Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հավաստիացումներ է ստացել ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայից առ այն, որ իրանական նավին հարվածը հասցվել է ոչ միտումնավոր, և Կիևը չի ձգտում հետագա էսկալացիայի։
X սոցիալական ցանցում արված գրառման մեջ Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան կատարվածը բացատրել է որպես պատահականություն, սակայն ընդգծել է, որ Թեհրանն ակնկալում է փոխհատուցում կրած վնասի դիմաց։
«Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան ինձ հավաստիացրեց, որ իրանական նավի վրա հարձակումը ոչ միտումնավոր էր, և որ Ուկրաինան չի ձգտում էսկալացիայի»,- գրել է Արաղչին։
Ընդ որում, նա հավելել է, որ Իրանը ևս շահագրգռված չէ լարվածության մեծացմամբ, սակայն նման միջադեպերն ընդունելի չի համարում։
«Իրանը նույնպես չի ձգտում լարվածության սրման, բայց հստակ հասկացրել է. մեր քաղաքացիների կամ շահերի դեմ ցանկացած հարձակում անընդունելի է։ Կրած կորուստների դիմաց պետք է փոխհատուցում լինի»,- հայտարարել է նախարարը։
Ավելի վաղ հաղորդվում էր իրանական նավի վրա հարձակման մասին, որից հետո Թեհրանը Կիևից բացատրություններ էր պահանջել։ Միջադեպի մանրամասները և նավի վնասվածքների բնույթը պաշտոնապես չեն հրապարակվել։
Leave a Reply