«Հայոց թագավորի» համախտանիշը, դավաճաններն ու քավության նոխազները

Written by

in

Ներկայացնում ենք Armenian Weekly պարբերականում հրապարակված Beyond the “King of Armenians” syndrome: A blueprint for strategic resilience հոդվածի հայերեն թարգմանությունը՝ որոշ կրճատումներով։

 

Հոդվածի հեղինակ, «Թորոնթոհայ» ամսաթերթի խմբագիր Ռուբէն Ճանպազեանը պատմում է Երեւանում կայացած դոկտոր Հենրի Ս. Թերիոյի հանրային դասախոսության մասին։ Այն ՀԸԲՄ Երեւանյան գրասենյակում կազմակերպել էր

Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը (ISA)՝ Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) եւ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության հայագիտական մատենաշարի հետ համագործակցությամբ։

 

Ռուբէն Ճանպազեան

 

ԱՄՆ Վորչեսթերի պետական համալսարանի ակադեմիական գծով փոխնախագահ, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի (International Association of Genocide Scholars) նախկին նախագահ Հենրի Ս. Թերիոն իր ելույթում անդրադարձավ հիշողության, վերականգնողական արդարադատության եւ Հայաստանի ներկայիս ազգային ուղեգծի միջեւ կապին։

 

Սակայն, այն, ինչ հաջորդեց, սովորական, չեզոք ակադեմիական դասախոսություն չէր։ Հիմնվելով փիլիսոփայության եւ ցեղասպանագիտության ոլորտներում իր հարուստ փորձի վրա՝ Թերիոն սուր քննադատության ենթարկեց Հայաստանի ժամանակակից քաղաքական մշակույթը՝ կոչ անելով հրաժարվել անձնակենտրոն քաղաքականությունից եւ ռեակտիվ պաշտպանողականությունից եւ որդեգրել մոտեցում, որը նա անվանեց «բազմազանության ռազմավարություն»։

 

Թերիոն իր ելույթը սկսեց՝ անդրադառնալով մի երեւույթի, որը նրա կարծիքով, հայկական քաղաքական դիսկուրսի քրոնիկ խոցելի կողմիերից է՝ քաղաքական կյանքը ոչ թե սկզբունքների, այլ անհատների շուրջ կառուցելու միտումը: Նրա համոզմամբ՝ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Սփյուռքում, քաղաքական կյանքը հաճախ հիշեցնում է անձնակենտրոն խմբավորումների միջեւ անհաշտ պայքար: «Քաղաքական դաշտում, իմ ընկալմամբ, քաղաքական ընտրությունը գրեթե միշտ ներկայացվում է որպես ընտրություն առանձին անհատների միջեւ»,- նշեց Թերիոն:  

 

«Փոխանակ հարցնելու՝ «Ի՞նչ սկզբունքների շուրջ ենք ցանկանում կազմակերպվել, եւ ինչպե՞ս կարող ենք առաջ տանել այդ սկզբունքները», քաղաքականությունը վերածվում է անհատների միջեւ ընտրության, իսկ ընտրական գործընթացն իրականում մասնակցային չէ»։ Մեկ առաջնորդից նման կախվածությունը, որը Թերիոն կեսկատակ անվանեց «Հայոց թագավորի» համախտանիշ, անխուսափելիորեն ծնում է խորը բեւեռացում: Երբ քաղաքականությունը հանգում է անձնական հավատարմության, անհամաձայնությունն այլեւս չի ընկալվում որպես ռազմավարական մոտեցումների տարբերություն, այլ՝ որպես դավաճանություն:

 

Թերիոն մատնանշեց առօրյա կյանքում «դավաճան» բառի սովորական դարձած գործածությունը՝ որպես պառակտված քաղաքական միջավայրի ախտանիշ, որտեղ տարբեր ուժերտ չեն փորձում համոզել, այլ պարզապես մերժում են միմյանց։

Լուսանկարը` REUTERS

Նա զգուշացրեց, որ այս ներքին պառակտումը հատկապես վտանգավոր բնույթ է ստացել 2023 թվականին Արցախում իրականացված էթնիկ զտումից հետո։ Անդրադառնալով այն երեւույթին, որ Հայաստանում Արցախից բռնի տեղահանված անձանց դարձնում են քավության նոխազ՝ Թերիոն զուգահեռ անցկացրեց ներքին ճնշման եւ ընտանեկան բռնության դինամիկայի միջեւ։ Երբ պատմականորեն տրավմայի ենթարկված բնակչությունը բախվում է Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի կամ Արեւմուտքի կողմից գործադրվող հսկայական արտաքին ճնշմանը, եւ իրեն զրկված է զգում աշխարհաքաղաքական գործընթացների վրա ազդելու հնարավորությունից, այդ հիասթափությունը հաճախ ուղղվում է սեփական համայնքի ամենահասանելի եւ ամենախոցելի անդամների դեմ։ «Երբ սկսում եք ձեր հասարակության խնդիրների համար քավության նոխազ դարձնել ձեր իսկ հասարակության անդամներին, ստեղծում եք իսկապես վտանգավոր դինամիկա»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ «բաժանիր, որ տիրես» տրամաբանությունն ի վերջո ծառայում է միայն այն արտաքին ուժերի շահերին, որոնք ակտիվորեն ձգտում են թուլացնել Հայաստանի ինքնիշխանությունը։ 

 

Մինչ ժամանակակից հայկական հանրային տիրույթում պատմական արդարադատությունն ու 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ներկայացվում են որպես վերացական բարոյական հարցեր՝ առանձնացված այսօրվա հրատապ անվտանգային մարտահրավերներից, Թերիոն մերժում է այս տարանջատումը: Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս խոցելիությունը հասկանալու համար անհրաժեշտ է անդրադառնալ ցեղասպանության՝ մինչ օրս չլուծված կոնկրետ նյութական եւ ժողովրդագրական հետեւանքներին։ Վկայակոչելով հանգուցյալ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի տարիներ առաջ ներկայացրած ժողովրդագրական կանխատեսումը՝ Թերիոն նշեց, որ եթե Հայաստանի Առաջին Հանրապետությանը (1918-1920) հնարավորություն տրվեր գոյատեւել եւ բնականոն զարգանալ, ապա բնական ժողովրդագրական աճի պայմաններում Հայաստանի բնակչությունն այսօր կկազմեր մոտ 25 միլիոն։

 

«Այդ դեպքում ի՞նչ կնշանակեր դա»,– հարցրեց Թերիոն։ 

 

«Դա կնշանակեր, որ ամեն անգամ, երբ հարեւան երկրի հետ լարվածություն առաջանար, դուք գոյաբանական ճգնաժամ չէիք ապրի, մշտապես սպառնալիքի տակ չէիք լինի»։ Նա Հայաստանի ծայրահեղ խոցելի իրականությունը հակադրեց այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են Գերմանիան կամ Ֆրանսիան, որոնք թեեւ պատերազմական տարիներին մեծ ավերածություններ են կրել, այնուամենայնիվ պահպանել են իրենց երկարատեւ գոյությունն ապահովելու համար անհրաժեշտ ժողովրդագրական եւ նյութական ռեսուրսները։ Նա օրինակ բերեց նաեւ Թուրքիան, որի ժամանակակից տնտեսությունը հիմնականում կառուցվել է հայկական, հունական եւ ասորական բռնագրավված ունեցվածքի վրա։ Հայաստանի համար պատմական չշտկված անարդարությունը միայն հուզական հիշողության հարց չէ. այն ներկայիս աշխարհաքաղաքական անհավասարակշռության կառուցվածքային արմատը։

 

Ընդունելով, որ այսօր որոշ հայերի գոյատեւման բնազդը նրանց դրդում է մի կողմ դնել պատմական պահանջները՝ հանուն անմիջական ռեալպոլիտիկի, Թերիոն միեւնույն ժամանակ հստակ տարանջատում կատարեց. «Դուք կարող եք տեղեկացված որոշում կայացնել այն քաղաքականության վերաբերյալ, որը պատրաստվում եք վարել։ Սակայն դա նույնը չէ, ինչ ճնշել ձեր հիմնարար ինքնության կամ ձեր պատմության հիմնարար մասերից մեկը»։

 

Ինչպե՞ս կարող է փոքր պետությունն իրականում ինքնուրույն գործել ասիմետրիկ ուժային հարաբերությունների պայմաններում։ Թերիոն վիճարկեց գերիշխանության վրա հիմնված իշխանության ավանդական ընկալումը։ Նրա խոսքով՝ փոքր պետությունները գոյատեւում են ոչ թե կայսրություններին ուժով հաղթելով, այլ շրջանցելով նրանց մարտավարական ճկունության շնորհիվ։ Հիմնվելով մայրցամաքային փիլիսոփայության վրա՝ նա պաշտպանեց ազգային ռազմավարության «ռիզոմատիկ» մոտեցումը՝ այն համեմատելով բույսերի արմատային համակարգերի հետ, որոնք հողի տակ տարածվում են հորիզոնական ուղղությամբ եւ հետո կրկին աճում են, նույնիսկ այն բանից հետո, երբ դրանք կտրում ես։ «Պատկերացրեք հունական դիցաբանության Հիդրային», – ասաց Թերիոն։ «Կտրում եք մեկ գլուխը, եւ դրա փոխարեն աճում են երեքը։ Ահա թե ինչպիսի քաղաքականություն է պետք, երբ մի գաղափարը չի աշխատում, դուք ունեք եւս հինգը, որոնք կարող եք փորձել, եւ երբեք չեք հանձնվում»։

Լուսանկարը` REUTERS

Այս հայեցակարգը կիրառելով Բաքվի եւ Անկարայի կողմից Հայաստանի Սահմանադրությունը փոխելու ենթադրյալ պահանջների շուրջ ընթացող ներկայիս քննարկումների համատեքստում՝ Թերիոն կոչ արեց դիվանագիտությունը դիտարկել ոչ թե ռեակտիվ վախի, այլ հաշվարկված լծակների կիրառման տեսանկյունից։ 

 

Զգուշացնելով արտաքին ճնշման ներքո հիմնարար սկզբունքների շուրջ փոխզիջումների չգնալու մասին՝ նա պնդեց, որ հմուտ պետությունը պետք է պահպանել ռազմավարական տարբերակների լայն շրջանակ՝ օգտագործելով իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, հատկապես միջազգային իրավական մեխանիզմները, որպես բանակցություններից առաջ ազդեցություն ապահովող խաղաքարտեր։ Նրա համոզմամբ՝ նման ճկունությունը պահանջում է հիմնովին վերաիմաստավորել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ հարաբերությունները։ Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ Սառը պատերազմից ժառանգված կոշտ տարանջատումն արդեն հնացած է, եւ իր տեղը զիջել է ճկուն, տրանսազգային ցանցերին։ Ուստի, Սփյուռքի՝ պատմական արդարության շուրջ անզիջում պահանջները պետական մակարդակի դիվանագիտության խոչընդոտ դիտարկելու փոխարեն՝ Երեւանը կարող է ռազմավարական առումով օգտագործել հենց այդ անզիջողականությունը։

 

Թերիոյի ելույթը ժամանակին հիշեցրեց, որ Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական իրականության մեջ կողմնորոշվելու համար բավարար չէ միայն ռեակտիվ գոյատեւման տրամաբանությունը։ Անհրաժեշտ է ձեւավորել դիմակայուն, մասնակցային քաղաքական մշակույթ, որն ունակ է պահպանելու ներքին տարաձայնությունները առանց պառակտվելու, ինչպես նաեւ գիտակցել, որ տեւական պատմական արդարությունը եւ ժամանակակից պետական ինքնիշխանությունը ոչ թե մրցակցող, այլ խորապես փոխկապակցված իդեալներ են։

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *