Երկու մեծ լոռեցիների «համակեցությունը» դեռ երկար կշարունակվի։ Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցադրությունը, որը 2023 թվականին ժամանակավորապես տեղափոխվեց «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարան, այնտեղ կմնա եւս առնվազն 31 ամիս։
Թեեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վստահեցնում է` Թումանյանի թանգարանի վերանորոգման աշխատանքները շուտով կվերսկսվեն, երեք տարի առաջ ընտրված ժամանակավոր լուծումը շարունակում է երկարաձգվել: Երկու թանգարանները ստիպված են շարունակել «համակեցությունը»։
Իրավիճակի պարզաբանման համար Մեդիամաքսը գրավոր հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, ինչպես նաեւ զրուցել Հովհաննես Թումանյանի թանգարանի եւ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային-կենտրոն թանգարանի տնօրենների հետ։
Կոնստրուկտիվ բնույթի խնդիրներ եւ դադարեցված աշխատանքներ
Հովհաննես Թումանյանի թանգարանի նորոգման, երկրորդ մասնաշենքի վերակառուցման եւ հարկերի ավելացման շինարարական աշխատանքները ԿԳՄՍ նախարարության պատվիրակությամբ մեկնարկել էին 2023 թվականի դեկտեմբերին:
ԿԳՄՍ նախարարությունից Մեդիամաքսի հարցմանը պատասխանել են, որ շինարարական աշխատանքների առաջին փուլը մեկնարկել էր թանգարանի երկրորդ մասնաշենքից, սակայն շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրների պատճառով անհրաժեշտ է եղել վերանայել նախագիծը եւ կրկին անցնել պետական փորձաքննությունները։
Լուսանկարը` Հովհաննես Թումանյանի թանգարան
«Աշխատանքների իրականացման ժամանակ ի հայտ են եկել կոնստրուկտիվ բնույթի այնպիսի խնդիրներ, որոնց առկայությամբ հնարավոր չէր շարունակել շինարարական աշխատանքները: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ հարցի քննարկման արդյունքում պարզ է դարձել, որ անհրաժեշտ է ձեռք բերել Հովհաննես Թումանյանի թանգարանի նորոգման, 2-րդ մասնաշենքի կառուցման նոր ճարտարապետահատակագծային առաջադրանքի /նախագծման/ թույլտվություն, եւ նոր նախագիծ:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2025 թվականի մայիսի 14-ի առաջարկը՝ ԿԳՄՍ նախարարությունը ստացել է նոր ճարտարապետահատակագծային առաջադրանք /նախագծման թույլտվություն/, որը փոխանցել է նախագծող կազմակերպությանը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերը շտկելու նպատակով:
2025 թվականի սեպտեմբերին նախագծող կազմակերպությունը նախարարությանն է փոխանցել լրամշակված եւ պարզ քաղաքաշինական փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերը, որից անմիջապես հետո, համաձայն գործող քաղաքաշինական նորմատիվ իրավական ակտերի, նախագիծը ուղարկվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ պետական համալիր փորձաքննության»,- նշված է նախարարության գրավոր պատասխանում։
ԿԳՄՍՆ-ից նաեւ հայտնել են՝ քանի որ Հովհաննես Թումանյանի թանգարանային մասնաշենքն ընդգրկված է ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, իսկ 2-րդ մասնաշենքը գտնվում է վերջինիս հարեւանությամբ, ուստի առաջնորդվելով գործող իրավակարգավորումներով՝ նախագիծը պետական համալիր փորձաքննությանը զուգահեռ ուղարկվել է նաեւ Շրջակա միջավայրի նախարարություն՝ բնապահպանական պետական փորձաքննություն իրականացնելու նպատակով:
31 ամիս
Այժմ, նախարարության հավաստմամբ, անհրաժեշտ բոլոր թույլտվություններն արդեն ստացված են, ընթանում են նախապատրաստական աշխատանքները, իսկ շինարարությունը նախատեսվում է ավարտել շուրջ երկուսուկես տարվա ընթացքում.
«ԿԳՄՍ նախարարությունն արդեն ստացել է կառուցապատման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից տրված նոր շինթույլտվությունը: Ներկայում ընթանում են շինարարական հրապարակի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները, որին կհաջորդի շինարարական աշխատանքների մեկնարկը։ Ըստ հաստատված նախագծի՝ շինարարական աշխատանքները նախատեսված են իրականացնել 31 ամսվա ընթացքում, որոնց ավարտից հետո Հովհաննես Թումանյանի թանգարանը եւ թանգարանին կից 2-րդ մասնաշենքը կվերաբացվեն»:
Մինչ նախարարությունը վստահեցնում է, որ շինարարական աշխատանքները շուտով կվերսկսվեն, երկու թանգարանների տնօրեններն իրավիճակն ու դրա ազդեցությունը իրենց գործունեության վրա տարբեր են գնահատում։
«Բոլոր ծրագրային միջոցառումները շարունակվում են»
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը նշում է, որ, չնայած տարածքային սահմանափակումներին՝ թանգարանի ծրագրերը, գիտահրատարակչական գործունեությունն ու ցուցադրությունները շարունակվում են, իսկ ժամանակավոր պայմանները չեն խոչընդոտում ստեղծագործական աշխատանքին:
Լուսանկարը` Հովհաննես Թումանյանի թանգարան
«Իհարկե, այն, ինչ կար մեր մոնումենտալ շենքում, նույնությամբ հնարավոր չէր վերարտադրել, քանի որ Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի տարածքը մեծ չէ։ Այնուամենայնիվ, այստեղ ցուցադրվում է 159 ցուցանմուշ, իսկ թեմատիկ սրահները ստեղծվել են նախապես մշակված կոնցեպտուալ մակետի հիման վրա։ Ունենք երկու թեմատիկ ցուցադրություն՝ մեկ մեծ եւ մեկ ավելի փոքր սրահ, որտեղ ներկայացվում է Թումանյանը։ Մեր թանգարանի միջնաժամկետ՝ երեք տարվա կտրվածքով կազմվող ծրագրերից չենք շեղվել եւ շարունակում ենք աշխատել նույն հունով։ Հրատարակչական գործունեությունն ընդհանրապես չի տուժել, նույն կերպ շարունակվում է նաեւ հեքիաթագիտության ամենամյա գիտաժողովը»,- ասում է Լուսինե Ղարախանյանը:
Լուսանկարը` Հովհաննես Թումանյանի թանգարան
Նրա խոսքով՝ միակ տարբերությունն այն է, որ հիմնական շենքում կարողանում էին սպասարկել զբոսաշրջիկների եւ այցելուների շատ ավելի մեծ հոսք.
«Այնուամենայնիվ, 2025 թվականի վերջին եռամսյակում Հայաստանի թանգարանների շարքում աբոնեմենտային սպասարկման ցուցանիշով չորրորդ տեղում էինք, իսկ 2026 թվականի առաջին եռամսյակում արդեն երրորդն ենք՝ Մատենադարանից եւ Հայաստանի պատմության թանգարանից հետո։ Այսինքն՝ մեր բոլոր ծրագրային միջոցառումները շարունակվում են, եւ շենքային պայմանները չեն խանգարում ստեղծագործական աշխատանքին։ Առաջիկա 31 ամսվա ընթացքում էլ կշարունակենք գործել այստեղ։
Լուսանկարը` Հովհաննես Թումանյանի թանգարան
Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի հետ պայմանագիր ունենք, եւ տարածքը չպետք է խանգարի, որ մենք արարենք։ Իհարկե, դժվարություններ կան, սակայն դրանք չեն կարող խոչընդոտել մեր ընդհանուր գաղափարախոսությանը։ Աշնանը նախատեսում ենք բացել Թումանյանին եւ Մաթեւոսյանին՝ որպես երկու հրապարակախոսների, նվիրված ցուցադրություն»։
«Բարեխղճության եւ պրոֆեսիոնալիզմի բացակայության խնդիր կա»
Լուսինե Ղարախանյանի լավատեսությունը չի կիսում «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային-կենտրոն թանգարանի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը.
Լուսանկարը` «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային-կենտրոն թանգարան
«Խիստ վատատեսորեն եմ վերաբերվում նախարարության նշած ժամկետներին։ Նման հայտարարություններ 2023-2026 թվականների ընթացքում բազմիցս ենք լսել։ Վերջին անգամ պաշտոնական, բայց բանավոր նման հայտարարությունն ինձ փոխանցվել է նախարարի անունից»:
Դավիթ Մաթեւոսյանը հայտնեց, որ 2023-ից մինչեւ 2026 թվականի հունիս Թումանյանի թանգարանը անվճար էր գործում իրենց տարածքում: Հունիսից համագործակցությունը շարունակվում է արդեն վարձակալության հիմունքներով:
«Մենք վերջնագիր ներկայացրինք եւ նրանք ստիպված համաձայնեցին վարձակալության պայմաններին։ Գումարը մասամբ վճարում է Թումանյան թանգարանը՝ իր ունեցած համեստ հնարավորությունների շրջանակում եւ իսկ մեծ մասը կառավարությունը՝ հանձինս ԿԳՄՍ-ի», – նշում է Դավիթ Մաթեւոսյանը:
Լուսանկարը` ՝«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային-կենտրոն թանգարան
Միեւնույն ժամանակ, Դավիթ Մաթեւոսյանը նշում է, որ համագործակցության ձեւաչափի կարգավորումը չի վերացրել հիմնական խնդիրը՝ Թումանյանի թանգարանի շենքի վերանորոգման ժամկետների անորոշությունը։
«Այստեղ տարրական լոգիստիկայի, տրամաբանության, ինչպես նաեւ բարեխղճության եւ պրոֆեսիոնալիզմի բացակայության խնդիր կա։ Ես ընդհանրապես վստահ չեմ, որ առաջիկա 31 ամսվա ընթացքում այդ շենքը կկառուցվի, եւ գլխավոր մասնաշենքը կհիմնանորոգվի։ Վստահ չեմ նաեւ, որ այդ հրաշալի նախագիծը հավուր պատշաճի կիրականացվի՝ ըստ ճարտարապետի, թանգարանի տնօրինության եւ նախարարության սրտացավ պաշտոնյաների մտածած, կանխատեսած ու նախագծած գաղափարի»,- նշում է նա։
Լուսանկարը` ՝«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային-կենտրոն թանգարան
Ինչ վերաբերում է, թե սա որքանով է խանգարում իրենց համատեղ աշխատանքին, «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային-կենտրոն թանգարանի տնօրենն ասում է.
«Էապես խանգարում է։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ խնդիրներ ունենք մեր սեփական ցուցադրությունների, նպատակների եւ իրականացումների համադրման հարցում, ինչպես նաեւ ունենք տարածքի խնդիր՝ ծավալվելու համար։ Միեւնույն ժամանակ, թանգարանի աշխատակազմի հետ մեր նախաձեռնությամբ ժամանակ առ ժամանակ փորձում ենք գտնել լուծումներ եւ գալիս ենք ընդհանուր հայտարարի՝ համատեղ ինչ-որ բաներ իրականացնելու համար»։
Արփի Ջիլավյան
Leave a Reply