Կիրակի օրը՝ օգոստոսի 2-ին, համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը աշխատանքային հերթական այցով Սյունիք գյուղական բնակավայրում էր՝ հանդիպելու Սզնակ և Դիցմայրի գյուղերի բնակիչների հետ։
Օրակարգում 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող խմելու ջրագծերի և դրանց հետագա կառավարման վերաբերյալ հարցն էր։ Նշենք, որ երկու գյուղերում էլ ավարտին են հասցվել խմելու ջրի մատակարարման նոր պոմպակայանի, օրվա կարգավորիչ ջրամբարի/ՕԿՋ/ և խմելու ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը գյուղացիներին մանրամասն ներկայացրել է ջրամատակարարման ողջ գործընթացը և ներկա պայմաններում դրա արդյունավետ կազմակերպման համար ընտրված առավել նպատակահարմար տարբերակը։ Այնուհետև բնակիչների հետ համատեղ քննարկել ջրամատակարարումը կանոնակարգված իրականացնելու, խմելու ջուրը խնայողաբար օգտագործելու և արդարացի բաշխելու վերաբերյալ մի շարք հարցեր։
Թեմայի շուրջ ծավալված քննարկման ժամանակ հնչել են կարծիքներ և առաջարկներ, գյուղի բնակիչները հնարավորություն են ունեցել նաև բարձրաձայնելու իրենց մտահոգող այլ խնդիրների մասին, որոնց վերաբերյալ համայնքի ղեկավարը տվել է պարզաբանումներ և անդրադարձել դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Leave a Reply