«Հայաստանի հետ սահմանի բացումը չպետք է առաջընթացի միակ չափանիշը լինի»

Written by

in

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ թոշակի անցած դեսպան, Թուրքիայի Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Նազիֆ Մուրաթ Էրզավչիի Normalization is the new threshold in South Caucasus հոդվածից ։

 

Հանգամանքները փոխվել են

 

Թուրքիան եւ Հայաստանը մնում են հարեւան պետություններ՝ առանց պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների։ Անկախ նրանից, թե որոնք էին այս բացառիկ իրավիճակի պատմական պատճառները, դրան նպաստող տարածաշրջանային հանգամանքները հիմնովին փոխվել են։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կնշանակեր այս իրողության ընդունում եւ կստեղծեր ինստիտուցիոնալ շրջանակ՝ ինչպես համագործակցությունը, այնպես էլ տարաձայնությունները կառավարելու համար։

 

Դիվանագիտական հարաբերությունները պատմական կամ քաղաքական բոլոր վեճերի կարգավորում չեն պահանջում։ Ընդհակառակը, դիվանագիտությունը գոյություն ունի հենց այն պատճառով, որ պետություններին անհրաժեշտ են մշտական մեխանիզմներ՝ տարաձայնությունները լուծելու համար։ Անկարայում եւ Երեւանում դեսպանությունները կապահովեն կայուն քաղաքական հաղորդակցության, ճգնաժամերի կառավարման, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակման ուղիներ։ Նրանք նաեւ կարգավորման գործընթացը ավելի քիչ կախյալ կդարձնեն տարածաշրջանային ժամանակավոր հանգամանքներից։

 

Ուղղակի առեւտուրն ավելին է, քան պարզապես կոմերցիան 

 

Տնտեսական հարաբերությունները կարող են ամրապնդել այս գործընթացը։ Այն երկրները, որոնք առեւտուր են անում, ներդրումներ են կատարում եւ ընդհանուր շահեր են զարգացնում, ավելի շատ բան են կորցնում առճակատման վերսկսումից։ Ուստի Հայաստանի հետ ուղղակի առեւտրի դյուրացմանն ուղղված Թուրքիայի քայլը ավելին է, քան պարզապես կոմերցիոն միջոցառում։ Այն կարող է ավելի ամուր հիմքեր ապահովել քաղաքական կարգավորման համար։

 

Նույնը վերաբերում է նաեւ երկաթուղային հաղորդակցությանը։ Ապրիլի 28-ին Կարսում տեղի ունեցավ թուրք-հայկական համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնումն ու բացումը քննարկելու նպատակով։ Այս երթուղով հաղորդակցությունը ժամանակի ընթացքում կարող է դառնալ ավելի լայն տրանսպորտային ցանցի մաս, որը կապում է Անատոլիան Հարավային Կովկասի եւ այնուհետեւ՝ Կենտրոնական Ասիայի հետ։ Ադրբեջանի եւ Հայաստանի՝ տարածաշրջանային տրանսպորտային երթուղիների բացմանն ուղղված ջանքերի հետ համատեղ, դա կարող էր օգնել Հարավային Կովկասը վերածել մի տարածաշրջանի, որն առավելապես ձեւավորվում է տարանցիկ փոխադրումներով, առեւտրով եւ փոխկապակցվածությամբ։

 

Սակայն ենթակառուցվածքները լավագույնս գործում են կանխատեսելի քաղաքական հարաբերությունների պայմաններում։ Ուստի երկաթուղիները, առեւտրային երթուղիները եւ սահմանային անցակետերը պետք է դիտարկել ոչ թե որպես դիվանագիտական կարգավորման փոխարինիչներ, այլ որպես դրա բաղկացուցիչ մասեր։

 

Ալիջան-Մարգարա անցակետը սկզբնական շրջանում կարող է գործել երկու կողմերի միջեւ արդեն քննարկված համաձայնությունների շրջանակում՝ հետագայում Թուրքիայի եւ Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ առեւտրային բեռների փոխադարձ հատումների ներդրմամբ։

 

Սահմանի բացումը չպետք է առաջընթացի միակ չափանիշը լինի

 

Սակայն սահմանը չպետք է առաջընթացի միակ չափանիշը դառնա։

 

Ավելի լայն նպատակը նորմալ հարաբերություններն են երկու հարեւան պետությունների միջեւ։ Տնտեսական օգուտները կարող են զգալի լինել։ Կարսը, Իգդիրը եւ հարակից նահանգները կարող են շահել առեւտրի, լոգիստիկայի, զբոսաշրջության եւ ծառայությունների աճից։ Հայաստանը Թուրքիայի տարածքով կարող է ավելի դյուրին հասանելիություն ստանալ դեպի միջերկրածովյան եւ եվրոպական շուկաներ։ Կարսի եւ Գյումրիի միջեւ փոխգործակցության վերսկսումը կարող է ծայրամասային սահմանամերձ շրջանները աստիճանաբար վերածել ավելի լայն տարածաշրջանային առեւտրի դարպասների։

 

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առաջընթացը տարածություն է ապահովում

 

Թուրքիայի մոտեցումը մինչ այժմ ապահովել է Հայաստանի հետ կարգավորման զարգացումը ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացին զուգահեռ, այլ ոչ թե ի վնաս Ադրբեջանի անվտանգության շահերի։ Թեեւ թվում էր, որ այս համակարգումը դանդաղեցնում է առաջընթացը, այն թույլ չտվեց, որպեսզի թուրք-հայկական մերձեցումը լարվածության աղբյուր դառնա։

 

Այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առաջընթացը տարածություն է ապահովում, որպեսզի թուրք-հայկական կարգավորումը խաղաղության ավելի լայն տարածաշրջանային ճարտարապետության լրացուցիչ հենասյուն դառնա։ Երեւանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պարտադիր չէ, որ թուլացնի Թուրքիայի ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ։ Բաքվի հետ մանրակրկիտ համակարգման դեպքում այն, ընդհակառակը, կարող է ամրապնդել ձեւավորվող տարածաշրջանային կարգը եւ ընդլայնել Անկարայի հնարավորությունները՝ իր նպաստը բերելու դրա զարգացմանը։

 

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *