Աքյաքա-Գյումրի երկաթուղային ճանապարհի ենթակառուցվածքների վերականգնման համար այժմ շինարարություն է ընթանում, որը կավարտվի 2-3 ամսից։ Ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, հայտարարվել են շինարարության հրապարակային մրցույթներ։ Այս մասին Արմենպրեսին հայտնել է Աքյաքայի քաղաքապետ Էրդուգեր Թոփթաշը:
Թոփթաշի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից հետո ակնկալում են, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետ կապված որևէ խնդիր չի լինի։
Թոփթաշը տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահի հանձնարարականով և Տրանսպորտի նախարարության համակարգմամբ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել սահմանային անցակետերը, երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու համար։
«Շինարարությունը սկսված է, աշխատանքներն ընթացքի մեջ են»,- նշել է Աքյաքայի քաղաքապետը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ սկսված շինարարական աշխատանքները Հայաստան-Թուրքիա սահմանի բացման նախապատրաստությունն են:
Արդեն իսկ մրցույթ է հայտարարվել նաև Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի կառուցման ուղղությամբ։
«Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի մրցույթն արդեն հայտարարված է, և ակնկալում ենք, որ աշխատանքներն այնտեղ նույնպես կսկսվեն: Եվ սա մեր կառավարությունների քաղաքականության մի մասն է՝ բարիդրացիական, բարեկամական հարաբերությունները խթանելու համար»,- ասաց Էրդուգեր Թոփթաշը:
Աքյաքայի քաղաքապետն այն կարծիքին է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումից տնտեսապես շահելու են երկու երկրներն էլ։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում համագործակցության լայն հնարավորություններ կան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
Leave a Reply