«Փաստ» օրաթերթը գրում է.
mk.ru–ն «Եվրոպացի քաղաքական գործիչները մտահոգված են Հայաստանում քաղաքական հետապնդումների պատճառով» վերնագրով հոդվածում գրում է, որ ԵԽԽՎ-ի «Եվրոպացի պահպանողականներ, հայրենասերներ և դաշնակիցներ» քաղաքական խումբը, որը միավորում է 107 անդամ, հայտարարություն է տարածել, որում խորը մտահոգություն է հայտնել Հայաստանում քաղաքական հետապնդումների իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության պատճառը «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորումն է:
Սոցիալական ցանցերում տարածված իրենց հայտարարության մեջ եվրոպացի պահպանողականները ընդգծել են, որ իրենք ուղղակիորեն կապում են Կարապետյանի ձերբակալությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նրա ընդդիմադիր դիրքորոշման հետ: Ավելին, խորհրդարանականները նշել են, որ երկրում միաժամանակ ձերբակալված են ընդդիմության երեք առաջնորդներ, և դա որակել են որպես ընտրողական քաղաքական հետապնդում: Այդ առումով էլ քաղաքական խումբը կոչ է արել Հայաստանի իշխանություններին խստորեն պահպանել օրենքի գերակայությունը: Եվրոպացի պահպանողականների հայտարարությունը արձագանք է մի շարք աղմկահարույց ձերբակալություններին, որոնք ընդդիմությունը համարում է այլախոհության վրա ճնշման գործիք:
Այս պահին Հայաստանում կալանքի տակ են գտնվում մի քանի հայտնի ընդդիմադիր գործիչներ: Սամվել Կարապետյանից բացի, կալանավորված են նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ և երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը: Այս բոլոր ընդդիմադիր գործիչների քաղաքական գործընկերները պնդում են, որ նրանց դեմ հարուցված քրեական գործերը քաղաքական դրդապատճառներ ունեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Leave a Reply