Ամեն բան լավ էր, լարվածություն կար, բայց ոչ թե նրանից, որ թշնամի երկիր էր և այլն, այլ պատասխանատվության զգացումն էր: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Բաքվում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած Ջանես Նազարյանը:
«Գոտեմարտերիցս գոհ եմ, մարզիչների հետ լավ աշխատանք ենք տարել: Սխալներ կային, բայց, փառք Աստծո, այդ սխալները չազդեցին իմ ընդհանուր արդյունքի վրա»,-նշել է նա:
Հարցին՝ գոնտեմարտերից որը կառանձնացնի, նա պատասխանել է՝ եզրափակչինը, քանի որ ամեն ինչ ըստ պլանի չի գնացել, սխալներ է թույլ տվել, բայց մարզիչների հանգստության ու հուշումների շնորհիվ կարողացել է հաղթել մրցակցին:
«Գոտեմարտը եզրափակչում էր, լավածությունը և պատասխանատվությունը շատ էր, քանի որ դու և մրցակիցդ դուրս եք եկել այդ մրցելույթին միայն հաղթելու համար։ Մրցակիցս ուժեղ էր, զգայուն տղա էր, ես ևս սխալներ թույլ տվեցի, սկզբում, որ միավոր տվեցի: Մարզիչներն ինձ ավելի շատ օգնեցին՝ հանգստացնելով ինձ, այսինքն, որ ես չխառնվեմ և այդ խառնված ֆոնի վրա ավելի վատ մրցելույթ ցույց չտամ։
Մարզիչներն ավելի շատ օգնեցին, և ես էլ այն փաստից, որ լավ եմ աշխատել մինչև այդտեղ հասնելը, այսինքն՝ պարապմունքներին և հավաքներին լավ ենք աշխատել, վստահ լինելով, որ հնարավորություն ունեմ հետ բերելու՝ չխառնվեցի իրար և փառք Աստծո, կարողացա հետ վերադառնալ»,-մանրամասնել է Նազարյանը:
Հարցին՝ երբ հաղթեց եզրափակչում, դրոշով հաղթական շրջան կատարեց, ի՞նչ էմոցիաներ ունեցավ մարզիկը, երբ շուրջբոլորը սուլում էին, նա պատասխանել է. «Սուլոցները և ձայները, այդ պահին, հավատացեք, այդքան էլ չէին հետաքրքրում, որովհետև այդքան կարևոր չէր ինձ համար սուլոցներն ու ձայները, քան իմ՝ այդ պահի վայելելը: Այդ պահն ամեն անգամ չէ, որ կարող ես վայելել: Այդքան էլ ուշադրություն չեմ դարձրել դրան, իսկ ինչ վերաբերում է դրոշով քայլելուն և այլ, ուղղակի հպարտություն և հուզմունք էր դա, որ կարողացա հասնել դրան»,-նշել է Ջանես Նազարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային Ջանես Նազարյանը նվաճեց ոսկե մեդալ և դարձավ մինչև 17 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն։
Նա եզրափակչում 4։3 հաշվով հաղթեց ՌԴ-ն ներկայացնող Ասլան Ձուևին։
Leave a Reply