Մարտի 1-ի գործով վկա Աշոտ Կարապետյանի մահվան առեղծվածային հանգամանքները՝ 6 տարի անց

Written by

in

Մարտի 1-ի գործով վկաների առեղծվածային մահերից մեկը. 6 տարի առաջ այս օրը Մոսկվայում պшյթյունից մшհացավ Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը

 

2019 թվականի նոյեմբերի 28-ին, Մոսկվայում կասկածելի հանգամանքներում մահացավ Մարտի 1-ի գործով վկա, ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը։ Մինչ օրս նրա մահը մնում է առեղծված։

 

Բանն այն է, որ 2019 թվականին կասկածելի հանգամանքներում մահանում էին Մարտի 1-ի գործով անցնող անձինք։

 

⁉️⁉️Աշոտ Կարապետյանի մահվանից երկու ամիս առաջ էլ հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Ոստիկանության նախնական վարկածով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն էր։ Հարությունյանը ևս Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ։ Մինչ օրս նրա մահը ևս մնում է առեղծված։

Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը։

 

Ըստ ռուսական լրատվամիջոցների հաղորդումների՝ ոստիկանության նախկին պաշտոնյայի մահը վրա է հասել Պյատիգորսկում գտնվող մասնավոր գարեջրի գործարանում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով։

 

Ըստ տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով մահացել է նաև ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մորեղբայրը։

 

Ռուսաստանում երկու մարդկանց մահվան առթիվ քրեական գործ էր հարուցվել՝ աշխատանքային պահանջները չբավարարելու հատկանիշներով։ Ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին, որ գարեջրի գործարանը գազի ցանցին միանալու թույլտվություն չի ունեցել։

 

49-ամյա Կարապետյանը ոստիկանության համակարգում աշխատել է 1990-ականներից։ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ նա զբաղեցրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը։ Հետընտրական արյունալի իրադարձություններից մեկ տարի անց պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։

 

Հատուկ քննչական ծառայությունից հայտնել էին, որ Կարապետյանը Մարտի 1-ի քրեական գործում վկայի կարգավիճակ ուներ։ Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշել էր, որ Աշոտ Կարապետյանը հետընտրական իրադարձություններին իր մասնակցությունն է ունեցել.

 

«2008թ. փետրվարի 29-ի միջոցառում կոչված «տեղանքի զննություն» օպերացիան և դրա ամբողջ գիշերվա ընթացակարգի հետ Աշոտ Կարապետյանն առնչություն ուներ, նա էր զանգել Արմեն Նիկողոսյանին, կանչել ոստիկանություն, այնուհետև ոստիկանությունում, մենք գիտենք, ինչ իրավիճակ է եղել այդ ժամանակ զենքերի հետ կապված, օպերացիան իրագործելու հետ կապված և ժողովրդի դեմ նախահարձակ լինելու հիմքեր ստեղծելու հանգամանքներին վերաբերող քննարկումները և բուն դրա իրագործումն է։ Որպես ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա՝ նա ևս առնչվել է այն ամենին, ինչ որ առավոտվա գործողություններում առկա են եղել ոստիկանության բիրտ ուժի կիրառման ժամանակ», – ասել էր նա։

 

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցչի գնահատմամբ՝ Կարապետյանը Մարտի 1-ի գործով պետք է հարցաքննվեր։ Ըստ նրա՝ չի կարող ասել՝ Կարապետյանի մահը կապ ուներ այս իրադարձությունների հետ, թե ոչ.

 

«Չեմ էլ ուզում բացառել այն վարկածը, որ կարող է և կապ ունենալ, որովհետև զարմանալի զուգադիպությամբ բոլոր այն անձինք, ովքեր մարտի մեկի առանցքային գործողությունների կիզակետում եղել են, այս անձինք կա՛մ ինքնասպան են լինում, կա՛մ մահանում են, և ինչ-որ բան նորմալ չեմ համարում այս ամենի մեջ»:

 

Նշենք,որ Կարապետյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2016 թվականին, երբ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավվել էր Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, Երևանում մեկնարկած հանրահավաքներից հետո Կարապետյանը ենթարկվել էր կարգապահական տույժի, ապա ազատվել Երևանի ոստիկանապետի պաշտոնից։ Այդ օրերին ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ցուցարարների և լրագրողների նկատմամբ, տասնյակ մարդիկ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

 

Քնար Մանուկյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *