Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ։ Մեկնաբանելով «իրանական գործը»՝ ԶԼՄ-ների հետ զրույցում այս մասին հայտարարել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Արծվիկ Մինասյանը։
«Սա ոչ միայն վրեժխնդրություն է, այլև մարդկային արժանապատվության բացահայտ ոտնահարում»,- հավելել է Մինասյանը։
Նրա խոսքով՝ գործընթացը դուրս է իրավական դաշտի սահմաններից, և օրենքի գերակայության սկզբունքի մասին խոսելն ավելորդ է։
«Եթե փաստաբանին հեռացնում են վարույթից նման հիմքով (իրանցի գործարարների պահանջով), դա օրենքի կոպիտ խախտում է։ Ակնհայտ է, որ փորձ է արվում մեկուսացնել Երեմ Սարգսյանին, ով քաջատեղյակ է գործից։ Նման գործերը ՄԻԵԴ-ում փլուզվում են։ Այս գործը իրավական իմաստով ապագա ունենալ չի կարող»,- նշել է Մինասյանը՝ ընդգծելով, որ պատճառները միանշանակ քաղաքական են։ Մինասյանը նկատել է, որ անձամբ ծանոթ է Ծառուկյանի հետ, և իր՝ բնապահպանության նախարար եղած ժամանակ Ծառուկյանն աջակցություն է ցուցաբերել գերատեսչությանը ավտոմեքենաների տրամադրմամբ։
«Որսն ինձ համար անընդունելի է, բայց պետք է նշեմ, որ Ծառուկյանի պահպանության տակ գտնվող բոլոր վայրի կենդանիները պահվում էին միջազգային նորմերին լիովին համապատասխան ձևով»,- հավելել է Մինասյանը։
Ընտրություններից հետո կալանավորված Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն և փողերի լվացում կատարելու մեջ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ խոշոր գործարարը կազմակերպել է իրանցի գործարարների ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը։ Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն իրենք են պարտք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին, և դրա վերաբերյալ կան հաստատող մուրհակներ։
Leave a Reply