Ucom-ի աջակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Գնիշիկում տեղադրել է արևային էներգիայով աշխատող երկու ինքնավար (օֆֆգրիդ) կայաններ, որոնք կապահովեն վայրի բնության մշտադիտարկման տեսախցիկների անխափան և շուրջօրյա աշխատանքը։
Այս լուծումը հնարավորություն կտա FPWC-ի մասնագետներին շարունակաբար հետևել վայրի կենդանիների տեղաշարժին և վարքագծին, ուսումնասիրել վտանգված տեսակների միգրացիոն ուղիները, ինչպես նաև ուժեղացնել ապօրինի որսի և անտառային հրդեհների կանխարգելմանն ուղղված վերահսկողությունը։ Ինքնավար արևային կայանները հատկապես կարևոր են հեռավոր և էլեկտրական ցանցից դուրս գտնվող տարածքներում մշտադիտարկման համակարգերի կայուն աշխատանքն ապահովելու համար։ Դրանց շնորհիվ տեսախցիկները կկարողանան շուրջօրյա տվյալներ հավաքագրել՝ անկախ կենտրոնացված էլեկտրամատակարարումից։
«Ժամանակակից տեխնոլոգիաները կարող են իրական արժեք ստեղծել ոչ միայն մարդկանց առօրյայում, այլև բնության պահպանության գործում։ Գնիշիկում իրականացվող այս ծրագիրը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համադրել կապի և վերականգնվող էներգիայի լուծումները՝ հեռավոր տարածքներում ստեղծելով շուրջօրյա և հուսալի մշտադիտարկման համակարգ։ Ucom-ի համար կարևոր է աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք ունեն երկարաժամկետ բնապահպանական ազդեցություն և նպաստում են Հայաստանի կենսաբազմազանության պահպանությանը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Արևային էներգիայի կիրառումը միաժամանակ նվազեցնում է ավանդական էներգիայի աղբյուրներից կախվածությունը և թույլ է տալիս բնապահպանական խնդիրների լուծման համար կիրառել ավելի կայուն և բնությանը ներդաշնակ տեխնոլոգիական մոտեցումներ։
«Վայրի բնության պահպանությունը ժամանակակից աշխարհում անհնար է պատկերացնել առանց առաջադեմ տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի համադրման։ Գնիշիկում արևային ինքնավար կայանների տեղադրումը որակական նոր մակարդակի է հասցնում մեր մշտադիտարկման աշխատանքները․ մենք ստանում ենք անխափան, շուրջօրյա տվյալների հոսք նույնիսկ էլեկտրական ցանցից դուրս գտնվող ամենահեռավոր հատվածներից։ Սա թույլ է տալիս ոչ միայն արդյունավետ կանխարգելել ապօրինի որսն ու հրդեհները, այլև իրականացնել վտանգված տեսակների տեղաշարժի խորքային գիտական ուսումնասիրություններ», – նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Ucom-ի և FPWC-ի համագործակցությունը շարունակական բնույթ է կրում և ուղղված է պահպանվող տարածքների վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։ Համագործակցության նախորդ փուլերում Ucom-ի աջակցությամբ հիմնադրամի ջերմային տեսախցիկների համակարգերն ապահովվել են բարձրորակ ինտերնետ կապով, ինչի շնորհիվ մասնագետները կարողանում են հեռավար և օպերատիվ կերպով ստանալ, վերլուծել և կիրառել տարածքներից փոխանցվող տվյալները։
Տեխնոլոգիական և էներգետիկ նոր լուծումների համադրումը հնարավորություն է տալիս ստեղծել վայրի բնության պահպանության առավել հուսալի համակարգ՝ ապահովելով շարունակական վերահսկողություն և անհրաժեշտության դեպքում՝ արագ արձագանք։
Գնիշիկ բնակավայրում մեղվապահությամբ զբաղվող ընտանիքներին նվիրաբերվել է նաև արևային էլեկտրական ցանկապատ՝ մեղվափեթակներն արջերից պաշտպանելու համար։ Ցանկապատը կպահպանի շուրջ 1 հա տարածք՝ օգնելով չորս ընտանիքի անվտանգ պահել իրենց փեթակները։
Լուծումը ժամանակակից է և բնության համար անվտանգ. կենդանու դիպչելու պահին ցանկապատն արձակում է թույլ էլեկտրական ազդակ, որը զսպում է մոտենալու հետագա փորձերը՝ առանց վնաս պատճառելու։ «Էլեկտրական հովիվների» տեղադրումը դիտվում է որպես կարճաժամկետ գործնական քայլ՝ զուգահեռ շարունակվում են երկարաժամկետ ծրագրերը, այդ թվում՝ Ucom-ի կողմից տնկվող տասնյակ հազարավոր ծառերը, որոնք ապագայում անտառ ձևավորելով՝ վայրի կենդանիների համար բնական սննդի աղբյուր կդառնան։

Leave a Reply