ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 28-ին այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող արհեստական բանականության (ԱԲ) տվյալային կենտրոն։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:
Նախարարին շրջայցի ընթացքում ուղեկցել է Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։ Այցի շրջանակում նախարար Հայրապետյանը ծանոթացել է «ԱԲ գործարանի» ընթացիկ վիճակին, շահագործման նախապատրաստական աշխատանքներին, տեխնոլոգիական ենթակառուցվածքներին, բարձր արտադրողականությամբ հաշվարկային համակարգերին, ինչպես նաև բացման հանդիսավոր արարողությունից առաջ իրականացվող վերջին տեխնիկական աշխատանքներին։ Շրջայցի ընթացքում քննարկվել են նաև նախագծի հետագա զարգացման փուլերը։
Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Firebird-ի իրականացրած այս ռազմավարական նախագիծը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տեխնոլոգիական զարգացման և միջազգային մրցունակության բարձրացման տեսանկյունից՝ ձևավորելով նոր հնարավորություններ գիտահետազոտական համայնքի, ստարտափների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների և պետական հատվածի համար։
Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար (6144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներ), իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ շահագործման հանձնելով ևս շուրջ 42,000 գրաֆիկական պրոցեսոր։
ՀՀ կառավարության և Firebird ընկերության համատեղ համագործակցության շնորհիվ Հայաստանը տեխնոլոգիաների սպառողից վերածվում է աշխարհին արհեստական բանականության բարձր տեխնոլոգիական արդյունք և լուծումներ առաջարկող երկրի, որը պատրաստ է սահմանել ապագայի խաղի կանոնները:
Leave a Reply