Սիրելի՛ երիտասարդներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ օգոստոսի 12-ի՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։
Այս օրը ևս մեկ հրաշալի առիթ է ընդգծելու և արժևորելու երիտասարդության առանցքային դերը մեր հասարակության կայացման ու զարգացման գործում։ Չէ որ հենց երիտասարդությունն է նոր գաղափարների կրողը, փոփոխությունների նախաձեռնողը և յուրաքանչյուր համայնքի շարժիչ ուժն ու առաջընթացի գրավականը։ Երիտասարդների գիտելիքներից, ձգտումներից, աշխատասիրությունից ու հայրենասիրությունից է կախված թե ինչպիսին կլինի մեր երկրի և համայնքի ապագան:
Ուստի, սիրելի՛ երիտասարդներ, խելամտորեն օգտագործեք երիտասարդության ձեր տարիները, ինքնակրթվեք, ձգտեք կատարելության, շարունակաբար զարգացրեք ձեր կարողություններն ու հմտությունները։ Հավատացած եղեք, որ մեր համայնքը ունի ձեր և ձեր գիտելիքի, ներուժի և նորարար մտքի կարիքը։
Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ հպարտությամբ նշել նաև մեր համայնքում գործող, արդեն կայուն և ամուր հիմքեր ունեցող երկու երիտասարդական կառույցի՝ Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի և Երիտասարդական կենտրոնի մասին, որոնց շնորհաշատ անդամների շնորհիվ Կապանում ձևավորվել է կենսունակ երիտասարդական համայնք, կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր ու նախաձեռնություններ, իսկ երիտասարդների ձայնն ու մասնակցությունը դարձել են համայնքի զարգացման կարևոր բաղադրիչ։
Այս ամենի լավագույն գնահատականն այն է, որ Կապանը երկրորդ անգամ հռչակվում է երիտասարդական մայրաքաղաք՝ այս անգամ ԱՊՀ երկրների շրջանակում, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում երիտասարդական կառույցների բոլոր անդամներին, ովքեր իրենց նվիրվածությամբ և նախաձեռնողականությամբ նպաստում են մեր համայնքի երիտասարդական կյանքի շարունակական զարգացմանը։
Սիրելի՛ երիտասարդներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ, բազում ձեռքբերումներ և անսպառ եռանդ։
Leave a Reply