Ջուլիա Լամբերթը, թատրոնն ու ստվերների աշխարհը

Written by

in

«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Սոմերսեթ Մոեմի «Թատրոն» վեպը (1937)՝ Ջուլիետ Հովհաննիսյանի թարգմանությամբ։ Առաջին անգամ այն հայ ընթերցողին ներկայացվել էր 1985 թվականին։ 
«Թատրոնը» բացահայտում է դերասանական կյանքի նրբություններն ու մարդկային հոգեբանությունը։ Շեքսպիրյան «Աշխարհը բեմ է, մարդիկ՝ դերասաններ» արտահայտությունը վեպում մեջբերվում է ուղղակիորեն։ Եվ վեպի հիասքանչ հերոսուհին՝ Ջուլիա Լամբերթը, շատ ավելի հեռու է գնում իր եզրահանգումներում․ «Մենք՝ դերասաններս ենք միայն իրական։ Այսպես պետք էր պատասխանել Ռոջերին։ Մարդիկ մեր հումքն են։ Մենք ենք իմաստավորում նրանց կյանքը։ Մենք վերցնում ենք նրանց հիմար, աննշան զգացմունքներն ու դարձնում արվեստ․․․»։ 
Ջուլիան որտե՞ղ էր ավելի լավ խաղում՝ թատրոնո՞ւմ, թե՞ կյանքում։ Մայքլը չէր սխալվում․ բեմի վրա Ջուլիայի համար անկարելի ոչինչ չկար։ Իսկ կյանքո՞ւմ։ Թվում է՝ միայն որդուն՝ Ռոջերին է հաջողվում բանաձեւել նրա «խաղը»․ «Դու գոյություն չունես։ Դու միայն խաղացած անթիվ դերերն ես․․․», «Երբ տեսել եմ քեզ դատարկ սենյակ մտնելիս, երբեմն իմ մեջ ցանկություն է առաջացել անսպասելի բացել դուռդ, բայց վախեցել եմ, որ այնտեղ ոչ ոքի չեմ գտնի»։
Նրա կարծիքով մայրը նույնիսկ միակ որդուն կորցնելու դեպքում հիանալի մի ներկայացում կտար։
Ռոջերը ճշմարտությունն էր որոնում՝ մուտք գործելով աշխարհ, որը Շեքսպիրը բեմ էր անվանում։ 
Ջուլիան մտովի պատասխանելու էր որդու մեղադրանքներին՝ «Հենց մենք ենք, որ գոյություն ունենք։ Մարդիկ միայն ստվերներ են․․․»։ 
Վեպի կամ ֆիլմի (եթե էկրանավորումն եք դիտել) ամենատպավորիչ դրվագը վերջին ներկայացման ֆինալն է։ Ջուլիան դերասանական հանճարի շնորհիվ մեջտեղից հանում է երիտասարդ ու անտաղանդ «մրցակցուհուն»՝ Էյվիսին, Թոմին հասկացնում է, որ հիմարի մեկն է, ու ամենակարեւորը․․․ ինքն իրեն ապացուցում է, որ ազատ է ամեն տեսակի կապանքներից։ 
Ներկայացումից հետո Բերքլիի փոքր ճաշասրահում Ջուլիան զմայլվելու էր իրեն համակած ազատության զգացումով։ «Նա անկախության հաճելի զգացում էր ապրում՝ նստելով այդտեղ, բոլորի կողմից անհայտ ու աննկատելի։ Այժմ նրանք էին իր համար ներկայացում տալիս, իսկ ինքը հանդիսատեսն է»։
Մոեմն իր գրքերից մեկի առաջաբանում նշել է, որ ճանաչել է մեծ թվով նշանավոր դերասանուհիների, «Թատրոնի» հերոսուհի Ջուլիա Լամբերթը նրանցից ոչ մեկի դիմանկարը չէ․ վերցրել է մի գիծ այստեղից, մի գիծ այնտեղից եւ ձգտել ստեղծել կենդանի մարդու։ Հեղինակը չի իդեալականացնում իր հերոսուհուն, բայց համակրում է՝ ամենեւին չսքողելով նրա չարաճճիություններն ու թուլությունները։
Նա սեփական պատրանքներին զոհ գնացած տիկին Բովարին չէ, նա 46-ամյա Ջուլիա Լամբերթն է, որը թե՛ թատրոնում, թե՛ կյանքում կերտում է իր դերը։ 
Հիմա, ավելի քան երբեւէ, Մոեմի վեպը արդիական է։ Թատրոնը տեղափոխվել է նաեւ վիրտուալ աշխարհ։ Մարդն անվերջ կերպարներ է ստեղծում։ Իսկ արվեստը շարունակ ձեւեր է փնտրում «ստվերների աշխարհը»՝ մարդկային կյանքը իմաստավորելու։ 
Կհաջողվի՞  Ջուլիա Լամբերթի պես մի օր լավագույն դերը խաղալուց հետո նստել փոքր ճաշասրահում ու զգալ ազատության համը։ Այ սա՛ է հարցերի հարցը։ 
Արմինե Սարգսյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *