Օգոստոսի 10-ին, երեկոյան ժամը 21:15-ի շրջանում, ահազանգ ստացվեց, որ ընդունարանում շտապօգնության մեքենայով և ոստիկանների ուղեկցությամբ նորածին է ընդունվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արմենիա ԲԿ ծննդատան փոխտնօրեն, նորածնային ծառայության ղեկավար Արշակ Ջերջերյանը՝ անդրադառնալով երեկ Հալաբյան փողոցում թիթեղների տակ հայտնաբերված նորածնի մասին։
«Երեկ, ցավոք, երեկոն բավական զոհ էր, և երեխայի ջերմաստիճանը իջել է մինչև 30 աստիճան, ինչը կրիտիկական է նորածինների համար։ Հիմա երեխայի ջերմաստիճանը նորմալ է՝ 36.7, շնչական անբավարարություն ունի, դրա կապակցությամբ հատուկ ապարատի տակ է։ Վստահաբար կարող ենք ասել՝ երեխան ծնվել է ամսի 10-ին։ Պորտալարի թարմությունից դատելով, կարելի է մտածել, որ 3-6 ժամ առաջ է ծնվել։ Երեխան բուժհիմնարկում չի ծնվել»,–ասել է բժիշկը։
Նա նշել է, որ երեխայի մոտ զարգացման արատներ և բռնության հետքեր չկան։ «Երեխան 2550 գրամ քաշ ունի, 40 սմ հասակ»,–հավելել է բժիշկը։ Ինչ վերաբերում է երեխային անվանակոչելուն, նա նշել է, որ անունը սոցիալական ծառայություններն են դնելու։ «Երեխայի բուժումը կտևի 20-22 օր, որից հետո նրան կտեղափոխեն մանկատուն»,–ասել է Ջերջերյանը։
Leave a Reply