Երեւան: Մեդիամաքս: «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում հանդես է գալու Ռուբեն Վարդանյանի շահերի պաշտպանությամբ:
«Գանգատում մանրամասն նկարագրված են Մարդու իրավունքների եւ հիմնական ազատություների պաշտպանության մասին կոնվենցիայի ութ հոդվածների խախտումները եւ բերված են դրանք հաստատող հիմնավորումներ:
Ռուբեն Վարդանյանի գործով դատավճիռը Բաքվի ռազմական դատարանը հրապարակել էր 2026 թվականի փետրվարի 17-ին՝ նրան դատապարտելով 20 տարվա ազատազրկման: Դատարանը դատավճիռն ամբողջությամբ չէր ընթերցել։
Ավելի ուշ ընտանիքի միջոցով հասանելի դարձած դատավճռից պարզ է դարձել, որ Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 41 դրվագով՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 21 հոդվածների հիման վրա։
Վարդանյանը չի բողոքարկել դատավճիռը, քանի որ համարել է, որ դատավարությունը եղել է բեմադրված եւ կանխորոշված, իսկ ներպետական բոլոր միջոցները՝ անարդյունավետ:
«Իրականում անկարելի է պաշտպանել իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատաքննության իրավունքը։ Ուստի Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով»,- ասվում է Սահակյանի հայտարարությունում:
Leave a Reply