանց հարաբերությունները։ 

 

Սակայն հենց աշխարհագրությունն է աշխատում Անկարայի օգտին։ Արեւելք-արեւմուտք ցանկացած նշանակալի միջանցք, որը Հարավային Կովկասի միջոցով Եվրոպան կապում է Կենտրոնական Ասիայի հետ, անխուսափելիորեն մեծացնում է Անկարայի ռազմավարական նշանակությունը թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ Եվրամիության համար։

 

Չնայած TRIPP-ի եւ «Միջին միջանցքի» շուրջ առկա լայն աշխարհաքաղաքական ոգեւորությանը՝ դրանց հիմքում ընկած կառուցվածքային մի շարք թույլ կողմեր շարունակում են պահպանվել։ Բեռնափոխադրումների ծավալը 2022 թվականից ի վեր կտրուկ աճել է, սակայն երթուղին դեռեւս սպասարկում է այն ծավալների միայն մի մասը, որոնք նախկինում տեղափոխվում էին Ռուսաստանի Հյուսիսային միջանցքով։ Մի շարք առանցքային ենթակառուցվածքային նախագծեր շարունակում են ձգձգվել, մասնավորապես՝ Վրաստանի երկար ժամանակ հետաձգվող Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագիծը։ Միեւնույն ժամանակ, մասնատված մաքսային համակարգերը, երկաթուղային սահմանափակ հզորությունները եւ Կասպից ծովում առկա նավահանգստային ու լաստանավային սահմանափակումները շարունակում են խոչընդոտել միջանցքի մասշտաբայնացմանը։ Կասպից ծովի ջրի մակարդակի աստիճանական նվազման եւ ծովի նեղացման վերաբերյալ աճող բնապահպանական մտահոգություններն էլ ավելի մեծ երկարաժամկետ անորոշություն են ստեղծում միջանցքի կենսունակության շուրջ։

 

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական խաղաղության պայմանագիրը դեռեւս վավերացված չէ։ Սահմանային վեճերը շարունակվում են, ենթակառուցվածքային բացերը պահպանվում են, իսկ Հայաստանում ներքաղաքական դիմադրությունը կարող է բարդացնել խաղաղության ձեւավորվող շրջանակի իրագործման համար անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունների գործընթացը։ 

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ինչպես նշվեց վերեւում, Հարավային Կովկասը գնալով ավելի է ինտեգրվում Եվրոպայի ավելի լայն ռազմավարական միջավայրին։ Միեւնույն ժամանակ, տարածաշրջանում կապակցվածության, էներգետիկ ենթակառուցվածքների, թվային ցանցերի եւ առեւտրային միջանցքների զարգացման հարցերն այժմ խորապես փոխկապակցված են անվտանգության եւ աշխարհաքաղաքական ազդեցության խնդիրների հետ։

 

Այս տարածաշրջանում ձեւավորվում է ոչ միայն առեւտրային եւ տրանսպորտային նախագիծ, այլեւ ավելի լայն մրցակցություն՝ Ուկրաինայի պատերազմից հետո եվրասիական կապակցվածության ապագա ճարտարապետության շուրջ։ Այս մրցակցությունն ավելի է հատվում ոչ միայն տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազման, այլեւ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ խորացող առճակատման, Վրաստանում աճող անկայունության եւ Եվրոպան Կենտրոնական Ասիային կապող այլընտրանքային աշխարհաքաղաքական ու տնտեսական միջանցքների ամրապնդմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերի հետ։

 

Անկախ նրանից՝ TRIPP-ը կհաջողի, թե ոչ, ռազմավարական ուղղությունն արդեն իսկ հստակ է. Եվրոպայի եւ Ասիայի միջեւ աշխարհաքաղաքական քարտեզը վերաձեւավորվում է, եւ Հարավային Կովկասը գնալով ավելի է մոտենում այդ գործընթացի կենտրոնին։ Այնուամենայնիվ, առայժմ «Միջին միջանցքը» շարունակում է մնալ ռազմավարական այլընտրանք, որի երկարաժամկետ կենսունակությունը դեռեւս անորոշ է։

 

Թարգմանությոնը՝ Դիանա Մանուկյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

 

 

 

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts