«Ռուսական երկաթուղիներ» (ՌԵԿ) ԲԲԸ-ում զարմացած ու տարակուսած են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, մասնավորապես՝ հայկական երկաթուղիների համար վարձավճարների հնարավոր գանձման վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը։
Ավելի վեր, լրագրողների հետ ճեպազրույցում, Փաշինյանը հայտարարել էր, թե «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) վերաբերյալ կարող են դե յուրե որոշումներ ընդունվել, ընդհուպ՝ միջազգային արբիտրաժի վարույթ։ Նա նշել էր, որ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ «30 տարի ոչինչ չենք խնդրել, իսկ հիմա տարեկան 2 մլրդ դոլար վարձ ենք խնդրելու»։ Հարցին, թե արդյոք ակնարկում է երկաթուղու կոնցեսիոն վճարների մասին, Փաշինյանը պատասխանել էր, որ ակնարկների կարիք չկա՝ միաժամանակ վստահեցնելով, որ Հայաստանը ցանկանում է հարցը բարեկամաբար լուծել ռուսական կողմի հետ։
Օլեգ Բելոզյորովը շեշտել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է պահպանել Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի դրույթները, իսկ պայմանների փոփոխության կամ դրանց դադարեցման դեպքում իրավունք ունի սպասելու ներդրումների վերադարձին:
«Ընկերությունը, որի դուստր ձեռնարկությունն է «Հարավկովկասյան երկաթուղին», հետևողականորեն և ամբողջությամբ կատարել է կոնցեսիոն պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները Հայաստանում։ Ընկերության ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը»,- նշել է ՌԵԿ գլխավոր տնօրենը։
Բելոզյորովի խոսքով՝ կոնցեսիան Հայաստանին տվել է ժամանակակից երկաթուղի՝ միաժամանակ լրացուցիչ ֆինանսական բեռ չստեղծելով պետական բյուջեի համար երկաթուղու վերականգնման և պահպանման ծախսերի առումով։
«Այսօր «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանի ամենակարևոր և խոշորագույն ազգային գործատուներից մեկն է»,- ընդգծել է նա։
ՌԵԿ ղեկավարը հիշեցրել է նաև, որ 2024 թվականին Լոռու և Տավուշի մարզերում ավերիչ ջրհեղեղից հետո երկաթուղու վնասված հատվածների վերականգնումը ֆինանսավորվել է Ռուսաստանի պահուստային ֆոնդից։ Բացի այդ, պարբերաբար իրականացվում է ուղևորատար շարժակազմի թարմացում․ 2021 թվականին, հայկական կողմի խնդրանքով, շահագործման է հանձնվել 27 նոր վագոն։
Համատեքստ․
Հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարի ժամկետով՝ 2008 թվականի փետրվարին՝ ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։
Փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի համար բարեկամ երկրի։ Իսկ մարտի 26-ին նա հայտարարեց, որ Երևանը դեմ չէ երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը, սակայն, մարտի 3-ին հայտնել էր, որ ռուսական կողմը Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու վերաբերյալ բանակցություններ չի վարում։
Leave a Reply