ՀՀ գրեթե բոլոր մարզերում մարզպետների վերանշանակման հարցն արդեն լուծված է, սակայն Կոտայքում մարզպետի պաշտոնը շարունակում է մնալ թափուր։ Մարզպետարանի գլխավոր աշխատասենյակը դատարկ է, իսկ մարզի կառավարումն այս պահին իրականացվում է փոխմարզպետ Վասակ Վարդանյանի կողմից։
Նախկին մարզպետ Ահարոն Սահակյանի՝ պատգամավորական մանդատ ստանալուց հետո, Կոտայքի համար, կարծես թե, սկսվել է ոչ թե նոր ղեկավարի նշանակման, այլ նրա որոնման անվերջանալի գործընթաց։
Արդեն երկրորդ շաբաթն է՝ իշխանական շրջանակներից մեկը մյուսի հետևից տարբեր անուններ են շրջանառվում։ Թեկնածուների ցանկում հայտնվել են համայնքապետեր, պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, իսկ վերջին շրջանում՝ նույնիսկ ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը։ Բայց վերջնական որոշում չկա։
Ու այստեղ արդեն հարցն ամենևին էլ միայն այն չէ, թե ո՞վ է լինելու Կոտայքի հաջորդ մարզպետը։ Ավելի էական է՝ ինչո՞ւ է իշխանությունն այսքան երկար չի կարողանում կամ չի ցանկանում որոշել դա։
Տպավորությունն այնպիսին է, որ Կոտայքի մարզպետի պաշտոնը սովորական պետական պաշտոն չէ, այլ ինչ-որ «գերգաղտնի օպերացիա», որի շրջանակում թեկնածուների անունները պարբերաբար նետվում են հանրային դաշտ, շրջանառվում, քննարկվում, հերքվում կամ պարզապես մոռացվում՝ առանց որևէ հստակ արդյունքի։
Բայց սա կադրային շոու չէ։ Կոտայքը Հայաստանի ամենակարևոր մարզերից մեկն է՝ թե՛ բնակչության թվով, թե՛ տնտեսական ներուժով, թե՛ Երևանին հարակից լինելու, թե՛ զբոսաշրջային և ենթակառուցվածքային նշանակությամբ։ Եվ նման մարզը շաբաթներով ղեկավարի հարցում անորոշության մեջ պահելը արդեն պարզապես կադրային տեխնիկական խնդիր չէ։
Եթե իշխանությունը վստահում է փոխմարզպետ Վասակ Վարդանյանին և նա փաստացի կարողանում է իրականացնել մարզի ընթացիկ կառավարումը, ապա բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ նրան չվստահել նաև պաշտոնապես։
Եթե չի վստահում, ապա հաջորդ հարցն ավելի լուրջ է՝ ինչո՞ւ է մարզը շարունակում մնալ ժամանակավոր կառավարման ռեժիմում, մինչդեռ նոր մարզպետի շուրջ իշխանական միջանցքներում կարծես թե անվերջ բանակցություններ են ընթանում։
Եվ վերջապես՝ եթե թեկնածուի ընտրությունն իսկապես այդքան բարդ է, ինչո՞ւ է իշխանությունը թույլ տալիս, որ ամեն օր նոր անուններ հայտնվեն մամուլում՝ ստեղծելով տպավորություն, թե որոշումը ոչ թե կայացված է, այլ ընդամենը փորձարկվում է հանրային արձագանքը։
Այս ամենը դժվար է անվանել պարզապես «կադրային քաղաքականություն»։ Ավելի շատ նման է քաղաքական անվճռականության, ներիշխանական պայմանավորվածությունների կամ տարբեր շահերի բախման հետևանքի։
Իշխանությունը կարող է ցանկացած պահի հայտարարել, որ մարզպետի նշանակումը բացառապես իր ներքին որոշումն է։ Բայց Կոտայքի դեպքում խնդիրը միայն իշխանության ներքին գործընթացը չէ։ Խնդիրն այն է, որ այդ գործընթացի հետևանքով մի ամբողջ մարզ շարունակում է մնալ ղեկավարի նշանակման սպասման մեջ։
Մարզպետը պետք է նշանակվի ոչ թե այն ժամանակ, երբ իշխանական վերնախավը վերջապես համաձայնության կգա, թե ում անունն է քաղաքականապես ամենահարմար, այլ այն ժամանակ, երբ պետությանը անհրաժեշտ է հստակ ղեկավարում։
Հակառակ դեպքում մնում է ամենապարզ բացատրությունը․ Կոտայքի մարզպետի պաշտոնը կա, մարզը կա, փոխմարզպետը կա, բայց որոշումը չկա։
Եվ արդեն սա ոչ թե «ով է լինելու մարզպետը» հարցն է, այլ շատ ավելի անհարմար հարց՝ ո՞վ և ինչո՞ւ չի կարողանում այդ որոշումը կայացնել։
Մարգարիտա Դավթյան
Leave a Reply