Իգնեշիուսները, Էրդողանը եւ Պերեսը – Mediamax.am

Written by

in

2026թ. օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնեշիուսը։ Այդ առիթով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանն ասել է.

 

«Ի սկզբանե Դեյվիդը եղել է «Ավրորայի» ընկերը։ Ինչպես մեր համայնքի շատ անդամներ, նրա ընտանիքը նույնպես ունի վերապրումի իր պատմությունը, բայց հետ նայելու փոխարեն նա որոշեց հայացքն ուղղել դեպի ապագա։ Ավելին, նա հանձնաժողով է բերում տասնամյակներ շարունակ աշխարհի ամենաբարդ տարածաշրջաններում կատարած իր լրագրողական փորձը եւ համաշխարհային մոտեցումը»:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատված 2025 թվականին հրապարակված Արա Թադեւոսյանի ««Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գրքից:

 

***

 

«Ավրորա» մրցանակի առաջին արարողությունը Երեւանում կայանալու էր 2016 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը: 

 

Այն վարում էին օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը եւ Washington Post թերթի սյունակագիր, հայտնի գրող եւ հրապարակախոս, ծագումով հայ Դէվիդ Իգնեշիուսը: Ամերիկյան լրագրության լեգենդներից մեկը համարվող Իգնեշիուսի հետ նամակագրության միջոցով շփվել էի 2014 թվականին։

Հասմիկ Պապյանն ու Դէվիդ Իգնեշիուսը Երեւանում 2016թ. ապրիլին Հասմիկ Պապյանն ու Դէվիդ Իգնեշիուսը Երեւանում 2016թ. ապրիլին

Լուսանկարը` «Ավրորա»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի առաջ «Մեդիամաքս»-ը նախաձեռնել էր «100 վայրկյան» նախագիծը: Վերցրել էինք Հայաստանի ազգային արխիվի կողմից հրատարակված Ցեղասպանության վերապրողների վկայությունները, առանձնացրել 100 վայրկյան տեւողությամբ հատվածներ եւ տարբեր ազգությունների հայտնի մարդկանց առաջարկել կարդալ դրանք առաջին դեմքից՝ իրենց «նույնացնելով» վերապրողների հետ: Երբ դա հնարավոր էր, մասնակիցներին խնդրում էինք վկայությունը կարդալ իրենց մայրենի լեզվով: 

 

Դէվիդ Իգնեշիուսին եւս առաջարկել էինք մասնակցել նախագծին: Նախնական դրական պատասխան տվեց, բայց երբ պիտի սկսեինք քննարկել նկարահանումը կազմակերպելու տեխնիկական հարցերը, այսպիսի նամակ ստացա.

 

«Խոսեցի հայրիկիս հետ, եւ եկանք այն մտքին, որ Ցեղասպանության հարյուրամյակի առիթով ես պետք է իմ խոսքն ասեմ, այլ ոչ թե կարդամ արխիվից վերցրած վկայություններ: Ներողություն եմ խնդրում, բայց պետք է հրաժարվեմ»:

 

Դէվիդ Իգնեշիուսի հայրը սովորական մարդ չէ. նա աշխատել է ԱՄՆ նախագահներ Ջոն Քենեդիի եւ Լինդոն Ջոնսոնի վարչակազմերում՝ որպես պաշտպանության նախարարի տեղակալ, իսկ 1967-ին նշանակվել է ԱՄՆ նավատորմի նախարար: 2019-ին նրա անունով են կոչել ամերիկյան հրթիռային հածանավերից մեկը՝ USS Paul Ignatius-ը:

Փոլ Իգնեշիուսը 2019 թվականին՝ ռազմանավն իև անունով անվանակոչելու արարողության ժամանակ Փոլ Իգնեշիուսը 2019 թվականին՝ ռազմանավն իև անունով անվանակոչելու արարողության ժամանակ

 

Կապի մեջ էինք նաեւ ամերիկաբնակ դերասանուհի Անժելա Սարաֆյանի հետ: Նա առաջարկել էր կարդալ իր նախնիների պատմությունը, եւ Դէվիդ Իգնեշիուսին գրեցի, որ պատրաստ ենք ձայնագրել այն տեքստը, որն ինքը ճիշտ կհամարի: Ի վերջո ոչ Անժելա Սարաֆյանին, ոչ էլ Դէվիդ Իգնեշիուսին մեր նախագծում չունեցանք:

 

2019 թվականին Newmag-ը հայերեն հրատարակել է Փոլ Իգնեշիուսի հուշերը՝ «Հիմա մասամբ գիտեմ»

 

Իսկ 2009 թվականին Դէվիդ Իգնեշիուսը Դավոսի համաշխարհային համաժողովի պանելային քննարկումներից մեկի մոդերատորն էր: Մասնակիցների թվում էին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Դժգոհ մնալով Պերեսի ելույթից՝ Էրդողանը չափազանց էմոցիոնալ կերպով մոդերատորից պահանջեց իրեն մեկ րոպե տրամադրել՝ արձագանքելու համար: Իսկ երբ այդ ժամանակը լրացավ, եւ Իգնեշիուսը փորձեց կանգնեցնել Էրդողանին, վերջինս վեր կացավ ու գնաց: Ի դեպ, քննարկման թեման Գազայում տիրող իրավիճակն էր:

Դէվիդ Իգնեշիուսը, Ռեջեփ Էրդողանը, Շիմոն Պերեսը եւ Բան Կի Մունը Դավոսում 2009թ. հունվարի 29-ին Դէվիդ Իգնեշիուսը, Ռեջեփ Էրդողանը, Շիմոն Պերեսը եւ Բան Կի Մունը Դավոսում 2009թ. հունվարի 29-ին

Լուսանկարը` REUTERS

Ես նախախնամություններին չեմ հավատում, բայց այսօր՝ 2025 թվականի փետրվարի 10-ին, երբ գրում եմ այս գլուխը, The Washington Post-ում հրապարակվել է Դէվիդ Իգնեշիուսի հոդվածը, որում նա հիշեցրել է, որ Թրամփն առաջարկել է նպաստել խաղաղության կնքմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ առաջարկել է սկսել Ադրբեջանում պահվող քաղաքական բանտարկյալ Ռուբեն Վարդանյանին ազատ արձակմանն աջակցելուց։

 

«Պետք է պարզ ասեմ, որ ես Վարդանյանի գործի չեզոք դիտորդ չեմ։ Նա իմ ընկերն է, եւ ես 2016 թվականից անվճար վարել եմ «Ավրորա»-ի ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը։ Սա անձնական է. հորս ընտանիքը հայկական է եւ «Ավրորա»-ին օգնելով՝ ես ցանկացել եմ կիսել իմ երախտագիտությունը նրանց հանդեպ, ովքեր օսմանյան ժամանակներում փրկել են իմ նախնիներին»,- գրել էր նա։

 

«Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը կարող եք գնել առցանց այս հղումով, ինչպես նաեւ Երեւանի գրախանութներում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *