ՀՀ գլխավոր դատախազություն այսօր հայտնել է, որ Ծովակ Մնացականյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից: Նշենք, որ Ambion.news-ը ավելի վաղ գրել էր այն մասին, որ Ծովակ Մնացականյանը հայտնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես՝ 2023-ին Մնացականյանը հավակնել է առաջխաղացում ունենալ Դատախազությունում, որի համար պետք է բարեվարքություն անցներ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Մնացականյանի բարեվարքության վերաբերյալ։ Ավելին՝ նրա հայտարարագիրը կասկածներ է հարուցել, և կառույցից դիմել են Դատախազություն՝ վարույթ նախաձեռնելու հարցով և վարույթ է հարուցվել։ Ամենայն հավանականությամբ, այս պահին Մնացականյանին առնչվող վարույթը կարճվել է։ Մեզ հայտնի է նաև, որ ԿԿՀ-ն մի քանի անգամ է Ծովակ Մնացականյանի բարեվարքության վերաբերյալ նույն հիմքով բացասական եզրակացություն տվել, որի պատճառով նաև տևական ժամանակ առաջխաղացում չէր ունենում։ Դատախազությունից փորձեցինք պարզել՝ այս անգամ ԿԿՀ-ն դրական եզրակացություն է տվել Ծովակ Մնացականյանի բարեվարքության վերաբերյալ, թե ոչ, ինչին ի պատասխան Դատախազությունից հայտնեցին. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամներից երկուսը քվեարկել են թեկնածուի բարեվարքության վերաբերյալ դրական եզրակացություն տրամադրելու օգտին, մեկը՝ բացասական»: Նշենք, որ Ծովակ Մնացականյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Բեգլարյանի, Արմեն և Սերգեյ Սմբատյանների, Հասմիկ Պողոսյանի, Նարեկ Մալյանի, Պողոս Պողոսյանի սպանության, այս գործով կեղծ փորձագիտական եզրակացություն տալու և մի շարք այլ աղմկահարույց գործերով դատախազն է:
Leave a Reply