2008 թվականից Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ գարնանային գիշերահավասարին նախորդող ուրբաթ օրը աշխարհում նշում են «Քնի համաշխարհային օրը»: Նպատակը առողջ քնի քարոզումն է, ուշադրության հրավիրումը քնի բժշկական, կրթական եւ սոցիալական հիմնահարցերի վրա, քնի խանգարումների կանխարգելումն ու կառավարումը։
Մոտ հինգ տարի առաջ մի գաղափար ունեի, որն իրականացնելու համար գործնական քայլեր անելու ժամանակ չգտա: Աշխատանքային անվանումն էր DreamShare կամ DreamMatch:
Մտածում էի մի ծառայություն գործարկել, որի շնորհիվ մարդիկ կկարողանային «կիսվել» իրենց երազներով՝ պատմելով դրանց մասին տեքստային, ձայնային հաղորդագրությունների կամ պատկերների տեսքով:
Երազ տեսած մարդը մտնելու էր առցանց հարթակ եւ «հրապարակելու» էր իր երազը։ Համակարգը, հիմնվելով բովանդակության վերլուծության վրա, դասակարգելու էր երազները եւ տեղադրեր դրանք տարբեր «դարակներում»։ Ծառայության ցանկացած օգտատեր կարող էր զբոսնել դարակներով եւ «ծանոթանալ» այլ մարդկանց երազների հետ։
Դարակներից մեկն էր կոչվելու էր TrendingDreams եւ ներկայացնելու էր այն երազների թեմատիկան, որոնք մարդիկ ամենաշատն են տեսել վերջին 24 ժամերի ընթացքում։ Մտածում էի, որ դա հնարավոր կլիներ կապակցել աշխարհում եւ կոնկրետ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների հետ եւ փորձել հասկանալ, թե որքանով են դրանք ազդում մարդկանց երազների վրա։
Առանձնահատկություններից մեկը լինելու էր այն, որ սեղմելով պայմանական MatchMyDream կոճակին, օգտատերը գտնելու էր այն երազները, որոնք նման են գիշերը իր տեսածին։ Նմանատիպ երազներ գտնելու դեպքում համակարգն առաջարկելու էր օգտատիրոջը կապ հաստատել այն մարդու/մարդկանց հետ, ովքեր տեսել են նման բան։
Չէի մոռացել նաեւ հանրօգուտ բաղկացուցչի մասին՝ մտածում էի, որ համակարգի հավաքագրած տեղեկատվությունը կարող է հետաքրքիր լինել մարդու ուղեղի գործունեության եւ մասնավորապես երազատեսության ուսումնասիրման հետազոտական կենտրոնների համար, քանի որ մեծ թվով մարդիկ իրական ժամանակում կիսվելու էին իրենց երազներով, թույլ տալով գիտնականներին հետեւել դրանց դինամիկային եւ օրինաչափություններին։
Հինգ տարի առաջ դժվար էր ենթադրել, որ արհեստական բանականությունը, որի մասին, իհարկե լսել էինք, բայց գործնականու չէինք «տեսել», զարգանալու է այնպիսի արագությամբ ու հզորությամբ, որը, կարծում եմ, արդեն թույլ է տալիս նմանատիպ գաղափարները կյանքի կոչել առանց մեծ ջանքերի եւ ներդրումների:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է
Leave a Reply