Ներկայացնում ենք ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի How Trump turned a frozen conflict into a model for peace հոդվածի թարգմանությունը:
Սթիվ Ուիթքոֆ
Սերնդեսերունդ դիվանագետները անլուծելի էին համարում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տասնամյակներ տեւած սուր հակամարտությունը։ Ամեն ինչ փոխվեց, երբ նախագահ Դոնալդ Թրամփը վերադարձավ Սպիտակ տուն։
Նախագահի համարձակ ու հեռատես առաջնորդության շնորհիվ մեկ տարի առաջ երկու երկրները ստորագրեցին Խաղաղության համատեղ հռչակագիրը, որը վերջ դրեց ավելի քան 35 տարվա արյունահեղությանը՝ իսկապես ուշագրավ ձեռքբերում։
Որպես նախագահի հատուկ բանագնաց՝ ինձ համար պատիվ էր առաջ մղել նախագահի խաղաղության օրակարգը։ Նախագահը նայեց նախկին սահմաններից անդին՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությունը առաջնահերթություն սահմանելով։
Մեր ներգրավվածությունը սկսվեց 2025 թվականի մարտին՝ Բաքու կատարած այցով։ Հենց այդ առաջին շփումից պարզ էր, որ Ադրբեջանի եւ նրա նախագահ Իլհամ Ալիեւի հետ Ամերիկայի հարաբերություններին պատշաճ ուշադրություն չէր դարձվել։
Թրամփի արտաքին քաղաքականության դոկտրինն առանձնահատուկ է նրանով, որ նա պատրաստ է նայել ցանկացած մեկի աչքերի մեջ՝ ամերիկյան շահերն առաջ մղելու համար, ներառյալ խաղաղություն հաստատումը ձգձգվող հակամարտություններում։ Այս դեպքը բացառություն չէր։
Ադրբեջանի նախագահը դրսեւորեց իրեն որպես ուժեղ, վճռական առաջնորդ, որը պատրաստ է անհրաժեշտ դժվար քայլեր կատարել խաղաղության համար, մինչդեռ նախորդ վարչակազմի թույլ առաջնորդների պատճառով կապերը թուլացել էին։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Նախագահ Ալիեւը մեզ վրա այնպիսի մարդու տպավորություն թողեց, որը հասկանում է թե՛ իր երկրի շահերը, թե՛ տարածաշրջանային կայունության ավելի լայն խաղադրույքները։ Այդ այցը մեր թիմին համոզեց, որ ճիշտ մոտեցման դեպքում առաջընթացը հնարավոր է։
Նույն կերպ՝ Հայաստանում մենք գոհունակությամբ հայտնաբերեցինք պրագտմատիկ եւ խիզախ առաջնորդի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ընդունակ է որոշումներ կայացնել իր ժողովրդի շահերից ելնելով, նույնիսկ եթե դրանց սկզբնական ընկալումը ժողովրդականություն չի վայելում։
Հաջորդ հինգ ամիսների ընթացքում մենք ինտենսիվ բանակցություններ վարեցինք Բաքվում եւ Երեւանում։ Այս մաքոկային դիվանագիտությունը բացահայտեց մեկ հիմնարար ճշմարտություն. հակամարտությանը անհրաժեշտ էր նայել այլ անկյան տակ։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Գործնական խնդիրները, հատկապես Նախիջեւանի իր էքսկլավին Ադրբեջանի անարգել հասանելիության կարիքը, երկար ժամանակ դիտարկվում էին որպես տարածքային վեճ զրոյական գումարով։ Անհրաժեշտ էր ոչ թե մաշված բանաձեւերի ևս մեկ փուլ, այլ թարմ մտածողություն, ստեղծագործական լուծումներ եւ, ամենակարեւորը, առաջնորդություն։
Այս առաջնորդությունը եկավ առաջին հերթին Թրամփից, ում վերադարձը վճռորոշ հնարավորությունների պատուհան բացեց։
Արդյունքում ձեւավորվեց «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար» (Trump Route for International Peace and Prosperity՝ TRIPP) շրջանակային հայեցակարգը՝ Միացյալ Նահանգների գործընկերությունը Հայաստանի հետ՝ Հայաստանի տարածքով անարգել, բազմամոդալ տրանսպորտային ուղիներ ստեղծելու համար՝ նրա տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության լիարժեք հարգմամբ։
Թրամփը մեռյալ կետից շարեց մի խնդիր, որը տասնամյակներ շարունակ փակուղի էր տանում դիվանագետներին՝ գործնական արդյունքները գերադասելով ցուցադրական գործընթացին։ Այս մոտեցումն արդարացրեց իրեն։
Այսօր TRIPP հայեցակարգը համաշխարհային ճանաչում է ստացել որպես թվացյալ անլուծելի վեճերի կարգավորման մոդել՝ ստեղծագործական մոտեցման, ուժի եւ փոխադարձ շահի, այլ ոչ թե անվերջ բանակցությունների միջոցով։
Անցած տարվա ընթացքում ԱՄՆ-ը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համատեղ աշխատել է այս համաձայնագիրը իրականություն դարձնելու ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք, որ TRIPP երթուղին կձգվի Կասպից ծովով, իսկ հայեցակարգը իր ձեւը կստանա նաեւ Մերձավոր Արեւելքում։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Միաժամանակ մի քանի տարածաշրջաններում ընթացող բարդ հակամարտությունների այս ժամանակաշրջանում Թրամփը շարունակում է եզակի դիրքում մնալ՝ խաղաղության ու բարգավաճման ձգտելով այնտեղ, որտեղ ուրիշները միայն փակուղի են տեսնում։
Հարավային Կովկասն այսօր ավելի անվտանգ, բարեկեցիկ եւ կայուն է, որովհետեւ Թրամփը, Ալիեւը եւ Փաշինյանը ընտրեցին արդյունքը՝ հռետորաբանության փոխարեն։
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply