ՊՆ ենթակայությամբ գործող ստորաբաժանումների` հատկապես Սյունիքի ուղղության հենակետերում իրականացվող հերթափոխերի վերաբերյալ վերջին օրերի կրկին ակտիվ քննարկումները պահանջում են որոշ ճշտումներ, ընկերներ: Որպես պահեստազորային, ինձ թույլ կտամ որոշ հարցերի շուրջ խոսել:
Խնդիրը նոր չէ․ այն սկիզբ է առնում դեռևս 2021թ-ից՝ պաշտպանական գերատեսչությունը ղեկավարող Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում (այդ շրջանը համընկնում է իմ ծառայության փուլին): Այդ ժամանակահատվածում մի շարք հատուկ նշանակության ստորաբաժանումներ իրականացնում էին դիրքային հերթափոխ ադրբեջանական կողմի պարտադիր «թույլտվությամբ», ինչը իր էությամբ հակասում էր զորքերի գործողության ազատությանը և մարտական հերթապահության սահմանադրական կանոնակարգերին։
Հերթափոխերի ընթացքում ադրբեջանական զինծառայողները բազմիցս դրսևորել են սադրիչ և արժանապատվությունը նվաստացնող պահվածք մասնավորապես կանանց ներգրավմամբ ծառայություն իրականացնող հերթափոխող խմբերի նկատմամբ։ Նրանց կողմից հնչեցված հեգնական արտահայտությունները «На обратном пути оставьте эту девушку здесь», հստակ որպես հոգեբանական ճնշման և ստորացման փորձեր են:
Թող չմոռացվի նաև, որ նույն Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման օրոք ենք ունեցել հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների գերեվարման դեպքեր հենց այդ տեղանքից, թե ուր էին գերեվարված զինծառայողների զենքերը, ևս անպատասխան հարց է: Թող չմոռացվի Գեղարքունիքի մարտերի ժամանակ այդ նույն նախարարի «ճիպոտներով կռվելու» հրամանը:
Հարց է, թե`
ինչու էին այդ պահին զինծառայողները անկարող կիրառել իրենց անձնական զենքը,
ինչ հրաման-հրահանգ էր գործում «կրակելու» վերաբերյալ,
ով է անձամբ սահմանել այդ կանոնակարգային սահմանափակումները։
Շրջանառվում է նաև Նիկոլ Փաշինյանի տեսանյութը, որտեղ նա հայտարարում է. «Այո, Վաղարշակ Հարությունյանին ես եմ զորքերի ետ քաշման հրաման տվել», իսկ մի քանի տարի անց նույն դիրքորոշումը ժխտում է։ Սա ռազմական կառավարման և քաղաքական պատասխանատվության բնագավառում ստեղծում է լրջագույն հակասություններ։
Առաջարկում եմ առանձին ուսումնասիրել 2021թ-ի գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նշանակմամբ իրականացված կառուցվածքային և օպերատիվ վերափոխումների ամբողջ ընթացքը։ Այդ ժամանակահատվածում պաշտպանության համակարգում ներդրված հստակ հրամանատարա-շարային կարգապահությունը, օպերատիվ կառավարման կենտրոնացված համակարգը, հետախուզության և սահմանային դիտարկման բարձրացված ռեժիմները, և այն, թե գեներալ Արշակ Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում ՊՆ վարչական շենքի անձնակազմի համար ինչպիսի ֆիզիկական պատրաստության օրակարգ էր սահմանված, մասնավորապես առավոտյան քանի կրկնությունով ուժային վարժություններ (жим) էին կատարում: Ինչու՞ էին «մեծ փորով» զինծառայողները հերթական կոչումը ստանալուց առաջ մարզվում, ֆիզիկական պատրաստության լավ աստիճանի հասնում, նոր ստանում կոչումը:
Ուսումնասիրել և այդ փուլում ծառայություն իրականացնող անձնակազմից ճշտել քանի կմ դեպի ելման դիրքեր ետ քաշվեց ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումը Սև լճից Ա. Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում, և քանի կմ կրկին առաջ եկավ Ա. Կարապետյանի պաշտոնանկությունից օրեր անց:
Այս պատճառների մասին բարձրաձայն չի ասվում, որովհետև վերնախավն իր «խաղերն» ու «պատճառներն» ունի:
Սակայն Սահմանային իրավիճակը ավելի լավ գիտեն այն մարդիկ, ովքեր այդ օրերին կանգնած էին դիրքերում, և նրանց մեծ մասը այսօր մեկ բան է արձանագրում`
Արշակ Կարապետյանի հեռացումը թուլացրեց սահմանային կառավարման համակարգը և բացեց դուռը հակառակորդի առաջխաղացման համար։
Հ.Գ. Եթե այս իրողություններից հետո դեռևս կան մարդիկ, ովքեր չեն գիտակցում, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում մեր պետության ներսում, ապա անկեղծ, ցավում եմ։
Սթափ գնահատականն այսօր այլընտրանք չունի, հարգելիներ:
Հ.Գ.2. Եվ չնայած «չկրակելու» այդ տխմար հրամանին, ես հպարտ եմ ՀՆ բրիգադի իմ այն ընկերներով, ովքեր թքած ունեցան այդ հրամանի վրա և կյանքի գնով կատարեցին իրենց սրբազան առաքելությունը:
Leave a Reply