ՆԳՆ-ն հերքում է Դաշտավանում կրակոցների մասին լուրերը․ կան ձերբակալվածներ | Հասարակություն

Written by

in

Զանգվածային լրատվամիջոցներում օգոստոսի 9-ին լուրեր են տարածվել, թե Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից հայտնում են, որ կրակոցների վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և հրազենային վնասվածք ստացած որևէ անձ չկա։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի ունեցող վիճաբանության մասին։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում կողմերը միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով (կաստետով)։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով միջադեպի մի քանի մասնակիցներ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *