Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը

Written by

in

«Ադրբեջանն ընդլայնում է անցյալ տարվա վերջից Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը, ինչպես նաև արագ տեմպերով շարունակում է ազատագրված տարածքների վերականգնումը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Էստոնիայի իր գործընկեր Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Բայրամովը  նշել է, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան և Հայաստանից բեռների տարանցման սահմանափակումները։ «Անցյալ տարվա վերջից Ադրբեջանը Հայաստան է մատակարարում մի շարք ապրանքներ, այդ թվում՝ նավթամթերք։

Մատակարարվող ապրանքների ցանկն ընդլայնվում է»,- ասել է նա։

Արտաքին գործերի նախարարները քննարկել են երկաթուղային գծի շինարարական աշխատանքներն ու այդ հարցի շուրջ բանակցությունների ընթացքը։

Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի և Հայաստանի պետական մարմինների միջև հաճախակիացած շփումներին, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների երկխոսությանը։ Առանձին քննարկվել է «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը։

Բայրամովը ներկայացրել է Հայաստանում ընդունված որոշումները և հայտնել, որ տեղում աշխատանքներն արդեն սկսվել են։

Բացի այդ, Բայրամովի խոսքով՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի նոր Սահմանադրության հարցին։ Կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ու դրա հետևանքները տարածաշրջանի համար։

Բայրամովի խոսքով՝ շարունակվող հակամարտությունը լուրջ մտահոգություն է առաջացնում Ադրբեջանի, Էստոնիայի և այլ երկրների շրջանում։

 

© factor.am

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *