Հայ ուսանողների սիրած ուղղությունը․ Աբու Դաբիի Սորբոնը տոնում է հիմնադրման 20-ամյակը

Written by

in

Շուրջ 120 հայաստանցի ուսանող է սովորում աշխարհի 50 լավագույն համալսարաններից մեկում՝ Աբու Դաբիի Սորբոնում։ Ո՞րն է հայ ուսանողների հետաքրքրության պատճառը:

Աբու Դաբիի Սորբոնի համալսարանը (SUAD) տոնում է իր հիմնադրման 20-ամյակը։ 2006 թվականին Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների որոշմամբ մայրաքաղաք Աբու Դաբիում հիմնադրվեց ֆրանսիական նշանավոր Սորբոնի համալսարանի մասնաճյուղը, որը ներկայումս առաջարկում է բակալավրիատի և հետբուհական կրթության ավելի քան 20 ծրագիր 3 մասնագիտացված դպրոցների շրջանակներում՝ «Արվեստ և հումանիտար գիտություններ», «Իրավագիտություն, տնտեսագիտություն և բիզնես», ինչպես նաեւ «Տվյալագիտություն, գիտություն եւ ճարտարագիտություն»:

«Սկսել ենք 100 ուսանողով, ինչը արկածախնդրություն էր թվում։ Մեր ուսանողները, շրջանավարտները, գիտնականները՝ յուրաքանչյուրն իր ձևով, այս համալսարանը դարձրել են մի վայր, որտեղ հանդիպում են մշակույթները, փորձարկվում են գաղափարները», — ասում է համալսարանի կանցլեր (ռեկտոր) Նատալի Մարսիալ-Բրան։
Ներկայումս համալսարանում սովորում է 2090 ուսանող 81 երկրից։ Ուսանողներից 1375-ը ԱՄԷ-ից են, 715-ը՝ այլ երկրներից։ Միջազգային ուսանողներն ամենաշատը գալիս են Հայաստանից։ Այս պահին շուրջ 120 հայաստանցի ուսանող է սովորում Աբու Դաբիի Սորբոնում, որոնց մեծ մասն ընտրել է մաթեմատիկայի, տնտեսագիտության հետ կապված ծրագրերը, կան նաև հայ ուսանողներ իրավաբանության, մեդիայի և հաղորդակցության, մշակութաբանության և այլ ֆակուլտետներում։

Ընդհանուր առմամբ, համալսարանում սովորողների թվում իգական սեռը գերակշռում է՝ 65 տոկոսը աղջիկներ են, սակայն հայաստանցի ուսանողների պարագայում պատկերը զգալիորեն տարբերվում է` շուրջ 90 տոկոսը տղաներ են։ Սա իր պատճառն ունի․ Սորբոնի համալսարանը ընդգրկված է Շանհայի վարկանիշի լավագույն 50 համալսարանների  (ARWU) ցանկում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Շանհայի թոփ-50 համալսարաններ (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) ընդունված ՀՀ քաղաքացիներին տրամադրել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ուսման ընթացքում։ Բացի դրանից, ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները տարկետում են ստանում՝ Հայաստան վերադառնալու և Կառավարության սահմանած գերակա ոլորտներում աշխատելու դեպքում։ Առնվազն 3 տարի ՀՀ-ում աշխատելու պայմանը կատարելուց հետո քաղաքացին ամբողջությամբ ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից

Այսպիսով, ֆրանսիական կրթական համակարգի երաշխավորած բարձրակարգ կրթության և Հայաստանի կառավարության տրամադրած արտոնությունների շնորհիվ, Աբու Դաբիի Սորբոնը դարձել է արտերկրում ուսանող հայաստանցիների ամենանախընտրելի վայրը։ Ըստ ԿԳՄՍ նախարարության տվյալների, Շանհայի թոփ-50 վարկանիշում ընդգրկված բոլոր համալսարաններում 2026-ի սկզբի դրությամբ սովորում է 570 հայաստանցի ուսանող։ Փաստորեն, Աբու Դաբիի Սորբոնին բաժին է հասնում աշխարհի հեղինակավոր համալսարաններում սովորող հայ ուսանողների շուրջ 1/5-ը։ 

Սորբոնում Մեդիա եւ հաղորդակցություն սովորող Լյուդմիլա Պետրոսյանը նշում է, որ կրթության բարձր ստանդարտներից զատ, համալսարանը գրավում է տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ շփումներով, ինչպես նաև՝ անվտանգ ուսանողական միջավայրում ինքնուրույն կյանքով ու սեփական կենսակերպով ապրելու հնարավորությամբ։ Կամպուսում գործում է Հայկական ակումբ, որը պարբերաբար միջոցառումներ է կազմակերպում հայ ուսանողների հետ՝ համալսարանի այլազգի ուսանողներին ու դասախոսական կազմին ծանոթացնելով Հայաստանի մշակույթի հետ։ «Այնպես որ, նոր եկող ուսանողները կարող են վստահ լինել, որ այստեղ հարազատ միջավայր կա», — ասում է ապագա իրավաբան Նարե Ջիլավյանը։ Մաթեմատիկա և ԱԲ տվյալագիտություն ուսանող Սամվել Բաբայանը վստահ է, որ հայ ուսանողների մեծամասնությունը իր գիտելիքները կկարողանա կիրառել Հայաստանում՝ պրակտիկ ոլորտում, ինչպես նաև ակադեմիական կրթության մեջ։ 

Համալսարանում ուսումը հիմնականում անգլերեն է, նոր ընդունված ուսանողները նաև որոշ ժամանակ ֆրանսերենի ինտենսիվ դասընթացներ են ստանում։ Բացի բակալավրիատից ու մագիստրատուրայից, Աբու Դաբիի Սորբոնում հասանելի են նաև դոկտորական ծրագրեր՝ Ֆրանսիայի դոկտորական դպրոցների հետ համագործակցությամբ: Բոլոր աստիճանները շնորհվում են Սորբոնի համալսարանի (Sorbonne Université) կողմից, գնահատվում են Ֆրանսիայի Հետազոտությունների և բարձրագույն կրթության գնահատման բարձրագույն խորհրդի (HCERES) կողմից, ինչպես նաև հավատարմագրվում են Ֆրանսիայի Բարձրագույն կրթության, հետազոտությունների և նորարարության նախարարության (MESR) և ԱՄԷ-ի Ակադեմիական հավատարմագրման հանձնաժողովի (CAA) կողմից:

Ուսանողները կարող են գերազանց առաջադիմության դեպքում ստանալ կրթաթոշակներ և ուսման վարձի արտոնյալ դրույքաչափեր ինչպես բակալավրիատի, այնպես էլ հետբուհական ծրագրերի ժամանակ։ Ընդ որում, համապատասխան չափանիշներին բավարարող ուսանողները կարող են ստանալ կրթաթոշակներ, որոնք ծածկում են ուսման վարձի մինչև 100%-ը։

Աբու Դաբիի Սորբոնում, բացի ավանդական ուղղություններից, ինտենսիվորեն զարգանում են նաև արհեստական ​​բանականության, ծովային գիտությունների, կլիմայական փոփոխություններին հարմարվելու և մշակութային ժառանգության ոլորտներում իրականացվող հետազոտությունները։

Լրացուցիչ տեղեկանք 

SUAD-ի ծրագրերը համատեղում են ակադեմիական խորը գիտելիքներն ու քննադատական ​​մտածողությունը՝ արդյունաբերական գործընկերությունների միջոցով ձեռք բերված գործնական փորձի հետ: Վերջին երեք տարիների ընթացքում համալսարանում ուսանողների թիվն աճել է 74%-ով՝ ներկայումս հասնելով ավելի քան 2000-ի, ինչը վկայում է հաստատության շարունակական զարգացման և միջազգային ակադեմիական համայնքի ընդլայնման մասին: Համալսարանը, որտեղ գործում է Պարսից ծոցի տարածաշրջանի՝ ֆրանսալեզու գրականության ամենամեծ ակադեմիական գրադարանը, խթանում է հետազոտությունները, նորարարությունը և միջմշակութային երկխոսությունը ֆրանսիական և էմիրաթական համայնքների միջև: «Ընտրի՛ր գերազանցությունը, ընտրի՛ր SUAD-ը» կարգախոսն արտացոլում է հաստատության նվիրվածությունը իր հինգ ռազմավարական հենասյուներից մեկին՝«Գերազանցությանը» (մյուսներն են՝ հետազոտություն, կրթություն, տեսանելիություն և կայունություն): Համալսարանի բազմաոլորտ հետազոտական ​​ինստիտուտը՝ SAFIR-ը, նպաստում է գիտելիքի ստեղծմանը՝ գործարկելով 7 կենտրոն, որոնք աշխատում են կարևորագույն ոլորտներում (օրինակ՝ արհեստական ​​բանականություն, հումանիտար գիտություններ և ծովային գիտություններ): Այն հնարավորություն է տալիս համագործակցել Ֆրանսիայում և ԱՄԷ-ում գործող 17 000 հետազոտողների հետ, ինչպես նաև ապահովում է ամուր կապեր արդյունաբերական ոլորտի հետազոտական ​​գործընկերների հետ: 

Սորբոնի համալսարանը (Sorbonne Université) 2026 թվականի «Շանհայի վարկանիշային աղյուսակում» (Shanghai Rankings)՝ մաթեմատիկայի ոլորտում ​​6-րդն է, իսկ ֆիզիկայի ոլորտում՝ 29-րդը։ «Le Figaro Étudiant»-ի 2026 թվականի տվյալներով՝ այն ճանաչվել է Ֆրանսիայի՝ հաղորդակցության ոլորտի լավագույն ուսումնական հաստատությունը։ Սորբոնի համալսարանը նաև 8-րդ տեղն է զբաղեցնում «Times Higher Education»-ի՝ երիտասարդ համալսարանների վարկանիշային աղյուսակում։ 2019 թվականին «Forbes Middle East Higher Education Awards»-ի շրջանակներում SUAD-ի (Սորբոնի համալսարան Աբու Դաբի) Արվեստի և հումանիտար գիտությունների դպրոցը ճանաչվել է հումանիտար կրթություն իրականացնող լավագույն հաստատությունը։ 2025 թվականին «Times Higher Education Impact Rankings»-ում SUAD-ը զբաղեցրել է երկրորդ տեղը ԱՄԷ-ում՝ «Պատասխանատու սպառում և արտադրություն» չափանիշով։ Բացի այդ, SUAD-ը առաջին տեղն է զբաղեցրել «Շեյխ Համդան բին Զայեդի անվան բնապահպանական մրցանակաբաշխության» (Sheikh Hamdan bin Zayed Environmental Award)՝ «Հետազոտական ​​ինստիտուտ» անվանակարգում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *