Թաներ Աքչամը կներկայացնի «Հայոց Ցեղասպանության նոր պատմությունը»

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ազգությամբ թուրք պատմաբան Թաներ Աքչամը հայտարարել է, որ 2027 թվականի հունվարին լույս կտեսնի իր նոր՝ «Բռնության կայսրություն. Հայոց ցեղասպանության նոր պատմություն» գիրքը:

«Հայոց ցեղասպանության թեմայով զբաղվում եմ 1991 թվականից։ Հեշտ է ասել՝ ավելի քան 35 տարի։ Այս տարիների ընթացքում եղել են գրքեր, հոդվածներ, գիտաժողովներ եւ երիտասարդ գիտնականների նոր սերունդ։

 

Թերեւս այս ընթացքում ինձ հաջողվել է շարժել ընդամենը մեկ փոքրիկ քար հսկայական ժայռապատի մեջ։ Ու ես որոշեցի մեկ գրքում հավաքել այն ամենը, ինչ սովորել եմ ավելի քան երեսունհինգ տարվա հետազոտությունների ընթացքում։ 

 

Արդյունքը «Empire of Violence: A New History of the Armenian Genocide» («Բռնության կայսրություն. Հայոց ցեղասպանության նոր պատմություն») գիրքն է։

 

Բնականաբար, չէի կարող ընդգրկել բոլոր թեմաները։ Սակայն փորձել եմ պատմել 1878-ից մինչեւ 1930-ական թվականների ժամանակաշրջանի պատմությունը՝ պատմական շարունակականության նոր ընկալման միջոցով։ Ընդ որում՝ փորձել եմ հայկական փորձառությունը տեղավորել բռնության ավելի լայն պատմության համատեքստում՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն հայերին, այլեւ հույներին եւ ասորիներին։

 

Գրքում ներկայացված են բազմաթիվ նոր եւ քիչ հայտնի վկայություններ՝ կապված համիդյան ժամանակաշրջանի, 1909 թվականի Ադանայի ջարդերի, 1914-1918 թվականների իրադարձությունների եւ դրանց հետեւանքների հետ։ Կարծում եմ՝ կարող եմ վստահորեն ասել, որ արդյունքում իսկապես ստացվել է Հայոց ցեղասպանության «նոր պատմություն»։

 

Երիտասարդ սերնդի գիտնականների աշխատանքը եւ նրանց նոր բացահայտումները գրքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում։

 

Գիրքը հրատարակելու է Princeton University Press-ը՝ ԱՄՆ-ի ամենահեղինակավոր ակադեմիական հրատարակչություններից մեկը», – նշել է Թաներ Աքչամը։ 

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *