Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հուլիսի 20-26-ն անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ունեցել է աշխարհի չեմպիոններ այս մրցաձևում։ Մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոնի տիտղոսին են արժանացել Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը։
Հաջողությունն ամրապնդվել է նաև թիմային պայքարում․ Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան եռյակը շարժվող թիրախի նորմալ վազք մրցաձևում դարձել է ոսկե մեդալակիր:
Երիտասարդների աշխարհի առաջնությունում փայլուն արդյունք է գրանցել Աիդա Ազատյանը՝ հռչակվելով աշխարհի առաջնության կրկնակի հաղթող։
Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել նաև մյուս մրցաձևերում․
-
Արծաթե մեդալ — Տղամարդկանց թիմը (Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան)՝ խառը վազք մրցաձևում։
-
Բրոնզե մեդալ — Հայկ Մինասյանի անհատական նվաճումը։
-
Երկու բրոնզե մեդալ — 50 մետր խառը և նորմալ վազք մրցաձևերի թիմային պայքարում (Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան)։
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 հրաձիգով:
Leave a Reply