Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Այդ մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ռուսական կողմին «լուրջ մտահոգություն և վճռական բողոք է ներկայացվել վերջին շրջանում ՌԴ մեդիատարածքում Ադրբեջանի, դրա ժողովրդի և ղեկավարության հասցեին հնչող սադրիչ, վիրավորական և սպառնալից հայտարարությունների կապակցությամբ»։
Բաքվից նշել են, որ ռուսաստանցի դիվանագետի հատուկ ուշադրությունն են հրավիրել 2026 թվականի օգոստոսի 13-ին «Փոխըմբռնման հաճախականություն» հաղորդման ընթացքում հնչած հայտարարությունների վրա։ Բացի այդ, ադրբեջանական կողմը հիշեցրել է օգոստոսի 7-ին ռուսական «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում «Ադրբեջանի ղեկավարությանը՝ «ահաբեկիչների և ծայրահեղականների ռուսական ցուցակում» ընգրկելու մասին անհեթեթ հայտարարությունները, ինչպես նաև օգոստոսի 9-ին YouTube հարթակում և օգոստոսի 16-ին «Սպաս» հեռուստաընկերության եթերում վիրավորական և սադրիչ նյութերի հրապարակման մասին:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում ընդգծել են այդ երկրի ներքին գործընթացներին միջամտելու հնարավորությունների և ֆիզիկական բռնության կոչերի քննարկման կատեգորիկ անընդունելիությունը: «Նշվել է, որ չնայած քաղաքական տարբեր մակարդակներում բազմիցս նախազգուշացումներին և քննարկումներին, նման հռետորաբանության շարունակությունն խորը մտահոգություն է առաջացնում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական կողմը հավելել է, որ հանդիպման ավարտին ՌԴ դեսպանին դարձյալ ներկայացվել է «Ռուսաստանի տեղեկատվական դաշտում հակաադրբեջանական արշավը և պահանջ ներկայացվել ագրեսիվ հռետորաբանությունը դադարեցնելու համար անհապաղ ու արդյունավետ միջոցներ ձեռնարկել»:
Ավելի վաղ, գրել էինք, որ Ադրբեջանը օգոստոսի 17-ին հեռակա ձերբակալել և հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցիների նկատմամբ։ Նրանց թվում են ՌԴ Տրանսպորտի նախարարության ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Չադաևը, «Москва 24»-ի հաղորդավար Իվան Կնյազևը և քաղտեխնոլոգ Սեմյոն Ուրալովը։ Նրանք մեղադրվում են յութուբյան հաղորդման ժամանակ Ադրբեջանի նկատմամբ «ատելության հրահրման» և «ահաբեկչական գործողությունների կոչերի մեջ»։
Իսկ դրանից առաջ էլ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի՝ ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովը արտաքսվել է Ռուսաստանից։ 2025 թվականին Հասանովը զրկվել էր ռուսական քաղաքացիությունից։ Նույն տարվա հունիսին նա ձերբակալվել էր և տեղափոխվել Միգրանտների ժամանակավոր պահպանման կենտրոն։
Leave a Reply